Главная / Новости / Հևոց. արդյո՞ք պետք է անհանգստանալ

Новости

Հևոց. արդյո՞ք պետք է անհանգստանալ

14 Январь 2020 | Новости

Շնչառությունը նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց է։ Առողջ մարդն այն երբեք չի նկատում։ Սակայն, երբ արտաշնչման և ներշնչման հետ դժվարություններ են առաջանում, այն անմիջապես ուշադրություն է գրավում։

Օդի հանկարծակի առաջացած անբավարարությանն, առաջին հերթին, գլխուղեղն է արձագանքում։ Այն անմիջապես հրաման է տալիս «հաճախացնել շնչառությունը»։ Այս գործընթացները մարդը ոչ մի կերպ չի կարող վերահսկել։ Հաճախանում է շնչառությունը, երկարում է ներշնչումը և արտաշնչումը, պացիենտն սկսում է գիտակցել, որ իրեն օդը չի բավականացնում։ Հենց այս վիճակն էլ բժիշկները հևոց են անվանում (այլ կերպ կոչում են նաև դիսպնոէ)։

Հևոցը սուբյեկտիվ ռեակցիա է, առաջին հերթին կախված է մարդու հոգեկան վիճակից։ Որոշ հիվանդներ, ունենալով «պողպատե նյարդեր», կարող են չնկատել շնչառության հետ կապված աննշան անհարմարավետությունը։ Այս մարդկանց մոտ հնարավոր է բաց թողնել լուրջ ախտաբանությունների զարգացումը։ Իսկ մարդկանց մյուս մասը՝ զգայուն հոգեկան աշխարհով, կարող են նույնիսկ սովորական շնչառությունը խանգարման տեղ ընդունել։

Ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա

Հևոցը միշտ չէ, որ ախտաբանական ատանիշ է։ Այդ պատճառով ի սկզբանե պետք է վերլուծել մեխանիզմները, որոնք բերում են այդ տհաճ ախտանիշի զարգացմանը։

Եթե հևոցն առաջանում է քայլելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ապա հևոցի պատճառը ֆիզիոլոգիական է։

Բավականին բարդ են այն իրավիճակները, երբ շնչառության դժվարացումն առաջանում է հանգստի վիճակում. դա ախտաբանական երևույթ է, որի պարագայում անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն և համապատասխան բուժում նշանակել։

Հևոցի պատճառները

Շնչառության խնդիրները կարող են զարգանալ սխալ կենսակերպի ֆոնին։ Երբեմն հևոցի պատճառները հիվանդություններն են։

Դիսպնոէի պատճառները հստակ նշելու համար անհրաժեշտ է հետազոտվել։ Միայն ախտաբանության բացակայության մեջ համոզվելուց հետո կարելի է պատճառը համարել կենսակերպի խախտումը։

Ֆիզիոլոգիական պատճառները

Շնչառության հաճախացումը կարող է ծագել հետևյալ գործոնների ֆոնին.

  • ֆիզիկական ակտիվությունը,
  • շինության ներսում` տոթը, որին օրգանիզմն արձագանքում է հաճախացած շնչառությամբ, գլխացավերով, երբեմն էլ ուշաթափություններով,
  • չափազանց ծխելը։

Ախտաբանական պատճառները
Հևոցի պարբերաբար առաջանալը հաճախ ազդարարում է օրգանիզմում հիվանդությունների զարգացման մասին։ Հատկապես, եթե կարիք է լինում խորը ներշնչել առանց նպաստող գործոնների առկայության (առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության)։

Հանկարծակի առաջացած արտահայտված հևոցի դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։ Այս ախտանիշը կարող է վկայել ինֆարկտի, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, Կվինկեի այտուցի, սուր թունավորման կամ շնչահեղձության մասին։

Շնչական համակարգի 7 ախտաբանությունները

Թոքերի և բրոնխների հիվանդությունները հաճախ ուղեկցվում են հևոցով։ Ընդ որում, տհաճ ախտանիշը կարող է պացիենտին տանջել ամիսներ, տարիներ։

Հաճախ բժիշկներն ախտորոշում են հևոցի հետևյալ պատճառները.

