Articles
Խորխը` շնչառական հիվանդությունների ախտորոշիչ ախտանշան
26 February 2021 | Popular articles | Pulmonologist
Ի՞նչ է խորխը:
Նորմալ վիճակում մարդու մոտ բրոնխների և շնչափողի լորձաթաղանթին առկա է թափանցիկ լորձ, այսպես կոչված, շնչափողաբրոնխիալ արտադրություն։ Այն արտադրվում է բրոնխների լորձաթաղանթի բջիջների կողմից և իրականացնում է կարևոր պաշտպանական ու մաքրող գործառույթ, խոնավացնում է բրոնխները։
Բրոնխների պատերին տեղակայված թարթիչային էպիթելի շնորհիվ լորձը տեղաշարժվում է դեպի կոկորդ։ Լորձի հետ միասին հեռացվում են շնչուղիներ ընկած մանրէները, փոշին, մահացած բջիջները։ Բացի այդ, լորձն օժտված է մանրէասպան հատկություններով՝ իմունային բջիջների պարունակության շնորհիվ։ Ախտածին միկրոօրգանիզմների ներթափանցման դեպքում այս բջիջներն անմիջաապես արձագանքում և ոչնչացնում են դրանք։
Երբ մենք առողջ ենք, պարզապես կուլ ենք տալիս ոչ մեծ քանակությամբ շնչափողաբրոնխիալ արտադրություն՝ առանց այն նկատելու։
Երբ շնչառական օրգաններում զարգանում է բորբոքային գործընթաց, լորձի քանակությունն ավելանում է, վերջինիս մեջ ներթափանցում են թարախ, արյուն, լեյկոցիտներ, քթից հոսում է լորձային արտադրություն, վերջինս դառնում է մածուցիկ և գույն է ձեռք բերում։ Այն կարող է լինել կանաչ, դեղնականաչավուն, ժանգագույն, դարչնագույն, վարդագույն։ Դա էլ հենց խորխն է։
Խորխն անջատվում է հազի հետ միասին, կարող է նաև հազի բացակայության ժամանակ կուտակվել կոկորդում ։
Խորխի կուտակումը նախազգուշացնում է, որ շնչական օրգանների հետ ամեն ինչ կարգին չէ։ Ըստ խորխի գույնի հնարավոր է դատել հիվանդության մասին։
Խորխը կուտակվում է, բայց չկա հազ:
Սա կարող է լինել քիթ-կոկորդ-ականջ օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ.
- ռինիտ՝ ներառյալ վազոմոտոր,
- հայմորիտ,
- տոնզիլիտ,
- ֆարինգիտ։
Խորխ կարող է առաջանալ նաև առողջ մարդու մոտ.
- մեծ քանակությամբ կողմնակի մասնիկների ներշնչման ժամանակ, օրինակ` արտադրական կազմակերպություններում,
- կծու կամ շատ տաք սննդի ընդունման ժամանակ՝ կոկորդի գրգռման հետևանքով,
- ծխելիս։
Խորխը հեռանում է հազի ժամանակ:
Այսպիսի խորխը վկայում է թոքերում կամ բրոնխներում զարգացող ախտաբանական երևույթների մասին։ Պատճառ կարող են լինել բորբոքային գործընթացները (բրոնխէկտատիկ հիվանդություն, թոքաբորբ, բրոնխիտ), ուռուցքը, ալերգիան, կանգային երևույթները։
Իհարկե, միայն խորխի առկայությամբ կամ վերջինիս գույնով հստակ ախտորոշել` հնարավոր չէ, սակայն հիվանդության բնույթի մասին ենթադրություններ կարելի է անել։ Անհրաժեշտ է հիվանդի մանրակրկիտ հետազոտում՝ խորխի, արյան, ռենտգենաբանական, ՄՌՏ, ՀՏ և այլն։
Կանաչ խորխ:
Հազի ժամանակ կանաչ կամ դեղնականաչավուն խորխը բնորոշ է թոքերում կամ բրոնխներում բորբոքային երևույթներին, այդ թվում բակտերիալ ծագման սուր բրոնխիտին, թոքաբորբին։ Այս դեպքում խորխը կպչուն է և մածուցիկ, ինչը պայմանավորված է թարախի առկայությամբ։ Հաճախ այդպիսի խորխ կարող է առաջանալ մրսածությունից, գրիպից հետո։ Սա նշանակում է, որ վիրուսային վարակին միացել է նաև բակտերիալ վարակը։ Որպես կանոն, այս հիվանդությունների ժամանակ դիտվում է բարձր ջերմություն, թուլություն, հևոց։
Կանաչ և դեղնականաչավուն խորխ անջատվում է բրոնխէկտատիկ հիվանդության սրացման ժամանակ։ Այս քրոնիկ ախտաբանության ժամանակ բրոնխները ձևախախտված են և լայնացած, բնորոշ է թարախային գործընթացին։
