Home / Popular articles / Ի՞նչ է բեզոարը

Articles

Ի՞նչ է բեզոարը

13 February 2020 | Popular articles | Gastroenterologist

Բեզոարը ստամոքսում օտար մարմնի առկայությունն է, որն առաջանում է չմարսված մասնիկների կուտակման արդյունքում (մազեր, բուսաթելեր և այլն)։ Մարդու մոտ բեզոարներ շատ հազվադեպ են հանդիպում և, որպես կանոն, բաղկացած են խտացված բուսական տարրերից։ Դրանք ունեն տարբեր կազմություն` փափուկից մինչև քարի նման կարծր, կլորաձև, շագանակագույնից մինչև կանաչ գույն, տհաճ հոտ և այլն։ Երբեմն հանդիպում է աղիների բեզոար (տասներկումատնյա աղիքում)։

Ռիսկի գործոնները

Բեզոարներ հաճախ առաջանում են այն մարդկանց մոտ, որոնց սննդակարգը պարունակում է մեծ քանակությամբ բուսական ծագման մթերք, առաջին հերթին` ընկուզեղեն, արևածաղկի սերմեր, խաղող, արմավ, թուզ, սալոր, արմավ։

Բուսական ծագման բեզոարների առաջացմանը նպաստում են.

  • սննդի վատ ծամելը,
  • ստամոքսահյութի արտադրության նվազումը,
  • ստամոքսի շարժունակության խանգարումը (ինչի արդյունքում սնունդը մնում է ստամոքսի խոռոչում ),
  • ստամոքսի կանդիդոզը,
  • ստամոքսի վրա կրած վիրահատությունները (ստամոքսի մասնահատում, վագոտոմիա՝ պիլորոպլաստիկայով),
  • ստամոքսահյութի կազմի մեջ մտնող լորձի բարձր մածուցիկությունը։

Ախտանիշները

Դրսևորումը պայմանավորված է բեզոարի չափերով։ Ոչ մեծ տրամագծի դեպքում ախտանիշները կարող են բացակայել։ Խոշոր բեզոարները դրսևորվում են սննդի ընդունումից հետո ստամոքսի շրջանում առաջացող ուժեղ ցավերով, արագ հագեցվածությամբ, սրտխառնոցով, գարշահոտ գղտոցով։

Ախտորոշումը

Ախտորոշման հիմքում ստամոքսի ռենտգենագրաֆիան և գաստրոսկոպիան է։

Բուժումը

Հայտնաբերված բեզոարները ենթակա են հեռացման։ Ոչ կարծր բեզոարները կոտրում են և հեռացնում գաստրոսկոպի օգնությամբ, կարծր և խոշոր կոնկրեմենտները հեռացվում են վիրահատական եղանակով։

Հնարավոր բարդությունները

Ժամանակին չհեռացված բեզոարը կարող է բերել.

  • ստամոքսի պատերի վնասման՝ ընդհուպ վերջինիս թափածակումը,
  • ստամոքսի ելքի շրջանում` օղակման,
  • աղիներում բեզոարի միգրացիայի հետևանքով` աղիքային անանցանելիության զարգացման։

Բարդությունների դեպքում հիվանդին ցուցված է անհետաձգելի վիրահատություն։

Հսկողությունը

Հեռացումից հետո, առնվազն մեկ տարվա ընթացքում, հսկողությունն իրականացվում է թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, գաստրոէնտերոլոգի կողմից։ Տարեկան մեկ անգամ ցուցված է գաստրոսկոպիա։


Sign up here for our newsletter