News
Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը
10 January 2020 | News | Brain, Vertebral column
Երբեմն օրը հենց առավոտից չի ստացվում։ Գլխացավը սպառնում է լիովին խախտել առօրյա գրաֆիկը։ Այսպիսի անհարմարավետությունը կարող է պարբերաբար տանջել։ Սակայն որոշ մարդիկ կանոնավոր առավոտյան գլխացավ են ունենում։ Ինչու՞ է առավոտյան ցավում գլուխը. պատճառները բազմաթիվ են։ Սովորաբար, դրանք կապված են սխալ կենսակերպի հետ։
Առավոտյան գլխացավերի 5 տարածված պատճառներ
Գլխացավերը լուռ տանել կտրականապես չի կարելի։ Այդ մասին բժիշկները հաճախ են հիշեցնում։ Սակայն ցավազրկողները չարաշահել նույնպես չարժե։ Եթե պարբերաբար տանջում է առավոտյան գլխացավը, պետք է պարզել պատճառները։
1. Քնի պակաս
Մարդը նորմալ հանգստի կարիք ունի։ Գիշերային քունը պետք է տևի առնվազն 7–8 ժամ։ Միայն այս դեպքում օրգանիզմը կարող է լիարժեք հանգստանալ։ Երկարատև քնի պակասը բերում է «շտապողականության» մեխանիզմների գործարկման։ Դիտվում է պուլսի հաճախացում, հնարավոր է զարկերակային ճնշման բարձրացում, առավոտյան առաջանում է կայուն գլխացավ։
Ցավից ազատվելու համար կարելի է իրականացնել հետևյալ միջոցառումները.
- ընդունել առանց դեղատոմսի ցավազրկողներ,
- ցերեկը 20–30 րոպե ննջել ։
Եթե գլխացավերն անհանգստացնում են կանոնավոր կերպով, պետք է վերանայել օրվա ռեժիմը և կարգավորել գիշերային քունը։
2. Երկարատև քուն
Առավոտյան գլխացավ կարող է առաջանալ չափազանց երկար քնից հետո։ Ինչպես քնի պակասը, այնպես էլ երկարատև հանգիստը բոլորովին էլ օգտակար չեն։ 9 ժամից ավելի հանգստի դեպքում մարդու օրգանիզմում կտրուկ նվազում է «երջանկության հորմոն» համարվող սերոտոնինի քանակը։
Երկարատև քնից հետո տեղի է ունենում տրամադրության անկում։ Սերոտոնինի նվազումը բերում է ուղեղի արյան շրջանառության վատացման։ Այս գործընթացների ֆոնին առաջանում է գլխացավ։ Իրավիճակը կարող է փոխել ցավազրկողը։
Հետագայում անհրաժեշտ է խիստ հետևել քնի ռեժիմին։ Երկարատև քնին հակված մարդիկ ցանկալի է դիմեն զարթուցիչի օգնությանը։ Ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է քնել և արթնանալ միևնույն ժամին։
3. Էնդորֆինների պակաս
Այս հորմոնները ևս պատասխանատու են երջանկության համար: Առավոտյան էնդորֆինների մակարդակը միշտ նվազած է։ Երջանկության հորմոնի պակաս բոլորի մոտ է դիտվում։ Սակայն յուրաքանչյուր օրգանիզմ այդ անբավարարությանը տարբեր կերպ է արձագանքում։ Որոշ մարդիկ նույնիսկ չեն էլ նկատում էնդորֆինների մակարդակի իջեցումը։ Մյուսների մոտ հորմոնի պակասի ֆոնին միգրեն է զարգանում։
Գլխացավերի առաջացումը բժիշկները հետևյալ կերպ են բացատրում. էնդորֆինների մակարդակի իջեցումը բերում է այլ կարևոր նյարդամիջնորդանյութերի քանակի նվազման, որի ֆոնին նեղանում են ուղեղի անոթները, վատանում է արյան շրջանառությունը, զարգանում է հիպօքսիա։