  1. ԹՕՔՀ (թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդություններ)։ Ախտաբանության համար բնորոշ է շնչական ուղիների լուսանցքի աստիճանական նեղացումը և խորխի կուտակումը։ Հիվանդը հանգիստ ներշնչում է օդը, սակայն արտաշնչելիս դժվարանում է, առաջանում է բնորոշ աղմուկ, երբեմն՝ խորխով հազ։ Դեղորայքային ինհալատորների կիրառումը հնարավորություն է տալիս վերացնել նոպան։
  2. Շնչական անբավարարություն։ Այս ախտաբանությունը հաճախ զարգանում է ԹՕՔՀ-ի ֆոնին։ Հիվանդության ժամանակ թոքերը չեն կարողանում օրգանիզմն ապահովել անհրաժեշտ թթվածնով և հեռացնել ածխաթթու գազը։
  3. Վարակիչ հիվանդություններ։ Ախտաբանությանը կարող են նպաստել թոքաբորբերի, բրոնխիտների ծանր ձևերը։ Եթե բուժումը ճիշտ է կազմակերպված, տհաճ ախտանիշն անցնում է մի քանի օրից։
  4. Թոքերի նորագոյացություն։ Այս ախտաբանության ժամանակ դիսպնոէն կրում է հարաճող բնույթ։ Որքան շատ է աճում ուռուցքը, այնքան հիվանդի շնչելը դժվարանում է։ Բացի հևոցից հիվանդին կարող է անհանգստացնել հազը, արտահայտված թուլությունը, երբեմն` արյունախխումը։
  5. Թրոմբոէմբոլիա։ Տեղի է ունենում թրոմբով թոքային զարկերակի խցանում։ Դիսպնոէն շատ արագ է զարգանում։ Պացիենտը գանգատվում է ո՛չ միայն օդի պակասից, այլ նաև կրծքավանդակում ցավ է զգում։ Երբեմն ախտաբանությունն ուղեկցվում է արյունախխումով է։
  6. Տոքսիկ այտուց։ Ագրեսիվ նյութերի ներշնչե;ը կամ շնչական օրգանների արտահայտված ինտոքսիկացիան կարող են բերել հևոցի առաջացման։ Հաճախացած շնչառությունը վերածվում է շնչահեղձության։ Արտահայտված ինտոքսիկացիայի դեպքում հևոցը շատ արագ է զարգանում։
  7. Խցանում։ Ախտաբանության հիմքում կարող է լինել օտար մարմնի առկայությունը շնչուղիներում։ Երբեմն շնչուղիների նեղացման կարող են բերել խպիպը, ուռուցքը, սպիները։ Խցանման ժամանակ շնչառությունը դառնում է շատ բարձր, սուլող, տանջում է չոր հազը, զարգանում է շնչահեղձություն։

Սրտի ախտաբանությունները

Հևոցի և չափազանց թուլության պատճառները կարող են լինել սրտաբանական ախտաբանությունները։ Սովորաբար, դրանք առաջանում են անոթներում ճնշման խանգարման ֆոնին։

Եթե հևոցն առաջացել է սրտի ախտահարման հետևանքով, հիվանդը նշում է հետևյալ ախտանիշները.

  • դիսպնոէի արտահայտվածությունն աստիճանաբար աճում է,
  • սկզբում շնչառության հաճախացում առաջանում է ծանրաբեռնվածությունից հետո, հետագայում այն սկսում է անհանգստացնել նույնիսկ հանգիստ վիճակում,
  • սեղմող ցավեր կրծոսկրում (բնորոշ է սրտի իշեմիային),
  • հևոցի ուժեղացում` պառկած վիճակում և ախտանիշների նվազում` նստած վիճակում (դիտվում է սրտային անբավարարության ժամանակ)։

Միոկարդի լուրջ ախտահարումների դեպքում կարող է պարոքսիզմալ հևոց առաջանալ։ Այս ախտաբանությունը կոչվում է սրտային ասթմա։ Սովորաբար, այն առաջանում է գիշերը, ինչը թոքերում հեղուկի կուտակման հետևանք է։ Հևոցն արագ վերածվում է խեղդոցի: այս դեպքում հիվանդին անմիջապես բուժօգնություն է անհրաժեշտ։

Երիտասարդների մոտ հևոցի առաջացման պատճառները հաճախ կապված է նյութափոխանակության խանգարման հետ։ Դիսպնոէ կարող են առաջացնել հետևյալ ախտաբանությունները:

  1. Սակավարյունություն։ Բնորոշ է արյան մեջ հեմոգլոբինի իջեցումը, որն ապահովում է թթվածնի տեղափոխումն օրգանիզմում։ Հեմոգլոբինի նվազումն ուղեկցվում է հիպօքսիայով (թթվածնային քաղցով)։ Առաջացած անբավարարությունը լրացնելու համար մարդն սկսում է խորը և հաճախ շնչել։
  2. Թիրեոտոքսիկոզ։ Սա էնդոկրին հիվանդություն է, որի ժամանակ ուժեղանում է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզը։ Հորմոնների ուժեղացված արտադրությունը բերում է նյութափոխանակության արագացման և սրտամկանի կծկումների հաճախացման։ Այս ռեժիմում սիրտը չի չի կարող արյունը մղել անհրաժեշտ ծավալով, ինչի հետևանքով հիպօքսիա է զարգանում։ Ստիպված հիվանդը սկսում է շնչել խորը և հաճախ։
  3. Շաքարային դիաբետ։ Այս հիվանդության ժամանակ աստիճանաբար վատանում է արյունատար անոթների վիճակը, ինչի արդյունքում ավելի քիչ թթվածին է հասնում օրգաններին: Զարգանում է հիպօքսիա։
  4. Ճարպակալում։ Ավելորդ քաշը սրտի, անոթների, թոքերի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Օրգանները չեն կարող մշտապես գործել այդ ռեժիմով և, աստիճանաբար, զարգանում է թթվածնային քաղց, և, որպես հետևանք, հևոց է առաջանում։

Երբեմն հևոցն առաջանում է նյարդային խանգարումների ֆոնի վրա՝ տարած սթրեսներից, հոգեհուզական ցնցումներից հետո։ Հիմնականում  հոգեծին դիսպնոէից գանգատվում են կասկածամիտ պացիենտները, ովքեր հակված են հիպոխոնդրիային։



Похожие статьи

Подпишитесь на нашу рассылку