Articles
Էնդոկարդիտ. տեսակները, պատճառները, ախտանիշները, բուժումը
29 July 2022 | Popular articles | Cardiology
Հիվանդությունն իր անվանումն ստացել է «էնդոկարդ» բառից։ Էնդոկարդը սրտի ներքին շերտն է՝ բաղկացած էնդոթելյալ և սուբէնդոթելյալ շարակցական հյուսվածքից, նախասրտային պատից, հարթ մկաններից և բազմաթիվ թելիկներից։
Էնդոկարդիտը զարգանում է էնդոկարդի, սրտամկանի և սրտի փականների բորբոքման ժամանակ։ Հիվանդությունը բավականին հազվադեպ է հանդիպում և, որպես կանոն, վերջինիս զարգացման համար պետք է լինեն լուրջ նախադրյալներ՝ այլ հիվանդություններ, վարակ և արտաքին գործոններ։
Էնդոկարդիտի տեսակները
Հիվանդությունը հայտնի է նաև վարակային էնդոկարդիտ, բակտերիալ էնդոկարդիտ, սնկային էնդոկարդիտ անուններով: Այս բոլորը նույն հիվանդության տարատեսակներն են և չեն դասակարգվում: Բժիշկն ախտորոշումն իրականացնում է՝ ճշտելով հիվանդության ենթատեսակը։
Սիրտը բաղկացած է չորս խոռոչից (երկու նախասրտերից, երկու փորոքներից) և ունի չորս փական՝ բաղկացած էնդոկարդի բջիջներից։ Էնդոկարդիտով հիվանդ մարդու սրտի (հատկապես բակտերիալ կամ վարակային) էնդոկարդի մակերեսին առաջանում են բակտերիաների և սնկային ախտահարումների օջախներ։ Բակտերիալ օջախները կարող են կուտակվել նաև սրտի փականների վրա՝ վատթարացնելով վերջիններիս ֆունկցիան և առաջ բերելով տարբեր բարդություններ։ Որոշ դեպքերում վարակը կարող է տարածվել երիկամների և այլ օրգանների վրա։ Շատ հազվադեպ սրտում կարող են զարգանալ թարախակույտեր։
Բակտերիալ կամ վիրուսային էնդոկարդիտը դասակարգվում է.
- ստաֆիլոկոկային,
- ստրեպտոկոկային,
- էնտերոկոկային,
- սնկային,
- Բարտոնելայով հարուցված։
Էնդոկարդիտի պատճառները
Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ էնդոկարդիտը՝ հատկապես փականների ախտահարմամբ, առաջացնում են ստաֆիլոկոկային վարակները, ինչպես նաև այլ վարակիչ գործոններ, որոնց հետ մարդը շփվում է։ Թույլ իմունիտետի դեպքում, օրինակ, տարեցների մոտ, էնդոկարդիտի զարգացումը կարող է տեղի ունենալ լուրջ հիվանդությունների ֆոնին, ինչպիսիք են թոքաբորբը, երիկամների, թոքերի հիվանդությունները։
Նույնիսկ այնպիսի տարրական ամենօրյա միջոցառումները, ինչպիսիք են ատամները լվանալը և ցնցուղ ընդունելը, ինչպես նաև ժամանակին ատամնաբուժական օգնություն ստանալը, կարող են բավարար լինել էնդոկարդիտի կանխարգելման համար։ Բերանի խոռոչի հիգիենան օգնում է կանխել ո՛չ միայն էնդոկարդիտը, այլ նաև բակտերիաներով պայմանավորված սրտի այլ հիվանդությունները։
Էնդոկարդիտի զարգացմանը նպաստող հիվանդությունները և գործոնները.
