Home / General articles / Վատացել է լսողությունը. գուցե պատճառը ծծմբային խցա՞նն է

Articles

Վատացել է լսողությունը. գուցե պատճառը ծծմբային խցա՞նն է

23 August 2021 | General articles

Ծծմբային խցանն արտաքին լսողական անցուղում ծծմբի կուտակումն է, որի մեջ առկա են մաշկի մահացած մասնիկներ, կեղտ և փոշի։ Խցանի առաջացման արդյունքում, արտաքին լսողական անցուղու լրիվ խցանման ժամանակ հնարավոր է ժամանակավորապես կորցնել լսողությունը։  

Մարդու օրգանիզմն օժտված է ինքնամաքրմամբ, այդ թվում՝ արտաքին լսողական անցուղին։ Ականջի ավելորդ ծծմբից ձերբազատման գործընթացը տեղի է ունենում անընդհատ, օրինակ` խոսելիս, սնունդը ծամելիս, ինչպես նաև հազի և փռշտոցի ժամանակ։

Արտաքին լսողական անցուղում ծծմբի առաջացումը բնական գործընթաց է՝ կապված ականջի կառուցվածքի և իրականացվող գործառույթների հետ։

Շատերը սխալմամբ կարծում են, որ ականջի ծծումբն ինքնատիպ կեղտ է։ Սա մոլորություն է, քանի որ այդ խիտ, կպչուն հեղուկը պաշտպանում է մեր ականջը կեղտից և փոշուց։

Թեև մեր մարմինը պետք է կարողանա ինքնամաքրվել, երբեմն այս գործընթացը խաթարվում է, և արտաքին լսողական անցուղում կուտակվում է մեծ քանակությամբ ծծումբ։ Մարդը որևէ տհաճ զգացողություն չի ունենում, քանի դեռ կուտակված ծծմբի և արտաքին լսողական անցուղու պատի միջև կա ազատ տարածություն։ Երբ այդ տարածությունը վերանում է, ծծմբային խցանի առաջացման մասին ազդարարող առաջին ախտանիշը դառնում է լսողության վատթարացումը։

Ծծմբային խցանի առաջացման պատճառները

Սխալ հիգիենան ծծմբային խցանի առաջացման ամենատարածված պատճառներից է։ Ականջի մեջ ծծումբն առաջանում է արտաքին լսողական անցուղու միայն աճառային մասում։ Ականջի փայտիկների սխալ կիրառման դեպքում ավելորդ ծծումբը չի հեռացվում, այլ ընդհակառակը՝ հրվում է դեպի լսողական անցուղու խորքը, որտեղ ժամանակի ընթացքում ականջի խցան է ձևավորվում։

Սխալ հիգիենայից զատ կան ծծմբային խցանների առաջացման մի քանի այլ տարածված պատճառներ.

  • արտաքին լսողական անցուղու անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները (չափազանց նեղ կամ ոլորուն),
  • արտաքին լսողական անցուղում մեծ քանակությամբ մազերը, որոնք խոչընդոտում են ծծմբի դուրս գալուն,
  • արտաքին միջավայրի հետ կապված աշխատանքները (բարձր խոնավություն, մթնոլորտային ճնշման փոփոխություններ և այլն),
  • օդում ավելցուկային փոշու և այլ միկրոմասնիկների առկայության հետ կապված աշխատանքները (շինարարություն, վերանորոգում, ծառամշակում և այլն)։
  • մաշկային հիվանդությունների առկայությունը (էկզեմա, դերմատիտ), որոնց պատճառով կտրուկ մեծանում է մաշկի մահացած բջիջների քանակը, որոնք մասնակցում են ականջi խցանի ձևավորմանը,
  • արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը, որը ծծմբային խցանի ակտիվ բաղադրիչներից է։ Որքան բարձր է վերջինիս մակարդակն արյան մեջ, այնքան արտաքին լսողական անցուղում տեղակայված ցերումենային գեղձերն ավելի շատ ծծումբ է արտադրում։

Ծծմբային խցանի առաջացման տարածված պատճառներից են նաև ականջակալները, այդ թվում` հեռախոսի, որոնք փակում են արտաքին լսողական անցուղին՝ չթողնելով, որ ծծումբն ազատ դուրս գա ականջից։

Ծծմբային խցանի ախտանիշները

Ծծմբային խցանի առաջացումը տեղի է ունենում աննկատ, սակայն արտաքին լսողական անցուղին ամբողջությամբ խցանվելու դեպքում կարող են դիտվել հետևյալ ախտանիշները.

