• Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն

Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ

Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել: Ժամանակին օգտագործվում էր «էրոզիա» տերմինը, որը գործածությունից դուրս է եկել, բժշկական մոտեցումներն ներկայում այլ են:

Նույնիսկ կոլպոսկոպիայի ժամանակ` խոշորացույցով նայելիս, այդ օջախները չեն երևում, քանի դեռ համապատասխան քիմիական նյութերով արգանդի վզիկը մշակված չէ: Այսինքն, պացիենտին միայն գինեկոլոգիական աթոռի վրա անզեն աչքով զննելը և ասելը, որ նա ունի նախաքաղցկեղ` «էրոզիա», հիմնավորված չէ:

–   Ինչպե՞ս է ախտորոշվում դիսպլազիան:

–   Նախ, կատարվում է բջջաբանական՝ ՊԱՊ (Պապանիկոլաու) քսուկի հետազոտություն: Եթե փոփոխություններ են հայտնաբերվում, կատարվում է կոլպոսկոպիկ հետազոտություն (զննում հատուկ խոշորացույցի` լուպաների միջոցով), որի ժամանակ արգանդի վզիկը մշակվում է համապատասխան նյութերով, որպեսզի տեսանելի դառնան փոփոխված (նախաքաղցկեղային) օջախները: Որոշակի դեպքերում հիվանդին ի սկզբանե կարող է առաջարկվել կոլպոսկոպիկ հետազոտություն բժշկական ցուցումից ելնելով:

Իրականացվում է նաև պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով կատարվող հետազոտություն, հաստատելու համար պապիլոմավիրուսի առկայությունը և՛ կնոջ, և՛ ամուսնու մոտ:

Եթե վերջինս հայտնաբերվում է ամուսիններից որևէ մեկի մոտ, դա նույնպես ցուցում է կոլպոսկոպիկ հետազոտության:

Կոլպոսկոպիայի ժամանակ, արգանդի վզիկից զատ, ուսումնասիրվում է նաև արտաքին սեռական օրգանների վիճակը (վուլվոսկոպիա), հեշտոցի պատերը, որովհետև վիրուսի որոշ շտամներ կարող են դառնալ նախաքաղցկեղի առաջացման պատճառ այդ հատվածներում:

Այդ շտամները հանդիպում են նաև հետանցքի շրջանում՝ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցողների մոտ:  

Նախկինում նախաքաղցկեղի երկրորդ և երրորդ աստիճանի դեպքում օջախից վերցվում էր բիոպտատ (հյուսվածքի կտոր)` լաբորատոր պայմաններում դիսպլազիան հյուսվածքաբանորեն ախտորոշելու նպատակով:

–   Որո՞նք են արգանդի վզիկի դիսպլազիայի արտահայտման աստիճանները և ինչո՞վ են միմյանցից տարբերվում:

–   Տարբերում ենք արգանդի վզիկի դիսպլազիայի 3 աստիճան: Առաջին աստիճանի դեպքում  80-90 տոկոս դեպքերում,  դիսպլազիան կարող է ինքնուրույն  հետ զարգանալ, սահմանվում է հսկողություն և կրկնկի այց 2 ամիս անց: Երկրորդ և երրորդ աստիճանների դեպքերում այդ օջախները ենթակա են հեռացման:

Նույն կերպ պետք է վերաբերվել նաև առաջին աստիճանի դեպքում, երբ կինը պլանավորում է հղիություն:

–   Որո՞նք են դիսպլազիայի պատճառները:

–   Դիսպլազիաների պատճառը մարդու պապիլոմա վիրուսի 16 և 18 շտամներն են, որոնք ախտահարում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով: Տղամարդկանց մոտ չկան ապացուցված տվյալներ, որ այդ վիրուսը քաղցկեղային հիվանդություն է առաջացնում: Դա դեռևս հետազոտման փուլում է:

Կանանց մոտ, ապացուցված է, որ այն առաջացնում է արգանդի վզիկի նախաքաղցկեղ,  և բուժման բացակայության դեպքում 5-15 տարվա ընթացքում  կարող է զարգանալ արգանդի վզիկի քաղցկեղ:

Գանգատների բացակայության դեպքում, յուրաքանչյուր 3 տարին մեկ անհրաժեշտ է կատարել արգանդի վզիկի քաղցկեղի ախտոտոշիչ հետազոտությունները:

–   Կա՞ խոցելի տարիք և ովքե՞ր են ռիսկի խմբում:

–   Խոցելի տարիքը սեռահասուն ժամանակաշրջանն է:

