Articles
«Ամեն ինչ COVID-19-ի մասին» շարքից. հիվանդության ախտանիշները, կլինիկական դրսևորումները
02 December 2020 | Popular articles | Therapy
COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի կողմից, որը շնչառական ախտածին է: Չինաստանի ժողովրդական հանրապետության Ուհան քաղաքում նոր վիրուսի վարակման դեպքերի մասին տեղեկատվություն առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:
Որո՞նք են COVID-19-ի ախտանիշները:
COVID-19-ի առավել տարածված ախտանիշներն են.
- տենդ,
- չոր հազ,
- հոգնածության զգացում:
Մի շարք հիվանդների մոտ հանդիպող ավելի քիչ տարածված ախտանիշներից են.
- համի կամ հոտի զգացողության բացակայություն,
- քթի փակվածության զգացում,
- կոնյուկտիվիտ,
- ցավ` կոկորդում,
- գլխացավ,
- մկանային ցավեր կամ հոդացավեր,
- մաշկի տարատեսակ ցանավորում,
- սրտխառնոց կամ փսխում,
- լուծ,
- սարսուռ կամ գլխապտույտ:
Որպես կանոն, ախտանիշները թույլ արտահայտված բնույթ են կրում: Որոշ մարդկանց մոտ վարակը դրսևորվում է քողարկված ախտանիշներով կամ` ընդհանրապես բացակայում են:
COVID‑19-ի ծանր ընթացքը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով.
- հևոց,
- ախորժակի կորուստ,
- գիտակցության մթագնում,
- կրծքավանդակում համառ ցավեր կամ սեղմող զգացում,
- մարմնի բարձր ջերմություն (38°C-ից բարձր):
Ավելի քիչ տարածված ախտանիշներից են.
- դյուրագրգռությունը,
- գիտակցության մթագնումը,
- գիտակցական մակարդակի նվազումը (երբեմն ուղեկցվում է ցնցումներով),
- տագնապի զգացումը,
- ընկճվածությունը,
- քնի խանգարումը,
- ավելի ծանր և հազվադեպ նյարդաբանական բարդությունները. կաթված, ուղեղի բորբոքային ախտահարում, դելիրիում, նյարդերի
- ախտահարում:
Ցանկացած տարիքի մարդիկ, ովքեր տենդի կամ հազի հետ նկատում են շնչառության դժվարացում կամ հևոց, կրծքավանդակում` ցավ կամ սեղմոցի զգացում, խոսքի կամ շարժողական խանգարումներ, պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության: Համապատասխան հաստատություն ուղեգրվելու համար, առաջին հերթին, պետք է կապ հաստատել առողջապահական ծառայությունների մատակարարի հետ, դիմել «թեժ գիծ» կամ զանգել բժշկական կազմակերպություն:
Ի՞նչ անել հիվանդության ծանր ընթացքի դեպքում:
Հիմնականում (մոտավորապես 80% դեպքերում) հիվանդությունն ավարտվում է ապաքինմամբ: Այս դեպքում հոսպիտալացման անհրաժեշտությունը բացակայում է: COVID-19-ով հիվանդների գրեթե 20%-ի մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ընթացքով, որի դեպքում անհրաժեշտ է թթվածնաբուժություն, իսկ 5%-ի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացքով, որը պահանջում է բուժում` ինտենսիվ թերապիայի պայմաններում:
Հնարավոր են նաև մահացու բարդություններ, այդ թվում՝ շնչական անբավարարություն, սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, սեպսիս և սեպտիկ շոկ, թրոմբոէմբոլիա կամ պոլիօրգանային անբավարարություն, այդ թվում` սրտի, լյարդի կամ երիկամների ախտահարում:
Հազվադեպ, երեխաների մոտ, վարակից մի քանի շաբաթ անց, կարող է առաջանալ ծանր բորբոքային համախտանիշ:
Ու՞մ է սպառնում հիվանդության ծանր ընթացքը:
Հիվանդության ծանր ընթացքով ռիսկի խմբում են 60 տարեկանն անց, ուղեկցող հիվանդություններով մարդիկ, ինչպիսիք են` բարձր զարկերակային ճնշումը, սրտի և թոքերի հիվանդությունները, դիաբետը, ճարպակալումը կամ ուռուցքային հիվանդությունները:
Այնուամենայնիվ, COVID-19-ով վարակման ռիսկը, ծանր ընթացքը կամ մահացու ելքը վերաբերում է բոլորին և առկա է բոլոր տարիքային խմբերում:
Sign up here for our newsletter