  • լսողության կտրուկ և զգալի կորուստ,
  • ականջի փակվածության զգացում, ինչի պատճառով լավ լսվում է սեփական ձայնը, քան ինչ տեղի է ունենում շրջապատում,
  • աննշան ցավ,
  • եթե խցանը ճնշում է թմբկաթաղանթը, կարող են դիտվել թեթև գլխապտույտ, սրտխառնոց, ցավ` փակված ականջում, իսկ բարդ դեպքերում՝ նույնիսկ սրտային գործունեության խանգարում։

Եթե վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկն առաջանում է ջրի հետ շփումից հետո, ամենայն հավանականությամբ, իսկապես գործ ունենք ծծմբային խցանի հետ։ Ընկնելով արտաքին լսողական անցուղի՝ ջուրը խոնավացնում է այնտեղ գտնվող ծծումբը, ինչի պատճառով վերջինս ուռչում է՝ ամբողջությամբ խցանելով արտաքին լսողական անցուղին։ Խնդիրը կարող է դրսևորվել թռիչքի ժամանակ, երբ տեղի են ունենում մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներ։

Ծծմբային խցանի բուժումը

Ծծմբային խցանի բուժման միակ թույլատրելի եղանակը խցանի հեռացումն է։ Գոյություն ունի ականջի խցանից ձերբազատման երկու եղանակ՝ մեխանիկական հեռացում կամ լուծում։ Մեթոդի ընտրությունը պայմանավորված է խցանի առաջացման պատճառներով, չափերով, բաղադրությամբ և պացիենտի տարիքով։

Եթե բժիշկը որոշում է խցանը հեռացնել մեխանիկորեն, նա կարող է ընտրել հետևյալ երեք եղանակներից մեկը:

  • Հեռացում` լվացման օգնությամբ. կոնսերվատիվ եղանակ է, որն ապացուցել է արդյունավետությունը փափուկ ծծմբային խցանների դեպքում։ Ականջում գոյացած խցանը լվանում են տաք ջրով կամ ֆիզլուծույթով՝ Ժանեի ներարկիչի օգնությամբ։ Ջրի ճնշման տակ խցանը հեռացվում է արտաքին լսողական անցուղուց՝ ազատելով այն։
  • Ասպիրացիա. էլեկտրական արտածծիչի օգնությամբ խցանի հեռացումն է: Այս եղանակն արդյունավետ է միայն բավականին փափուկ ծծմբային խցանի դեպքում։
  • Կյուրետաժ. չոր և կարծր խցանների հեռացումն է կյուրետի (ականջային զոնդի) օգնությամբ։

Եթե խցանը շատ խորն է տեղակայված, բժիշկը կարող է կիրառել դեղորայք, որոնք կօգնեն լուծել կամ փափկացնել այն։ Կիրառվում են ականջի կաթիլներ և մոմիկներ, որոնք նույնպես հարմար են այս նպատակի համար։ Կոնկրետ պատրաստոկի ընտրությունը կախված է նպատակից (փափկեցում կամ լուծում) և մի շարք այլ գործոններից, այդ թվում` բժշկի և հիվանդի անձնական նախապատվությունից։

Ծծմբային խցանի առաջացումը մասնագետին դիմելու առիթ է։ Միայն քիթ-կոկորդ-ականջաբանը կարող է որոշել լսողական անցուղու խցանման պատճառը և վերջինիս բուժման համապատասխան որոշում ընդունել։

Ծծմբային խցանի առաջացման կանխարգելումը

Ծծմբային խցանի առաջացման կանխարգելումն ականջախեցու և արտաքին լսողական անցուղու ժամանակին և ճիշտ պահպանված հիգիենան է։ Բավարար է համարվում ականջի մաքրումը խոնավ սրբիչով` 3-4 օրը մեկ անգամ։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս բամբակե փայտիկներն օգտագործել արտաքին լսողական անցուղին մաքրելու համար։

Ծծմբային խցանի առաջացման բարձր ռիսկով մարդիկ կարող են պարբերաբար կիրառել ցերումենոլիտիկ պատրաստուկներ, որոնք լուծում են կուտակված ծծումբը։


Sign up here for our newsletter