Home / Popular articles / Ախտանիշներ, որոնց դեպքում պետք է շտապ դիմել սրտաբանի

Articles

Ախտանիշներ, որոնց դեպքում պետք է շտապ դիմել սրտաբանի

25 January 2021 | Popular articles | Cardiology

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, աշխարհում մահացության հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են։ Հենց դրանից են հիմնականում մարդիկ մահանում։

Այդ մահերը զգալիորեն քիչ կլինեին, եթե սրտային հիվանդներին ժամանակին բուժօգնություն ցուցաբերվեր։ Սակայն դրա համար յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, թե որ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի, մասնավորապես` սրտաբանին, ով զբաղվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ։

1. Կարդիալգիա՝ ցավ սրտում
Սրտի հետ կապված խնդիրների ժամանակ ցավը տեղակայվում է ինչպես ձախից, որտեղ տեղակայված է սիրտը, այնպես էլ` կրծոսկրի կենտրոնում։ Այն կարող է տարածվել մարմնի տարբեր հատվածներ՝ դեպի ձեռքեր կամ դեպի մի ձեռքը (սովորաբար` ձախը), դեպի մեջքը և, նույնիսկ` դեպի ծնոտը։

Ցավն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հուզական լարումից, գերսառեցումից, մեծ քանակությամբ սնունդ ընդունելուց հետո։

Ցավը կարող է տարբեր բնույթի լինել՝ ճնշող, կտրող, նվվացող, սեղմող։ Այն կարող է նաև «այրող» լինել։

Ցավերը հաճախ ուղեկցում են սրտի իշեմիկ հիվանդությանը (ՍԻՀ) և կրում են ստենոկարդիա անվանումը։ Սակայն կարդիալգիաները բնորոշ են նաև այլ սիրտ-անոթային ախտաբանություններին, մասնավորապես, զարկերակային գերճնշմանը, պերիկարդիտին, միոկարդիտին, կարդիոմիոպաթիաներին և այլն։

Սրտի շրջանում ցավը կարող է առաջանալ այլ՝ ոչ սրտային ախտաբանությունների հետևանքով, սակայն ավելի լավ կլինի՝ այդ ամենը բժիշկը պարզի։ Այդ պատճառով ցանկացած կարդիալգիա բժշկին դիմելու առիթ է։

2. Օդի պակաս՝ հևոց
Հևոցը, դժվարացած շնչառությունը, օդի պակասը խոսում է սրտային կամ թոքային անբավարարության մասին։ Սրտային հևոցը սկզբում առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ և անցնում է վերջինիս ընդհատման դեպքում։ Սակայն հիվանդության զարգացմանը զուգընթաց, հևոցը կարող է անհանգստացնել նաև հանգիստ վիճակում, նույնիսկ, երբ հիվանդը պարզապես պառկած է։ Դա արդեն վտանգավոր ախտանիշ է։
Սրտային հևոցին հիմնականում բնորոշ է ներշնչման դժվարացումը։
Սրտային և թոքային հևոցները կարող է տարբերակել միայն մասնագետը։ Ամեն դեպքում, երկու ախտանիշն էլ վկայում են առողջական անբարենպաստ վիճակի մասին։

3. Հաճախացած/ դանդաղած անոթազարկ՝ հաճախասրտություն-հազվասրտություն
Ըստ անոթազարկի, կարելի է դատել այնպիսի կարևոր ցուցանիշի մասին, ինչպիսին սրտի կծկումների հաճախությունն է (ՍԿՀ)։
Նորման համարվում է 60-100 զ/ր (բնականաբար, ծանրաբեռնվածության, սթրեսների ժամանակ անոթազարկը հաճախանում է)։
Երբ անոթազարկի ցուցանիշները բարձր են վերոնշյալից, դա խոսում է հաճախասրտության մասին, երբ ցածր են՝ հազվասրտության։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը, բավականին վտանգավոր վիճակներ են։ Հատկապես վտանգավոր է 40 զ/ր-ից ցածր ՍԿՀ-ն, այն կարող է սրտի կանգ առաջացնել։

4. Սրտի ռիթմի դադարներ՝ առիթմիա
Սովորաբար, մենք չենք նկատում, թե ինչպես է մեր սիրտն աշխատում։ Սակայն լինում է, երբ սուբյեկտիվ տհաճ զգացողություններ են առաջանում՝ «սրտի թրթռոց», «սրտի կանգ», կարծես «սիրտը շուռ է գալիս»։ Եթե այդ զգացողությունները մշտական են և, նույնիսկ, ուղեկցվում են այլ ախտանիշներով՝ հևոց, թուլություն, ցավ` կրծքավանդակում, ապա անհրաժեշտ է սրտաբանի խորհրդատվություն։ Շատ հավանական է, որ պատճառը սրտի հիվանդություններն են՝ ՍԻՀ, կարդիոմիոպաթիա, պերիկարդիտ, սրտի արատ և այլն։

5. Զ.ճ. բարձրացում կամ `իջեցում գերճնշում կամ` թերճնշում
Զարկերակային ճնշումը նորմալ է համարվում, եթե այն գտնվում է 60-140 մմ.ս.ս. սահմաններում։ Եթե ճնշումը մշտապես բարձր է կամ, ընդհակառակը, նվազած, պետք է տագնապել։ Այս վիճակը սպառնում է լուրջ բարդությունների՝ ընդհուպ մինչև կաթվածի առաջացմամբ։ Այո, ցածր ճնշման դեպքում նույնպես կարող է կաթված առաջանալ, այդ պատճառով պետք է ինքնաբուժմամբ չզբաղվել։ Թերճնշումը ևս սրտաբանին դիմելու պատճառ է, ինչպես և` գերճնշումը։

6. Ուշագնացություն
Մշտական ուշագնացությունները և նույնիսկ արտահայտված թուլության էպիզոդները, որոնք ուղեկցվում են գլխապտույտով, առիթ են սրտաբանին այցելելու և հետազոտվելու համար։ Իհարկե, այս վիճակները կարող են խոսել այլ, ոչ սրտային պատճառների մասին, սակայն, ամեն դեպքում, կա լուրջ հետևանքների առաջացման վտանգ։

7. Կապույտ շրթունքներ՝ ցիանոզ
Եթե սա տեղի է ունենում ոչ թե այն ժամանակ, երբ մրսում եք, և ուղեկցվում է եղունգների կապտությամբ, հաճախացած սրտխփոցով, ապա դա շատ վատ ախտանիշ է։ Այն վկայում է սրտի գործունեության խանգարման մասին, երբ սիրտը չի կարողանում օրգանիզմն ապահովել բավարար թթվածնով։ Կապույտ շրթունքներն ու եղունգները բնորոշ են սրտի արատին։

8. Ոտքերը կարող են այտուցվել ո՛չ միայն սրտային հիվանդությունների ժամանակ, այլ նաև երիկամների հետ կապված խնդիրների, վարիկոզի, լյարդի ախտահարումների ժամանակ։ Սրտային այտուցներն ունեն բնորոշ առանձնահատկություններ։ Այդ այտուցներն աստիճանաբար են զարգանում, ընդգրկում են զույգ ոտքերի կոճերը, բարձրանում են դեպի սրունքներ։ Մաշկը այտուցի տեղում կարծր է, սառը (հաճախ ոտքերը սառչում են), ունի կապտավուն երանգ։ Այտուցներն անցավ են, նույնիսկ, երբ ուժեղ սեղմում են։

Այսպիսի այտուցներն ուղեկցվում են սրտային այլ ախտանիշներով, որոնք վկայում են զարգացող սրտային անբավարարության մասին, այդ պատճառով դրանք ևս սրտաբանին դիմելու պատճառ են։

Վերոնշյալ բոլոր ախտանիշները, հատկապես, եթե դրանք համակցված են, չի կարելի անտեսել։ Սրտի հետ կատակները վատ են վերջանում. սրտամկանի ինֆարկտը, կաթվածը, սրտի կանգը կարող են հանկարծակի առաջանալ։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է ժամանակին դիմել մասնագետի՝ սրտաբանի, հետազոտվել, հայտնաբերել հիվանդությունը և կատարել բժշկի բոլոր ցուցումները։


Sign up here for our newsletter