Մածուցիկ կանաչ խորխը, որն ուղեկցվում է քթի փակվածությամբ, հոտառության թուլությամբ, սակայն առանց հազի, բնորոշ է քրոնիկ հայմորիտին։
Թոքերի տուբերկուլոզի ժամանակ կանաչ խորխ դիտվում է ռեմիսիսայի շրջանում։
Դեղին խորխ
Այսպիսի լորձ առաջանում է բարդացած բրոնխիտի և թոքաբորբերի ժամանակ։ Երկարատև, ավելի քան մեկ ամիս տևող և չանցնող հազի ու խորխի դեղին գունավորման ժամանակ կարելի է կասկածել, որ բորբոքային հիվանդությունն անցել է քրոնիկ ձևի։
Խորխի վառ դեղին գունավորումը բնորոշ է, այսպես կոչված, էոզինոֆիլային թոքաբորբին, որն ալերգիկ բնույթ է կրում։ Այս դեպքում խորխի դեղին գույնը պայմանավորված է մեծ քանակությամբ էոզինոֆիլներով, որոնք լեյկոցիտների տարատեսակ են։
Դեղին խորխ լինում է ծխողների մոտ (ծխողների բրոնխիտ), այդ երանգը տալիս են խեժը և ծխախոտը։
Կարմիր երանգով խորխ
Խորխին կարմիր երանգ տալիս է արյունը։ Երբեմն խորխի մեջ կարելի է տեսնել կարմիր թելիկներ, որոնք կարող են լինել մինչև վերջ չբուժված, ձգձգվող թոքաբորբի, թոքի թարախակույտի, սկսվող տուբերկուլոզի, պլևրիտի ժամանակ։ Կարմրավուն արտադրությունը լուրջ ախտանիշ է, որի դեպքում մասնագետին դիմելը կենսական անհրաժեշտություն է։
Դարչնագույն խորխ
Այսպիսի պատկեր դիտվում է, երբ լորձի մեջ լճացած արյուն է թափանցում։ Շատ դեպքերում այս ախտանիշը սպառնացող է։ Ինչի՞ մասին է այն զգուշացնում։ Հնարավոր է` ակտիվ տուբերկուլոզ, թոքի քաղցկեղ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, թոքի գանգրենա։ Այսպիսի ախտանիշ հնարավոր է նաև քրոնիկ թոքաբորբերի, բրոնխիտների ժամանակ։
Հնարավոր են նաև դարչնագույն խորխի ոչ այնքան լուրջ պատճառներ, օրինակ, արյունը կարող է ներթափանցել խորխի մեջ բերանի փոքրիկ արյունահոսող վերքերից։ Երբեմն դարչնագույն խորխ լինում է ծխողների մոտ, երբ բրոնխիտը վերածվում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության։
Ալ և վարդագույն խորխ
Ալ գունավորում խորխին տալիս է արյան զգալի պարունակությունը։ Այն թոքի քաղցկեղի, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի ախտանիշ է։
Վարդագույն և մածուցիկ խորխ լինում է տուբերկուլոզի ծանր շրջանում։ Փրփուրային խորխի կարող է վկայել թոքի այտուցի մասին։
Պնևմոկոկերով հարուցված թոքաբորբի ժամանակ սկզբում լինում է վարդագույն խորխ, որն ավելի ուշ դառնում է ժանգագույն։
Սպիտակ, մոխրագույն խորխ
Այսպիսի լորձ կարող է առաջանալ առողջ մարդու մոտ։ Սակայն, եթե այն քանակապես շատ է, կարելի է քրոնիկ բրոնխիտ կասկածել։.
Հազի ժամանակ սպիտակ խորխ կարող է լինել նաև ալերգիկ ռեակցիաների, բրոնխիալ ասթմայի ժամանակ։
Հաճախ մոխրագույն խորխ լինում է ծխողների մոտ։
Սպիտակ կամ թափանցիկ, մի փոքր փրփրային խորխը կարող է լինել շնչական վիրուսային վարակի ախտանիշ։
Ամփոփենք. նորմայում խորխը կամ բացակայում է, կամ այն անգույն և թափանցիկ, կամ սպիտակ է։ Այն կարող է լինել քիչ քանակով։
Եթե խորխը գունավորված է, նշանակում է կան խառնուրդներ, որոնք կարող են լինել թարախային, արյունային արտադրություն, բջիջների կուտակում։ Այս ամենը կարող է հիվանդության մասին վկայել։ Սակայն հիվանդության տեսակը կարելի է որոշել միայն հետազոտություններից հետո։
Հատկապես վտանգավոր է, երբ խորխն ունի կարմիր երանգներ՝ ալ, վարդագույն, ժանգագույն։ Թարախային կանաչ և դեղնականաչ խորխը վկայում են բակտերիալ թարախային վարակի մասին։
Sign up here for our newsletter