Առավոտյան գլխացավերի դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս օրն սկսել մարզանքով։ Նույնիսկ քիչ մարզումն ուժեղացնում է էնդորֆինների արտադրությունը։ Իսկ դա նշանակում է գլխացավը կանցնի և տրամադրությունը զգալիորեն կբարձրանա։
4. Սուրճի բացակայություն
Կանոնավոր սուրճ խմող մարդիկ կարող են գլխացավ ունենալ, եթե ժամանակին չխմեն այդ կազդուրիչ ըմպելիքը։ Սուրճն ակտիվացնում է նյարդային համակարգի աշխատանքը, իսկ բացակայությունը կարող է նպաստել անոթների լայնացմանը և զարկերակային ճնշման բարձրացմանը։
Եթե որոշել եք հրաժարվել սուրճից, անհրաժեշտ է աստիճանաբար նվազեցնել ըմպելիքի չափաբաժինը՝ օրգանիզմը նախապատրաստելով սուրճի լիովին բացակայությանը։ Հակառակ դեպքում, սկզբնական շրջանում, կտանջեն գլխացավերը։
5. Նախօրեին ալկոհոլի կիրառում
Որքան շատ ոգելից խմիչք եք խմել նախորդ օրը, այնքան ուժեղ կլինի առավոտյան գլխացավը։ Սակայն որոշ մարդկանց մոտ շատ քիչ խմիչքի ընդունումն էլ բավարար է խումհարը լիովին զգալու համար։
Ալկոհոլը բերում է օրգանիզմի ջրազրկման։ Նրա ազդեցությամբ զգալիորեն վատանում է արյան շրջանառությունը։ Ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում։ Բացի այդ, սպիրտային խմիչքները լրջորեն վատթարացնում են քնի որակը։ Այս բոլոր գործոնները բերում են կայուն գլխացավերի առաջացման։
Օրգանիզմին կարելի է օգնել հետևյալ եղանակներով.
- ջրազրկումից խուսափելու համար պետք է շատ ջուր խմել,
- խումհարի դեմ հատուկ դեղահաբեր ընդունել,
- ընդունել վիտամին С, որն արագացնում է ալկոհոլի դուրս բերումը։
3 պատճառներ, որոնց դեպքում անհրաժեշտ է բժիշկների օգնությանը դիմել
Երբեմն առավոտյան գլխացավերի առաջացման պատճառները կարող են ավելի լուրջ լինել, որոնք սեփական ուժերով վերացնել հնարավոր չէ։ Այդ պատճառով ավելի լավ է չդանդաղել՝ անուղղակիորեն նպաստելով ախտաբանության զարգացմանը, այլ անմիջապես դիմել համապատասխան բժիշկներին։
Եվ այսպես, ինչու՞ է ամեն առավոտ ցավում գլուխը և ի՞նչ կարելի է անել։
1. Դեպրեսիա
Դեպրեսիվ վիճակում գտնվող մարդու օրգանիզմում «երջանկության հորմոնների» մակարդակը ցածր է։ Այդ մարդիկ հաճախ են քնի հետ խնդիրներ ունենում։ Հնարավոր է անքնության զարգացում կամ` քնի պակասի ու ավելցուկային քնի հերթագայում։ Այս բոլոր գործոնները բերում են հաճախակի գլխացավերի առաջացման։
Այս դեպքերում միայն առավոտյան մարմնամարզությունը բավարար չի լինի, պահանջվում է որակավորված օգնություն և հակադեպրեսանտների ընդունում։
Չի կարելի առանց բժշկի նշանակման դեղեր ընդունել։ Որոշ հոգեմետ դեղեր կարող են առավոտյան գլխացավ առաջացնել։ Այդ պատճառով կարևոր է, որպեսզի բուժումը վերահսկվի փորձառու մասնագետի կողմից։
