Լուրեր
Ֆունկցիոնալ ռինոսեպտոպլաստիկան անհրաժեշտություն է
18 Սեպտեմբեր 2019 | Լուրեր | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն | Աննա Մովսեսի Սարգսյան
Վերջին տարիներին պլաստիկ վիրաբույժին դիմում են բազմաթիվ պացիենտներ, որոնք ստիպված են իրականացնել քթի կրկնակի վիրահատություն։ Այդ մասին մեզ հետ զրույցում պատմում է «Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայության վիրաբույժ Աննա Սարգսյանը։
«Քթի կրկնակի վիրահատության դիմողները, եթե անգամ արտաքինից ունեն գեղեցիկ քիթ, միևնուն է, այն այլևս չի ծառայում իր հիմնական նպատակին՝ շնչելուն: Ուստի քթի էսթետիկ վիրահատություն կատարած անձինք ստիպված են դիմելու մասնագետի 2-րդ, 3-րդ, 4-րդ անգամներ, որպեսզի վերականգնեն քթի շնչառական ֆունկցիան»,- բացատրում է մասնագետը:
Մասնագետի խոսքով՝ վերջին տարիներին ամբողջ աշխարհում զարգանում է, այսպես կոչված, ֆունկցիոնալ ռինոսեպտոպլաստիկան:
«Այստեղ շեշտը դրվում է ոչ թե քթի արտաքին տեսքի գեղեցկության, այլ նրա ֆունկցիոնալությունը պահպանելու վրա, ինչը պարտադիր է հաշվի առնել քթի վիրահատություններ իրականացնելիս։ Մեր կլինիկայում միաժամանակ կատարվում են քթի ֆունկցիոնալ վերականգնում և էսթետիկ ձևափոխում, որին հասնում ենք տարբեր մեթոդներով (այդ թվում` հատուկ աճառային պատվաստուկների կիրառում)` ապահովելով քթուղիներով օդի անարգել անցումը: Սա է «Նաիրի» ԲԿ-ում իրականացվող քթի վիրահատությունների առանձնահատկությունը»:
Մասնագետը նշում է. «Վիրահատության սկզբնական էտապում, անհրաժեշտության դեպքում, ապահովում ենք հիվանդի քթի միջնապատի ուղղում, կատարում ենք խեցիների հետ կապված վիրահատական միջամտություններ, աճառային պատվաստուկների տեղադրում, հետո միայն կենտրոնանում էսթետիկ տեսքի վրա: Եթե պացիենտը դիմում է մեզ այլ կլինիկայում արդեն վիրահատված, ապա, շնչելու ֆունկցիան ապահովելու համար, առաջնահերթ վերականգնում ենք քթի շնչառական ֆունկցիաները։ Կրկնակի վիրահատության ժամանակ քթի ներսում տեղադրում ենք սեփական աճառներ (կողաճառ կամ ականջից` աճառներ)` առաջնահերթությունը տալով ականջից վերցված աճառներին: Հարկ եմ համարում նշել, որ ներկայում իրականացվող ֆունկցիոնալ ռինոսեպտոպլաստիկան ունի անհամեմատ հեշտ հետվիրահատական ընթացք։
Հետվիրահատական ապաքինման մեջ կան զգալի տարբերություններ: Օրինակ, վերջին տարիներին բամբակե խծուծի փոխարեն կիրառում ենք սիլիկոնային ներդրուկներ` կպումներից խուսափելու համար: Օգտագործում ենք հեմոստատիկ սպունգներ, որոնք նպաստում են արյան մակարդելիության բարձրացմանը։ Արդյունքում, վերականգնողական շրջանը երկու ամսից դարձել է յոթ օր»։
Խոսելով ֆունկիցիոնալ ռինոպլաստիկայի առավելությունների մասին, մասնագետը փաստում է, թե ինչ վտանգներով է հղի ոչ ֆունկցիոնալ ռինոպլաստիկան. «Եթե էսթետիկ վիրահատությունից հետո հիվանդը չի շնչում, նրա մոտ զարգանում են երկրորդային խնդիրներ. շնչառական խանգարումներ, և, որպես հետևանք, երկարատև թթվածնային քաղց, ինչը բերում է օրգան-համկարգերում բազում խնդիրներ, ինչպես նաև` քթահոսություն, ռնգախոսություն, կոկորդում` չորություն, հաճախակի անգինաներ, երբեմն` թոքաբորբ, որոնց պատճառն է քթանցքերում օդի ֆիլտրման բացակայությունը»:
Մասնագետը հորդորում է բոլոր պացիենտներին. վիրահատությունից առաջ ծանոթանալ վիրաբույժի կողմից նախատեսվող գործողություններին, որպեսզի արդյունքում ունենան գեղեցիկ և, իհարկե, «շնչող քիթ»:
Նմանատիպ հոդվածներ
-
-
Վահանաձև գեղձը և հղիությունը
27 Սեպտեմբեր 2021
-
-
-
Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան
20 Օգոստոս 2019
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն