Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայություն
Ընդհանուր բնութագիրը
«Նաիրի» ԲԿ Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայությունը հիմնադրվել է 2015 թվականին, որի գործունեության հիմնական ուղղությունը գլխուղեղի և ողնուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտություններն են։ Ծառայության մասնագետները հիմնադրել են Ողնաշարի նվազագույն ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիան (AAMIESS), որը համարվում է ISMISS-ի (Ողնաշարի նվազագույն ինվազիվ վիրաբուժության միջազգային ասոցիացիա) հայաստանյան մասնաճյուղը: Կլինիկան սերտ համագործակցում է ISMISS-ի մի շարք առաջատար մասնագետների հետ` պրոֆեսոր Հ. Լեունի, Վ. Ռադչենկոնի, Բ. Դարուոնոնի, Է. Չեսնուլիսի, Վ. Պարֆյոնովի, Մ. Ստեփանյանի, Յու. Գրիգորյանի, Մ. Շուբերտի և այլոց հետ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Գործունեության հիմնական ուղղությունները
Ծառայության գործունեության հիմնական ուղղությունը ողնուղեղի և ողնաշարի ուռուցքային, վնասվածքային և այլ ախտաբանությունների վիրաբուժությունն է: Կլինիկայի մասնագետներն առաջինն են, որ Հայաստանում իրականացրել են ողի մարմնի վերտեբրոպլաստիկա, միջողային աճառի ճողվածքի էնդոսկոպիկ հեռացում դեռևս 2007 թվականին: Ներկայում իրականացվում են միջազգային պահանջներին համապատասխան նյարդավիրաբուժության ոլորտի բոլոր վիրահատությունները. ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքների բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ, կոտրվածքների և ուռուցքների ժամանակ` տարբեր հատվածների տրանսպեդիկուլյար ֆիքսացիա և վերտեբրոպլաստիկա, ուռուցքների՝ աբլիացիայի եղանակով, այրում և հեռացում:
Կլինիկայում` առաջինը Հայաստանում, շահագործվում է Cosman RF գեներատորը, որը թույլ է տալիս իրականացնել ներքոնշյալ միջամտությունները:
1. Միջողային աճառների փոքր չափի ճողվածքների դեպքում կատարվում է աբլյացիա` համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) հսկողության պայմաններում, տեղային անզգայացմամբ: Հատուկ ասեղը մտցվում է միջողային աճառի մեջ և միացվում գեներատորին, ինչի արդյունքում արտազատվում է ջերմային էներգիա, տեղի է ունենում աճառի կնճռոտում, և ճողվածքը հետ է քաշվում:
2. Ողնաշարի հոդերի բորբոքման հետևանքով (սպոնդիլոարթրոզներ) և արտահայտված մեջքի ցավերի պատճառով ողնաշարում կաշկանդվում է շարժումների ծավալը, առաջանում է մշտական լարվածություն: Այս դեպքում կատարվում է ողնաշարի ախտահարված հոդերի դեներվացիա՝ տեղային ցավազրկման պայմաններում: Հատուկ ասեղները ներդրվում են ախտահարված հոդերի վրա և կատարվում վերջիններիս դեներվացիա, ինչի արդյունքում ցավային համախտանիշը վերանում է:
3. Cosman RF տեխնոլոգիայով իրականացվում է եռորյակ նյարդի նևրալգիայի բուժում` զգացողական ճյուղերի դեներվացիայի միջոցով:
4. Ուռուցքային ախտահարումներով տառապող պացիենտներին, որոնց մոտ ցավային համախտանիշը խիստ արտահայտված է և չի անցնում նույնիսկ թմրաբեր ցավազրկողներ օգտագործելիս, ցավը թեթևացնելու նպատակով առաջարկվում է ՀՏ հսկողությամբ` մաշկանց խորդոտոմիա: Միջամտության էությունը ողնուղեղի վերին պարանոցային մակարդակում (C1-C2) սպինաթալամիկ ուղու զգացողական նյարդաթելերի դեներվացիան է: Արդյունքում մարմնի մի կեսի խորանիստ զգայողությունը նվազում կամ վերանում է, և ուռուցքից առաջացած ցավային գրգիռները չեն փոխանցվում գլխուղեղ, այսպիսով` հիվանդը ձերբազատվում է ցավից: Այլընտրանքային բուժման ձև է ողնուղեղի ստիմուլիացիան, որի ժամանակ տեղադրվում է հատուկ դրդիչ, որը կասեցնում է ցավային գրգիռների փոխանցումը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Կլինիկայում 2016 թվականից իրականացվում են ողնուղեղի ստիմուլիացիոն վիրահատություններ, որոնց արդյունքում ողնուղեղի տարբեր ախտահարումներով տառապող հիվանդներն ապաքինվում են: Այստեղ իրականացվում է նաև գլխուղեղի նորագոյացությունների վիրաբուժություն: Էնդոսկոպիկ նյարդվիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկան միակն է Հայաստանում, որտեղ կատարվում է հիպոֆիզի ուռուցքների էնդոնազալ էնդոսկոպիկ վիրահատություններ, որոնց առավելությունը վիրահատությունների իրականացումն է առանց գանգահատման, և ստացիոնար բուժումը չի գերազանցում 5-6 օրը:
2016թ. կլինիկան համալրվել է STEALTHSTATION նեյրոնավիգացիոն համակարգով և INTEGRA ուլտրաձայնային դեստրուկտորով, որոնք նորույթ են ՀՀ նյարդավիրաբուժության ոլորտում: Այս ռեձքբերման շնորհիվ նվազագույնի են հասցվում ներվիրահատական հնարավոր բարդությունների հավանականությունը:
Կլինիկան սերտ համագործակցում է ՌԴ, Գերմանիայի տարբեր կլինիկաների գործընկերների հետ և, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել համատեղ վիրահատություններ` հրավիրելով նրանց «Նաիրի» ԲԿ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Կլինիկայում իրականացվող հիմնական վիրաբուժական միջամտությունները
Ողնաշարի և ողնուղեղի ախտահարումների ժամանակ.
- պարանոցային հատվածի միջողային աճառների ճողվածքների էնդոսկոպիկ հեռացում,
- պարանոցային, կրծքային և գոտկային հատվածների միջողային աճառների մեծ չափի ճողվածքների դեպքում բաց վիրահատություն` առաջնային կամ հետին մուտքով, հետագա իմպլանտավորմամբ,
- ողնաշարի պարանոցային, կրծքային և գոտկային հատվածների ուռուցքային կամ վնասվածքային ախտահարումների ժամանակ` ֆիքսացիոն վիրահատություններ,
- ողնաշարի պարանոցային, կրծքային և գոտկային հատվածների բնածին, վնասվածքային կամ ուռուցքային ախտահարումների ժամանակ մաշկանց վերտեբրոպլաստիկա` ոսկրային ցեմենտով,
- ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողային աճառի ճողվածքների էնդոսկոպիկ հեռացում,
- ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողային աճառների փոքր չափի ճողվածքների դեպքում` վերջիններիս այրում Cosman RF տեխնոլոգիայով (աբլացիա), ՀՏ հսկողության պայմաններում,
- մեջքի ցավերի դեպքում (սպոնդիլոարթրոզ) միջային նյարդի դեներվացիա` Cosman RF տեխնոլոգիայով,
- կայուն մշտական ցավային համախտանիշով տառապող պացիենտների ողնաշարի ստիմուլիացիա (spine stimulation),
![]() |
![]() |
![]() |
![]() |
Գլխուղեղի ախտահարումների ժամանակ.
- գլխուղեղի նորագոյացությունների հեռացում` նեյրոնավիգացիայի և ուլտրաձայնային դեստրուկտորի օգնությամբ,
- հիպոֆիզի ադենոմայի էնդոսկոպիկ հեռացում` տրանսնազալ մուտքով,
- գանգուղեղային վնասվածքների և հեմոռագիկ կաթվածների վիրահատական բուժում,
- դեղորայքային բուժման չենթարկվող էպիլեպսիայի վիրահատական բուժում,
- գլխուղեղի տարբեր ախտահարումների դեպքում` նեյրոնավիգացիոն հսկողությամբ բիոփսիա:
Նորարար տեխնոլոգիաներ եւ մեթոդաբանություն
- COSMAN RF տեխնոլոգիայով տարբեր բնույթի ցավային համախտանիշերի բուժում,
- գլխուղեղի և ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատություններ,
- ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ` տիտանե իմպլանտների և ոսկրային ցեմենտների կիրառմամբ,
- գլխուղեղի բնածին և ուռուցքային ախտահարումների վիրահատական բուժում` STEALTHSTATION նավիգացիոն համակարգի կիրառմամբ,
- գլխուղեղի ուռուցքների ընտրողական հեռացում` ներվիրահատական ուլտրաձայնային դեստրուկտորի օգնությամբ
Նորարարական սարքեր.
- COSMAN RF բարձր հաճախականության էլեկտրառադիոալիքային համակարգ,
- INTEGRA ընկերության արտադրության ուլտրաձայնային դեստրուկտոր,
- MEDTRONIC ընկերության արտադրության STEALTHSTATION նեյրոնավիգացիոն համակարգ:
Բժիշկներ
Նորություններ