2. Խռմփոց քնած ժամանակ
Քնած ժամանակ խռմփացնող մադկանց մոտ հնարավոր է ապնոէ։ Խոսքը ախտաբանական վիճակների մասին է, որի ժամանակ տեղի է ունենում շնչառության դադար։ Ապնոէն տևում է ընդամենը մի քանի վայրկյան։ Սակայն դա բավարար է գլխուղեղի թթվածնով մատակարարումը խախտելու համար։ Բժիշկները համարում են, որ այդպիսի հիպօքսիան նպաստում է անոթների լայնացմանը և, համապատասխանաբար, զարկերակային ճնշման բարձրացմանը։ Այդ պատճառով առավոտյան մարդն արթնանում է գլխացավով։
Եթե առավոտյան վատ զգալու պատճառը հենց ապնոէն է, ապա պետք է դիմել բժշկի։ Նա կօգնի գտնել հատուկ սարք, որը կիրառվում է գիշերային քնի ժամանակ։ Այդ սարքը ճնշումը մշտապես նորմայի սահմաններում կպահի։
3. Բրուքսիզմ
Սա ախտաբանություն է, որի ժամանակ մարդը կրճտացնում է ատամները` դրանք ամուր սեղմելով և բնորոշ կրճտոց առաջացնելով։ Բրուքսիզմի ժամանակ նույնպես առավոտյան առաջանում է գլխացավ։
Այս ախտաբանությունն առաջանում է մի շարք փոփոխությունների դեպքում, ինչպիսիք են.
- քնի խանգարումը,
- հանկարծակի արթնանալը,
- ծնոտի մկանային ցավերը,
- ապնոէի առաջացման ռիսկը,
- քունքերի շրջանում բութ ցավի առկայությունը։
Լուրջ պատճառներ, երբ անհրաժեշտ է անհետաձգելի բժշկական օգնություն
Երբեմն գլխացավը կարող է լուրջ ախտաբանության ախտանիշ լինել։ Այս դեպքերում ինքնուրույն բուժման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Հիվանդին անհրաժեշտ է անհետաձգելի բժշկական օգնություն։
Գլխացավը կարող է ազդարարել հետևյալ ախտաբանությունների մասին.
- անևրիզմա,
- գլխուղեղի ուռուցքներ,
- կաթված,
- հիպերտոնիկ կրիզ։
Հետևյալ ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի.
- պարբերաբար գլխացավերի առաջացում՝ շաբաթը 2 անգամ կամ ավելի հաճախ,
- ցավերն ուղեկցվում են անհասկանալի սրտխառնոցով, փսխումով,
- գանգի թարմ վնասվածք, որից հետո սկսվել են գլխացավեր, որին երբեմն կարող են միանալ այլ ախտանիշներ:
- գլխացավի ֆոնին տեղի է ունենում գիտակցության մթագնում, հնարավոր է` ուշագնացություն, գանգատվում է նաև երկտեսությունից և չափազանց թուլությունից,
- առաջանում են ուժեղ, հանկարծակի գլխացավեր, որոնք ուղեկցվում են պարանոցի կարկամությամբ,
- մշտական գլխացավերից գանգատվում է երեխան,
- գլխացավն ուղեկցվում է հևոցով, ցնցումներով։
Լուրջ ախտաբանությունները, որոնք բերում են գլխացավերի առաջացման, բավականին հազվադեպ են ախտորոշվում։ Հաճախ տհաճ զգացողությունների պատճառը կենսակերպի խախտումն է։ Վերականգնելով օրվա ռեժիմը՝ կարելի է լիովին ազատվել գլխացավերից։ Սակայն, եթե ախտաբանությունը հաճախակի և կանոնավոր է անհանգստացնում, անհրաժեշտ է դիմել բժշկի։
Սկզբնաղբյուր` medsovet.info
Sign up here for our newsletter