- վեներական հիվանդություններ (խլամիդիոզ, գոնորեա),
- աղիների բորբոքային հիվանդություններ կամ ցանկացած աղիքային խանգարումներ,
- սրտի բնածին արատներ,
- ներքին օրգանների հետազոտման միջոցառումներ (կոլոնոսկոպիա, միզատար խողովակի կաթետերիզացում),
- աղտոտված ասեղների կամ ներարկիչների կիրառում։
Էնդոկարդիտը տղամարդկանց մոտ երկու անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ։ Եվ, չնայած հիվանդությունը կարող է ցանկացած տարիքում առաջանալ, ռիսկի խմբում ներառված են սրտի հիվանդություններով կամ փոխպատվաստված սրտային փականներով 50 տարեկանն անց տղամարդիկ։ Բացի այդ, ռիսկի խմբում են ռևմատիզմով, սրտի ռիթմը վարող սարքերով, հաճախ ներերակային ներարկումներ ստացող, վերջերս վարակիչ հիվանդություններ տարած կամ քիմիաթերապիայի կուրս ստացած անձինք։
Էնդոկարդիտի ախտանիշները
Ախտանիշները հիմնականում զարգանում են դանդաղ՝ մի քանի շաբաթվա կամ նույնիսկ ամիսների ընթացքում։ Այս շրջանը կոչվում է ենթասուր էնդոկարդիտ։ Սուր էնդոկարդիտի ժամանակ ախտանիշները կարող են հանկարծակի առաջանալ, հատկապես, եթե վարակն արագ է զարգանում։ Հիվանդության սուր ձևի ժամանակ ախտանիշները, որպես կանոն, ավելի ինտենսիվ են արտահայտված։
Էնդոկարդիտը շատ դժվար է ախտորոշել և հաճախ մինչև հստակ ախտորոշելը բավականին ժամանակ է անցնում։ Ախտանիշները կարող են ավելի կամ պակաս լուրջ լինել՝ պայմանավորված բակտերիաների կամ սնկերի տեսակով, որոնք հիվանդության վարակային ձևի զարգացման պատճառ են։ Սրտի քրոնիկ հիվանդություններով կամ սրտի արատներով հիվանդների մոտ էնդոկարդիտն ավելի ծանր ընթացք է ունենում։
Էնդոկարդիտի հիմնական ախտանիշները.
- բարձր ջերմություն (տենդ),
- սրտում` աղմուկ,
- մկանային ցավեր,
- արյունահոսություն, արյունազեղումներ` եղունգների տակ,
- աչքերի մեջ և մաշկի վրա` պայթած անոթներ,
- ցավեր` կրծքավանդակում,
- հազ,
- գլխացավեր,
- հևոց,
- ոչ մեծ «հանգույցների» առկայություն` ձեռքերի կամ ոտների մատներին,
- գիշերային քրտնարտադրություն,
- ձեռքերի և ոտքերի այտուց,
- որովայնի այտուց,
- հոգնածություն, թուլություն,
- քաշի կորուստ։
Էնդոկարդիտի բուժումը
Էնդոկարդիտի բուժման հիմնական մեթոդները երկուսն են՝ հակաբիոտիկներ և վիրաբուժական միջամտություն։ Հակաբիոտիկները հիվանդին ներմուծվում են ներերակային, կաթիլային եղանակով, այդ պատճառով էնդոկարդիտով հիվանդները հոսպիտալացման կարիք ունեն։ Բուժման արդյունավետության վերահսկման համար անհրաժեշտ են արյան կրկնակի հետազոտություններ։
Էնդոկարդիտով հիվանդների գրեթե քառորդ մասը ենթարկվում է սրտի վիրահատության։ Հաճախ վիրահատության անհրաժեշտություն առաջանում է սրտի փականների անդարձելի վնասման կամ դեֆեկտի առաջացման պատճառով։ Վիրահատություն խորհուրդ է տրվում փականային հետհոսքի դեպքում, և այն դեպքում, երբ հիվանդը չի արձագանքում հակաբիոտիկներով և հակասնկային միջոցներով բուժմանը, և վարակը շարունակում է տարածվել։ Հիվանդության նմանատիպ զարգացման դեպքում սրտի փականներին ամրանում են խոշոր բակտերիալ վեգետացիաներ: Վիրաբուժական միջամտությունը թույլ է տալիս վերականգնել սրտի վնասված փականները կամ դրանք փոխարինել արհեստականով, ինչպես նաև վերացնել աբսցեսները, որոնք հնարավոր է առաջացել են սրտամկանում:
Բակտերիալ էնդոկարդիտը գրեթե միշտ պահանջում է հոսպիտալացում` հակաբիոտիկներով բուժման համար, որոնք ներմուծվում են ներերակային՝ առնվազն բուժման սկզբնական փուլում (առաջին շաբաթ):
Հիվանդությունն իր անվանումն ստացել է «էնդոկարդ» բառից։ Էնդոկարդը սրտի ներքին շերտն է՝ բաղկացած էնդոթելյալ և սուբէնդոթելյալ շարակցական հյուսվածքից։
Sign up here for our newsletter