Գլխավոր / Լուրեր / Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ

Լուրեր

Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ

19 Մայիս 2021 | Լուրեր | Անհետաձգելի բժշկական օգնություն | Քրիստինե Հրաչյայի Գալստյան

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս: 

Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը. մեկնաբանում է հոգեթերապևտ Ք.Հ. Գալստյանը

Կյանքում կրած կամ ականատես եղած տրավմատիկ իրավիճակից հետո վախի զգացումները կայուն կերպով մնում են երկար ժամանակ։ Այն կարող է ներառել հուսահատեցնող հիշողությունները, դրանց մասին ուղեղում առկայծող հուշերը («ֆլեշբեքերը»), գիշերային մղձավանջները, քնի խանգարումները, անաշխատունակությունը, հետաքրքրությունների, նպատակների անկումը, կյանքի որակի անկանոն և ցածր լինելը։ 

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները ժամանակակից հոգեթերապիայի դիտակենտրոնում են և հաղթահարելի են բժշկագիտական նորագույն մոտեցումների և մեթոդների շնորհիվ։ Այս խանգարումներին զուգահեռ` այսօր առավել ակտուալ են գեներալիզացված տագնապային խանգարումները, խուճապային գրոհները (Panic atac), խուճապային էպիզոդիկ նոպաները, տագնապային վիճակներն ու խանգարումները, կպչուն-սևեռուն մտքերն ու օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները։

Տարածված հոգեսոմատիկ (հոգեմարմնական) ախտանշաններն են.

  • անհաղթահարելի անհանգստությունը, տագնապը,
  • տրամադրության անկումը,
  • լացկանությունը կամ կոկորդում «լացը խեղդելու» զգացումը,
  • դյուրագրգռությունը,
  • մտածողության տեմպի արագացումը,
  • քնի խանգարումները (դժվար քուն մտնելը, հաճախակի արթնացումները, «հոգնած» արթնանալու զգացումը)
  • ոչինչ չանելու ցանկությունը,
  • վարքային առանձնահատուկ դրսևորումները,
  • հաճախաշնչությունը կամ հևոցը,
  • սրտխփոցը, հաճախասրտությունը,
  • գլխապտույտը,
  • քրտնարտադրությունը,
  • բերանի չորությունը,
  • վերջույթների սառումը,
  • մկանային լարվածությունը,
  • մկանային ցավերը,
  • դողը,
  • սննդի ընդունման դժվարությունը (կոկորդում օտար մարմնի զգացողությունը),
  • սրտխառնոցը,
  • որովայնի ցավերը,
  • հաճախամիզությունը,
  • փորլուծությունը:

Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեթերապևտի, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպել բուժում` ժամանակակից hոգեթերապիայի մոտեցումներով և սկզբունքներով։

Դեղորայքային թերապիային զուգահեռ կամ` առանց դեղորայքի, այսօր կիրառելի են և բարձր արդյունավետություն են ապահովում կոգնիտիվ-վարքաբանական և ռացիոնալ- էմոտիվ թերապևտիկ մոտեցումները։

Հոգեթերապիայում այս ուղղությունների կիրառությունը հիմնվում է անձակենտրոն և Էմպաթիկ (ապրումակցող) մոդելների վրա։ Բացի այդ, թերապևտիկ գործընթացի ժամանակ ապահովվում է անձի սթրեսակայունությունը, մշակվում են ինքնօգնության, ինքնաջակցման անհատական ձևաչափեր։ Սրա շնորհիվ պացիենտի գիտակցական վերաբերմունքն իր ունեցած խնդրին (հիվանդությանը) փոխվում է, ստեղծվում է մոտիվացիոն դաշտ` հետագա բուժական գործընթացում վարքային դիսցիպլինաների կառավարման համար։ Դեղորայքային զուգորդությամբ` օրգանիզմում հետագայում կառավարելի են դառնում նաև կենսաքիմիական էլեմենտների հնարավոր խթանումներն ու հետադարձ ապահովումը։

Առողջությունը սկսվում է հոգեկան առողջությունից և խնամքից։






Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն