Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան

Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան

«Նաիրի» ԲԿ-ում ներկայում կատարվում է նաև երկշերտ  (dual-plane) էնդոսկոպիկ մամոպլաստիկա (կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն)։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ պլաստիկ վերականգնողական  և էսթետիկ վիրաբուժության ծառայության պլաստիկ վիրաբույժ Աննա Մովսեսի Սարգսյանը։

Ըստ մասնագետի, երկշերտ պլաստիկ վիրահատությունն ունի մի շարք առավելություններ և՛ բժիշկների, և՛ պացիենտների համար։

«Երկշերտ մամոպլաստիկան ամբողջ աշխարհում ունի մեծ պահանջարկ, նաև` արդեն Հայաստանում։ Վերջին շրջանում մեր կենտրոն են դիմում պացիենտներ, ովքեր ցանկանում են իրականացնել հենց այս վիրահատության տեսակը։ Նրանց գոհացնում են արդյունքները, և պացիենտները հեռանում են շնորհակալական խոսքերով, ինչն ուրախալի է»։

Ա. Սարգսյանի խոսքով՝ երկշերտ մամոպլաստիկան թույլ է տալիս նաև խուսափել հետվիրահատական բարդություններից։

«Նախկինում մենք ստիպված էինք իմպլանտացիայի ժամանակ օգտագործել մեկ հարթակ, այսինքն, իմպլանտը տեղադրվում էր կամ մկանի, կամ գեղձի տակ։ Եթե պացիենտը ցանկանում էր մեծացնել կրծքագեղձերը, իսկ նրա մոտ գեղձային հյուսվածքն անբավարար էր, իմպլանտը տեղադրվում էր մկանի տակ, ինչը մեծ սահմանափակումներ էր առաջացնում: Իմպլանտները, հրելով մկանը, բարձրանում էին դեպի վեր և կրծքին տալիս անբնական` գնդականման տեսք, ինչը էսթետիկ տեսակետից գեղեցիկ չէր»։

«Dual-plane» կամ երկշերտ վիրահատությունը կատարվում է հատուկ եղանակով, որը թույլ է տալիս իմպլանտի մի մասը տեղավորել գեղձի, մյուս մասը՝ մկանի տակ։ Արդյունքում գեղձն ընդունում է շատ բնական և գեղեցիկ տեսք՝ կաթիլանման կուրծք, որն էլ ձգտում են ունենալ կանայք»։

Խոսելով վիրահատական գործընթացից, մասնագետը նշում է. «Երկու կրծքագեղձի միաժամանակյա վիրահատական գործընթացը տևում է 1,5-2 ժամ։ Հետվիրահատական շրջանն ընթանում է անհամեմատ թեթև, նվազագույն ցավերով, քանի որ մկանը զերծ է մնում լարվածությունից` ի տարբերություն ենթագեղձային և ենթամկանային տեղադրման եղանակով կատարած վիրահատությանը։ Այս դեպքում արդեն դրենաժի անհրաժեշտություն չի լինում, քանի որ իմպլանտի մի մասը գտնվում է մկանի տակ, և այն իր վրա է վերցնում դրենավորումը։ Չեն առաջանում նաև արյունազեղումներ»։

Բժշկուհի Աննա Սարգսյանը հարկ համարեց նաև նշել, որ երկշերտ մամոպլաստիկան կատարվում է ֆիբրօպտիկ հսկողության տակ։

«Բժիշկը հնարավորություն ունի էկրանի վրա տեսնել վիրահատության ընթացքը,  ինչպես դա տեղի է ունենում լապարոսկոպիկ վիրահատությունների ժամանակ։ Վիրաբույժին տեսանելի են մաշկի շերտերը, իմպլանտների դիրքերը, ուստի անճշտության հավանականությունը գրեթե 0 է։ Ավելին, որևէ անոթից արյունահոսության դեպքում կա հնարավորություն այն անմիջապես կոագուլյացիայի ենթարկելու»։

Մասնագետը խորհուրդ չի տալիս տեղադրել ցածրարժեք իմպլանտներ։

«Ինչպես գիտեք, իմպլանտների տարբեր տեսակներ գոյություն ունեն։ Անշուշտ, բրենդային իմպլանտները թանկ արժեն, սակայն ունեն առավելություններ.  տեղադրման ժամկետը ցմահ է, պացիենտը ստանում է տվյալ իմպլանտի, այսպես կոչված, անձնագիրը, որտեղ լրացվում է իմպլանտի հաշվառման համարը, այլ կերպ ասած` տրվում է իմպլանտի երաշխիք։ Այն միջազգային է, այսինքն, անձը գտնվելով Հայաստանից դուրս, ցանկացած երկրում կարող է պահանջել իմպլանտի փոխարինում։

Նման առավելություններ, ցավոք, չունեն ցածրարժեք իմպլանտները, անձնագիր չի տրվում, պիտանելիության ժամկետը 5-10 տարի է, որից հետո կարող է փոխարինելու կարիք լինել, չի բացառվում գելի արտահոսք, ինչը վտանգավոր է կյանքի համար»։

Աննա Սարգսյանը զրույցն ավարտեց` խոսքն ուղղելով այն կանանց, ովքեր պատրաստվում են դիմել նման միջամտության, խորհուրդ տալով առավելություն տալ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատություններին և իմպլանտի ընտրության դեպքում նախապատվություն տալ բարձրակարգ արտադրանքին:
 

20 օգոստոսի 2019