Home / Popular articles / Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել

Articles

Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել

08 April 2022 | Popular articles | Gastroenterologist

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված։

Մի քանի հարյուրամյակ առաջ մարդիկ հավատացել են, որ զկռտոցը կապված է երեխաների աճի շրջանի հետ: Մարդկանց մեծ մասը հիմա էլ լավ չի հասկանում, թե ինչի հետ է կապված այս ֆիզիոլոգիական երևույթը։ Պարզենք, թե ինչ են այդ մասին ասում ժամանակակից գիտնականները։

Ի՞նչ է զկռտոցը

Զկռտոցը տհաճ երևույթ է, որը կարող է բերել մի շարք անհարմարությունների։ Երբ ստոծանին (ստամոքսի և թոքերի միջև տեղակայված մկանը) գրգռվում է, տեղի է ունենում վերջինիս կտրուկ կծկում։ Այն ուղեկցվում է արագ, հրոցանման, հաճախ բավականին աղմկոտ շնչական շարժումներով։ Դա էլ հենց զկռտոցն է։

Ինչո՞ւ է զկռտոց առաջանում

Զկռտոցն առաջանում է թափառող նյարդով գլխուղեղից ստոծանի գնացող նյարդային իմպուլսների փոխանցման խանգարման հետևանքով։ Սովորաբար, նման խանգարումները տեղի են ունենում ուժեղ հույզերի, գերսառեցման հետ կապված մարմնի ջերմաստիճանի նվազման ժամանակ։ Զկռտոց առաջանում է նաև ուտելու ժամանակ` ստամոքսի մեջ մեծ քանակությամբ օդ անցնելու դեպքում կամ շատ արագ ուտելիս։ Փորձարարական զկռտոց կարելի է առաջացնել ստոծանիական նյարդի անմիջական գրգռման ճանապարհով։

Զկռտոցը վտանգավո՞ր է

Որպես կանոն, զկռտոցը երկարատև չէ և հեշտությամբ ինքնուրույն անցնում է։ Մի քանի օրվա ընթացքում չընդհատվող մշտական զկռտոցը կարող է վկայել մարդու մոտ թափառող նյարդի գործունեության խանգարման հետ կապված հիվանդության առկայության մասին․ այդ դեպքում պետք է հետազոտվել։ Ընդ որում, կարող է պարզվել, օրինակ, որ զկռտոցն առաջացնում է թմբկաթաղանթին դիպչող մազը (դա բերում է թափառող նյարդի գրգռման)։ Երբեմն զկռտոց առաջացնում են բժշկական միջոցառումները, օրինակ` անզգայացումը։

Ինչպես վերացնել զկռտոցը

Կան զկռտոցը դադարեցնելու տարբեր ժողովրդական միջոցներ, սակայն դրանց մեծ մասը չունի գիտական հիմնավորում։ Այնուամենայնիվ, կան որոշ տվյալներ, որոնք հաստատում են, որ շունչը պահելիս արյան մեջ ածխաթթվի մակարդակի կարճաժամկետ բարձրացումը կարող է վերականգնել նյարդային իմպուլսների նորմալ փոխանցումը, վերացնել ստոծանու գրգռումը՝ այդպիսով դադարեցնելով զկռտոցը։



Sign up here for our newsletter