• Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ

Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար

Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար

Բժիշկներն  անընդհատ  կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է ախտաբանություն, որը բժշկության մեջ կոչվում է հիպերսոմնիա։

Որքա՞ն պետք է քնի մարդը

Քնի նորման անհատական հասկացություն է։ Մեկի համար կարող է բավարար լինել 6 ժամը՝ հաջորդ օրը առույգ զգալու համար, իսկ մյուսին առնվազն 8 ժամ գիշերային քուն է անհրաժեշտ։ Օրգանիզմին անհրաժեշտ քնի ժամանակը կախված է նաև տարիքից. ամենաերկար պետք է երեխաները քնեն, իսկ տարեցներին ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ քնելու համար, քան` երիտասարդներին։

Գոյություն ունեն որոշ միջինացված ցուցանիշներ, որոնք ընդունված է նորմա համարել.

  • մինչև  5 տարեկան երեխաները՝ 13–15 ժամ,
  • 5–12 տարեկան երեխաները՝ 10–13 ժամ,
  • մինչև 18 տարեկանը՝ 8,5–10 ժամ,
  • մինչև  45 տարեկանը՝  7–8,5 ժամ,
  • 45 տարեկանից հետո՝ 6–8 ժամ։

Եթե մարդը գիշերը երկար է քնում, ավելին՝ դրանից հետո ցերեկը ցանկանում է նորից քնել, ապա դա վկայում է հիպերսոմնիայի մասին։

Երկար քնի պատճառները

Ինչու՞ է անընդհատ քնելու ցանկություն առաջանում։ Եվ ինչու՞ երկարատև քունը հանգիստ չի բերում։ Այս երևույթի պատճառները կարող են լինել հոգեֆիզիոլոգիական կամ ախտաբանական։

Առաջին դեպքում երկար քուն կարող են առաջացնել.

  • ուժեղ և երկարատև ֆիզիկական ու մտավոր գերհոգնածությունը,
  • մշտապես քնի պակասը,
  • ծանր ապրումները, հոգեկան և ֆիզիկական վնասվածքները։

Այսպիսի հիպերսոմնիա կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ։ Այն ինքնուրույն անցնում է, երբ դադարում են գործել առաջացնող պատճառները։

Ախտաբանական երկարատև գիշերային քունը խոսում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների խանգարման մասին, ինչպիսիք են.

  • քնի և արթմնի վիճակի ռիթմերի կարգավորման խանգարումը, որի համար պատասխանատու է կենտրոնական նյարդային համակարգը,
  • խնդիրներ՝ կապված սրտի և անոթների հետ,
  • քնի ախտաբանություն, օրինակ, ապնոե՝ քնի ժամանակ շնչառության դադար,
  • էնդոկրին ախտաբանություններ,
  • հոգեկան խանգարումներ,
  • որոշ դեղորայքի կողմնակի ազդեցություն։

Երկարատև գիշերային քունը կարող է ունենալ նաև հոգեբանական պատճառներ։ Այսպես, որոշ մարդիկ ապրումների, հուզական ցնցումների ժամանակ սկսում են շատ ուտել, իսկ որոշներն սկսում են երկար քնել՝ կտրվելով իրականությունից։

Երբ երկարատև քնի պատճառը չի հաջողվում հայտնաբերել, խոսում են իդիոպաթիկ հիպերսոմնիայի մասին։

Ինչպե՞ս է դրսևորվում իդիոպաթիկ հիպերսոմնիան

Այս ախտաբանությունը պատկանում է նյարդաբանական խանգարումներին։ Նման դեպքերում, նույնիսկ երկարատև քնից հետո, մարդը հանգստացած չի արթնանում։ Նա դժվարությամբ է արթնանում և իրեն կոտրված ու թույլ է զգում, մշտապես ուզում է քնել։

Երբեմն հիպերսոմնիայով տառապող մարդը կարող է հանկարծակի քնել ցերեկը, և դա կարող է լինել ցանկացած տեղ, այդ թվում` ղեկին, ինչը չափազանց վտանգավոր է։

Հիպերսոմնիայի մյուս նշաններն են.

  • գլխացավեր, միգրեն,
  • մշտական ապաթիա,
  • թուլություն և արգելակված վիճակ` ամբողջ օրվա ընթացքում,
  • դեպրեսիա,
  • տեսողության խանգարում,
  • ցնցումներ։

Երկարատև քունը, որից հետո հանգստի զգացողություններ չկան, նորմալ չէ։ Այն կամ մարմնական, կամ հոգեկան հիվանդության դրսևորում է, կամ` գերհոգնածության, անքնության, հոգեբանական խնդիրների նկատմամբ օրգանիզմի ռեակցիան է, կամ` իդիոպաթիկ հիպերսոմնիա է։ Առաջին երկու դեպքերում օրգանիզմը պաշտպանվում է բացասական ազդեցությունից։

Իդիոպաթիկ հիպերսոմնիան ինքնուրույն ախտաբանություն է, որը դժվար է ախտորոշել և ավելի դժվար է բուժել։

Որպես կանոն, այն առաջանում է դեռևս դեռահասի մոտ և ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։ Սրան բնորոշ է պարբերականությունը՝ վիճակի վատթարացումը փոխարինվում է բարելավմամբ։

Ներկայում կիրառվում են տարբեր դեղեր, որոնք ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա, սակայն դրանք կարող է միայն բժիշկը նշանակել։

 

 

 

 

7 փետրվարի 2020