News
17 ամյա աղջիկը հաղթահարեց քաղցկեղը - եզակի վիրահատություն Հայաստանում
03 December 2023 | News | Neoplasms of bones, muscles, soft tissues | Galust H. Galustyan
«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են չարորակ ուռուցքով ախտահարված ազդոսկրի եւ երկու հոդերի հեռացման եւ միաժամանակյա էնդոպրոթեզավորման վիրահատություն։ Վիրահատությունը կատարել է Գալուստ Գալուստյանը օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության կլինիկայի ղեկավար որը ի դեպ լավագույնն է Հայաստանում ։
Բժիշկը պատմել է, որ 17-ամյա Աշխեն Մնացականյանի մոտ ազդոսկրի չարորակ ուռուցք՝ օսթեոսարկոմա է ախտորոշվել։ Ուռուցքը բավական տարածված էր, այն ընդգրկում էր ողջ ազդոսկրը՝ ուռուցքի վերին բեւեռը հասնում էր կոնքազդրային հոդին, ստորինը՝ ծնկահոդին։
Ինչպես նշել է բժիշկը, մինչեւ վերջերս նման դեպքերում կատարվում էր հաշմող վիրահատություն. հեռացվում էր ամբողջ ստորին վերջույթը։ Այսօր արդեն աշխարհի մի շարք առաջադեմ բուժկենտրոններում նման դեպքերում կատարվում է օրգանապահպան վիրահատություն, որի ընթացքում հեռացվում է ամբողջ ազդոսկրը երկու հոդերով՝ կոնքազդրային եւ ծնկային, եւ միաժամանակ կատարվում է ոսկրի եւ հոդերի էնդոպրոթեզավորում։ Այդ վիրահատությունը հնարավորություն է տալիս պահպանել ստորին վերջույթը։ «Նաիրի» ԲԿ-ի լավագույն մասնագետների կողմից ևս որոշվեց կիրառել այս մեթոդը՝ վերջույթը պահպանելու նպատակով։
Ներկայում Աշխեն Մնացականյանն իրեն լավ է զգում, առայժմ շարժվում է ձեռնափայտի օգնությամբ, պատրաստվում է ընդունել քիմիաթերապիայի վերջին կուրսը։ «Նաիրի» ԲԿ-ում նրա հետ աշխատել են հոգեբանը և կինեզիթերապևտը։ Ներկայումս վերականգնողական բուժումը շարունակվում է;
Աշխեն Մնացականյանը պատմել է, որ իր խնդիրներն սկսվել են 16 տարեկանում՝ ուռչում եւ ցավում էր ծունկը։ Նրան ուղարկել են վնասվածքաբանի մոտ, հետո՝ ռեւմատոլոգի, եւ ռեւմատոլոգը նրան խորհուրդ է տվել դիմել Գալուստ Գալուստյանին։
«Նաիրի» ԲԿ-ում բիոպսիա են արել, դրվել է ախտորոշում՝ ազդոսկրի օստեսարկոմա։ Այսօր նա ասում է, որ պարզապես չի պատկերացնում, թե ինչպես կլիներ այդ ամենը, եթե իրեն չուղարկեին Գալուստ Գալուստյանի մոտ։
Ասում է նաև, որ երբ դեղորայքային բուժում էր ստանում, կլինիկա են եկել երկու երիտասարդներ՝ մի տղա եւ մի աղջիկ, որոնք նույնպես նույն հիվանդությունն են ունեցել։ Նրանք Աշխենին ասել են, որ աղջիկը դժվար ճանապարհ պետք է անցնի, բայց վերջում ամեն ինչ լավ կլինի։ Աշխենն այսօր այլ երիտասարդների նույն խորհուրդն է տալիս. ճանապարհը դժվար է լինելու, բայց վերջում ամեն բան լավ կլինի։
Գալուստ Գալուստյանը պարզաբանել է, որ օսթեոսարկոման առավել հաճախ հանդիպում է կյանքի երկրորդ տասնամյակում։
«Առաջնային ոսկրային չարորակ ուռուցքները որպես կանոն հանդիպում են հենց այս տարիքում՝ կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում։ Մոտավորապես 10–ից 7–8 դեպքերում այն հանդիպում է կյանքի երկրորդ տասնամյակում», – ասել է նա։
https://www.youtube.com/watch?v=oX_qcQr1IcE
Sign up here for our newsletter