Articles
Գլաուկոմա. վաղ և ճշգրիտ ախտորոշումը կուրությունից խուսափելու երաշխիք
07 December 2018 | Popular articles | Ophthalmology
Գլաուկոման կուրություն առաջացնող աշխարհում ամենահաճախ հանդիպող պատճառն է: Ներկայում չկան այս հիվանդության առաջացման պատճառների և զարգացման մեխանիզմների միասնական պատկերացումներ:
Ընդունված է գլաուկոմա անվանել աչքի հիվանդությունների այն մեծ խումբը, որը բնութագրվում է տվյալ մարդու համար տանելի մակարդակից ներակնային ճնշման մշտական կամ պարբերական բարձրացմամբ, որին հաջորդում է տեսադաշտի տիպիկ դեֆեկտների զարգացումը, տեսողության սրության իջեցումը և տեսանյարդի ատրոֆիան: Այս հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում՝ սկսած ծնված օրվանից, սակայն ավելի հաճախ այն հանդիպում է 40 տարեկանից հետո, և հիվանդության տարածվածությունը զգալիորեն աճում է տարեց ու ծերունական հասակում:
Տարբերում են գլաուկոմայի երկու հիմնական ձև՝ բաց անկյունային և փակ անկյունային: Բացի այդ գոյություն ունի բնածին, յուվենիլ (պատանեկան), գլաուկոմա և երկրորդային գլաուկոմայի տարբեր տեսակներ: Առավել հաճախ հանդիպում է բաց անկյունային գլաուկոման: Դրա զարգացմանը նպաստող ռիսկի գործոններն են` ժառանգականությունը (հիվանդությունը կարող է փոխանցվել սերնդե սերունդ), մեծ տարիքը, կարճատեսությունը, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային ախտաբանությունը: Բաց անկյունային գլաուկոմայի վաղ փուլը, սովորաբար, անցնում է անախտանիշ. տեսողությունը պահպանված է, բացակայում են ցավային զգացողությունը և գլաուկոմային բնորոշ այլ ախտանիշները: Սակայն, չնայած հիվանդության վաղ շրջանում ախտանիշների բացակայությանը, տեսողական նյարդում կարող են տեղի ունենալ անդառնալի ախտաբանական գործընթացներ:
Պացիենտները, մեծ մասամբ, մինչև կուրություն առաջանալը գլաուկոմայի զարգացմանն անտեղյակ են մնում, քանի որ տեսադաշտի նեղացումը տեղի է ունենում աստիճանաբար, և զույգ աչքերի լավ տեսողության դեպքում այն չի նկատվում: Այդ պատճառով 40 տարեկանից սկսած շատ կարևոր է աչքի համալիր հետազոտություն իրականացնել:
Գլաուկոմայի ախտանիշների ժամանակին հայտնաբերման և վաղ շրջանում համապատասխան բուժում սկսելու դեպքում առկա է տեսողության պահպանման մեծ հավանականություն:
«Նաիրի» բժշկական կենտրոնում ախտորոշման և արդյունավետ բուժման նպատակով հետազոտությունն իրականացվում է ժամանակակից համակարգչային սարքերի ամբողջ համալիրով և ներառում է.
- տեսողության սրության հետազոտություն,
- ռեֆրակտոմետրիա,
- տոնոմետրիա` ըստ Գոլդմանի, և պնևմոտոնոմետրիա,
- բիոմիկրոսկոպիա և օֆթալմոսկոպիա,
- ոսպնյակների օգնությամբ գոնիոսկոպիա և առաջային խցիկի անկյան հետազոտություն օպտիկական կոհերենտ տոմոգրաֆով,
- պերիմետրիա,
- պախիմետրիա,
- տեսողական նյարդի սկավառակի և ցանցաթաղանթի նյարդաթելերի հետազոտություն օպտիկական կոհերենտ տոմոգրաֆով:
Ֆլոումետրիա: Այս հետազոտությունն իր տեսակի մեջ եզակի է և Հայաստանում իրականացվող միակ եղանակն է, որը թույլ է տալիս որոշել ներակնային ճնշման անհատական նորման, այսինքն, յուրաքանչյուր պացիենտի համար այն տանելի ներակնային ճնշումը, որի դեպքում տեսողական նյարդը չի վնասվի: Ֆլոումետրիան հնարավորություն է տալիս գլաուկոման ախտորոշել ամենավաղ փուլում և «նորմոտենզիվ» գլաուկոմայի դեպքում, երբ ներակնային ճնշումը միջին վիճակագրական նորմայի սահմաններում է: Արդյունքում բժիշկը կարող է ժամանակին արդյունավետ բուժում կազմակերպել՝ ձեռքի տակ ունենալով ճնշման հավաստի թիրախային կողմնորոշիչը, որին պետք է հասնել բուժման արդյունքում:
Sign up here for our newsletter