Articles
Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում
04 December 2021 | Popular articles | Therapy
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից:
Սա ինչ գլխացավ է
Սա ալկոհոլի ընդունումից հետո 3 ժամվա ընթացքում զարգացող ցավ է, որն անհետանում է ալկոհոլի ընդունման դադարից հետո 72 ժամվա ընթացքում։ Այն ունի հետևյալ բնութագրերից առնվազն մեկը.
- երկկողմանի է,
- պուլսացող է,
- ֆիզիկական ակտիվությունից խորանում է,
- կարող է կրել ճնշող բնույթ և տեղակայվել ճակատային շրջանում։
Ալկոհոլի ընդունումից անմիջապես հետո զարգացող գլխացավը ավելի քիչ է հանդիպում քան խումարի դեպքում (որն սկսվում է, երբ ալկոհոլի մակարդակն արյան մեջ իջնում է)։
Ցավի ինտենսիվությունը պայմանավորված է խմած ալկոհոլի քանակով և որակով, ինչպես նաև` մարդու անհատական առանձնահատկություններով։
Բացի այդ, հաճախ ալկոհոլը հրահրում է միգրենի կամ կլաստերային գլխացավի նոպաներ, եթե տվյալ մարդը տառապում է այդ հիվանդություններով։ Այս դեպքում նոպաներ կարող են առաջացնել միայն որոշակի ըմպելիքներ։ Օրինակ, կարմիր գինին կարող է նպաստել այդ նոպաների առաջացմանը, իսկ կոնյակը՝ ոչ։ Սա խիստ անհատական է, այդ պատճառով ձգտեք օրագրի օգնությամբ պարզել՝ ո՞րն է Ձեր ալկոհոլ-հրահրիչը և հրաժարվել նրանից։
Ի՞նչն է նպաստում այդ գլխացավի առաջացմանը. մի քիչ գիտություն
Այս մեխանիզմը, որքան էլ տարօրինակ է, մինչև վերջ ուսումնասիրված չէ։ Սակայն, հավանաբար, նշանակություն ունեն մի քանի գործոններ.
- Ալկոհոլն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի և գլխուղեղի անոթների վրա:
Համարվում է, որ ալկոհոլը կարող է լայնացնել ուղեղի թաղանթների անոթները, ինչը հավանական է դրսևորվի գլխացավով։ Բացի այդ, ենթադրվում է, որ այն ազդում է նաև ուղեղի ցավային համակարգի վրա։ Հայտնի է, որ ալկոհոլն օժտված է կարճաժամկետ ցավազրկող հատկությամբ, սակայն վերջինիս ընդհատումից հետո ծագում է (հատկապես մեծ քանակությամբ ընդունումից հետո), այսպես կոչված, հիպերալգեզիա՝ օրգանիզմի զգայնության բարձրացում` ցավային խթանների նկատմամբ։
- Ջրազրկում
Ալկոհոլն ունի միզամուղ հատկություն. մեզի հետ օրգանիզմից հեռանում է հեղուկը, նվազում է արյան քանակությունը և դանդաղում արյան հոսքը, դժվարանում է ածխաթթու գազի դուրս բերումը։ Փսխումը և լուծը ալկոհոլային թունավորման դեպքում նույնպես բերում է ջրազրկման։
- Թունավորում
Օրգանիզմում էթանոլի քայքայման արդյունքում առաջանում է ացետալդեհիդ։ Երբ վերջինիս քանակը շատանում է, այն տոքսիկ ազդեցություն է թողնում գլխուղեղի բջիջների վրա՝ խախտելով նյարդամիջնորդանյութերի աշխատանքը և փոփոխելով նեյրոնների էլեկտրական ակտիվությունը։
- Քնի խանգարում
Ալկոհոլը բացասաբար է ազդում արագ քնի փուլի վրա, որի ընթացքում ուղեղը մշակում և հիշում է ստացված տեղեկատվությունն ու սինթեզում տարբեր պրոտեիններ, որոնք մասնակցում են կարևոր ուղեղային գործընթացներին։
Բացի այդ, մուգ ալկոհոլային ըմպելիքները (վիսկի, կոնյակ, բրենդի) պարունակում են մեծ քանակությամբ կոնգեներներ՝ էթանոլից տարբեր թունավոր քիմիական միացություններ (ացետոն, տանիններ, սիվուխայի (հացօղու) յուղեր, մեթանոլ), որոնք խմորման կողմնակի մթերքներ են։ Այդ պատճառով կարծիք կա, որ մուգ ըմպելիքներից զարթխումային գլխացավի ռիսկն ավելի բարձր է։
Ի՞նչ անել խումարի ժամանակ գլխացավի դեպքում
Ալկոհոլի ընդունումից հետո առաջացած դասական գլխացավը, որպես կանոն, ինքնուրույն անցնում է 72 ժամվա ընթացքում, որին նպաստող գործոններն են.
- քունը` զով սենյակում կամ մաքուր օդում` զբոսանքը,
- ջրազրկման փոխհատուցումը. նախապատվությունը տալ չգազավորված ջրին, հետո թեյ կամ սուրճ խմել։ Իսկ ավելի լավ է խմել երկու բաժակ (սակայն ոչ ավելի) նատրիում-մագնեզիումական հանքային ջուր, այն լրացնում է ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած էլեկտրոլիտների պակասը,
- թեթև խորտիկները (տոստ և մի բաժակ հյութ, մեղր). ալկոհոլը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցմանը, իսկ թեթև խորտիկները թույլ են տալիս այն լրացնել,
- ցավազրկողները՝ ասպիրին, իբուպրոֆեն և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքիչ միջոցներ։ Սակայն` ոչ պարացետամոլ, եթե ալկոհոլը և նրա նյութափոխանակության արգասիքները դուրս չեն բերվել օրգանիզմից, պարացետամոլի ընդունումը կարող է ուժեղացնել դրանց թունավոր ազդեցությունը լյարդի վրա։
Ինչ պետք է չանել
- Խումարը վերացնել ալկոհոլի հերթական չափաբաժնով,
- չափից շատ ուտել,
- տաք ցնցուղ/լոգանք ընդունել և սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով զբաղվել, եթե ալկոհոլը և նրա նյութափոխանակության արգասիքները դեռ օրգանիզմից դուրս չեն բերվել. կա սրտի ծանրաբեռնվածության ռիսկ:
Եթե ցավը շատ ուժեղ է և առնվազն երեք օր չի հանգստանում՝ նույնիսկ ցավազրկողների ընդունման պարագայում, պետք է դիմել բժշկի։
Sign up here for our newsletter