Ռիսկի խումբում են նրանք, ովքեր վարակված են պապիլոմավիրուսով: Պապիլոմավիրուսը համարվում է ամենահաճախակի փոխանցվող սեռավարակը:

Ռիսկի խմբում են այն կանայք, որոնք ունեն բազմաթիվ սեռական զուգընկերներ, ծխող կանայք, որովհետև նիկոտինի կիսաայրված արգասիքները բացասական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա ու նպաստող գործոն են:

–   Ինչպե՞ս է բուժվում արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Պապիլոմա վիրուսային վարակը բուժում չունի: Անգլալեզու ուղեցույցներում չկա որևէ ապացուցված տվյալ, որ ստեղծված է հակավիրուսային պատրաստուկ:

Իրականում վիրուսը բուժել պետք էլ չի, քանի որ մի քանի ամսվա ընթացքում վիրուսն ինքնուրույն օրգանիզմից հեռանում է: Բայց միշտ նորից վարակվելու վտանգը կա, եթե կինն ապրում է սեռական կյանքով:

Եթե կոլպոսկոպիստի որակավորումը և փորձառությունը թույլ են տալիս, նա չի սխալվի դիսպլազիայի աստիճանի ախտորոշման հարցում: Ներկայումս բիոպսիայի փոխարեն կատարվում է ԼԻՓ (LEEP) միջամտություն` կոլպոսկոպի հսկողությամբ:

Այս միջամտությունը մի շարք առավելություններ ունի` համեմատած մեզ մոտ մեծ տարածում ստացած կոնիզացիայի: ԼԻՓ միջամտությունը կատարվում է խոշորացույցի տակ, ինչը հնարավորություն է տալիս հեռացնել միայն ախտահարված օջախը՝ սահմաններից մի փոքր լայն, առողջ եզրերով: Այս դեպքում չի վնասվում արգանդի վզիկի խողովակը: Միջամտությունը հնարավոր է իրականացնել տեղային անզգայացմամբ, և կինը նույն օրը դուրս է գրվում, ընդ որում, թեթև է նաև ֆինանսական բեռը:

Կոնիզացիայի ժամանակ արգանդի վզիկը հեռացվում է կոնուսի նման, այսինքն, հեռացվում է ամբողջ արգանդի վզիկի խողովակը և արտաքին առողջ հյուսվածքի լայն շրջանակ: Ստացվում է, որ հեռացվում է վզիկի 90% առողջ հյուսվածք՝ 10% ախտահարված դիսպլազիայի հեռացման համար: Միջամտությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, վիրահատարանում` նախապես մի շարք հետազոտություններ իրականացնելուց հետո:

Ավելին, հեռացնելով այդ կոնուսը, վնասում ենք արգանդի վզիկի մկանային շերտերը, որտեղ դիսպլազիա չկա: Դրա հետևանքով տուժում է արգանդի վզիկի կծկողականությունը, նեղանում է արգանդի վզիկի խողովակը, հետագա դաշտանային ցիկլերը ընթանում են ցավոտ` արյունը արգանդի խոռոչում կուտակվելու հետևանքով, իսկ ինքնուրույն հղիանալու և ծննդաբերելու հարցը դրվում է մեծ հարցականի տակ: Հղիանալիս չի թույլատրվի ինքնուրույն ծննդաբերել, քանի որ բացակայելու է արգանդի վզիկի մկանային շերտը: Նման դեպքերում ցուցվում է կեսարյան հատում:

Կոնիզացիայի միջամտությունը խիստ սահմանափակ ցուցումներ ունի: Դրանք այն դեպքերն են, երբ առկա են երրորդ աստիճանի դիսպլազիա/ քաղցկեղային ձևավորված բջիջներ՝ In situ քաղցկեղ:  

–   Ինչպե՞ս կանխարգելել արգանդի վզիկի դիսպլազիան

Ներկայում կանանց շրջանում իրականացվում է վակցինացիա, ըստ «Գարդասիլ 4» ուղեցույցների, թույլատրելի տարիքը 9-26 տարեկանն է: Մինչև սեռական կյանքի սկիզբը վակցինացվելու դեպքում արդյունավետությունն շատ ավելի բարձր է:

Սակայն վակցինացված լինելը չի ազատում սկրինինգային ծրագրերից, այսինքն, սեռական կյանքով ապրող և՛ վակցինացված, և՛ չվակցինացված կանայք պետք է պարբերաբար հետազոտվեն:

 

29 հուլիսի 2019