Home / News / Մելանոման` արդիական խնդիր. մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում

News

Մելանոման` արդիական խնդիր. մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում

17 April 2019 | News | Head and neck surgery | Head and neck tumors | Aram G. Badalyan

Երևանում, ապրիլի 11-12 -ին տեղի ունեցավ մելանոմային և մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում, որի կազմակերպիչն էր Հայկական հակաքաղցկեղային լիգան: Ամեն տարի Հայկական հակաքաղցկեղային լիգան կազմակերպում է ուռուցքային հիվանդությունների խնդիրներին վերաբերող տարբեր ծավալների գիտաժողովներ, սեմինարներ` մասնագիտական տարբեր խմբերի համար: «Նաիրի» բժշկական կենտրոնը միջոցառումների կազմակերպման հիմնական գործընկերն է և մշտապես ցուցաբերում է աջակցություն:

Միջոցառումների նպատակն ուսանելն է, գիտելիքներով և փորձով կիսվելը, որպեսզի աշխարհում առկա տեղեկատվությունը հասանելի լինի մեր բժիշկներին, որպեսզի բուժական ու կանխարգելիչ խնդիրներին նրանց մոտեցումները լինեն արդիական: Հայաստանում շատ բժիշկներ հնարավորություն չունեն մասնակցելու միջազգային գիտաժողովներին, ուստի, միջազգային մասնագետներին հրավիրելով Հայաստան, հնարավոր է դառնում արտերկրի փորձն ու գիտելիքները մատուցել տեղում:

Միջոցառմանը հրավիրված էին տարբեր երկրներից (Ռուսաստանից, Վրաստանից և այլն) բարձրակարգ մասնագետներ:


Ներկայում մելանոման խնդիր է ամբողջ աշխարհում: Նրա տարածվածության տեմպերն արագ աճում են, և անհրաժեշտ է բուժման հարցերում հետ չմնալ: Հայաստանում նույնպես դա լուրջ խնդիր է. փաստացի տարեկան գրանցվում է 100-ից ավելի դեպք, ինչը մեր երկրի համար մեծ թիվ է: Մելանոմայի զարգացմանը նպաստում է արևային գոտում բնակվելը, ինչպիսին նաև մեր երկիրն է: Հյուսիսային երկրներում բնակվողների համար նպաստող գործոն է մաշկի գույնը:

Միջոցառման համակազմակերպիչ, գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ուռուցքաբան Արամ Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց. «Միջոցառման ընթացքում փորձեցինք ներկայացնել մելանոմայի և մաշկային այլ ուռուցքների դեմ պայքարի աշխարհում առկա բոլոր մոտեցումները՝ և՛ վիրաբուժական, և՛ դեղորայքային: Այդ հարցում մենք հետ ենք մնացել, ինչը վերաբերում է և՛ տեխնիկական զարգացումներին, և՛ դեղորայքի ներկրումներին, և՛ ախտորոշման մեջ նորագույն տեխնիկայի կիրառմանը: Պատճառը հասկանալի է. ժամանակակից տեխնիկան և դեղորայքը բավականին թանկարժեք է: Հուսանք, որ հետագայում այդ ամենը հասանելի կդառնա մեր հիվանդներին: Վիրաբուժական փորձի առումով Հայաստանի որոշ վիրաբույժներ ոչնչով չեն զիջում արտերկրի մասնագետներին, այդ առումով հավասար պայմաններում ենք:


Միջոցառմանը հրավիրված էր միկրովիրաբույժների թիմ, որոնք ներկայացրեցին մաշկային մեծ դեֆեկտների դեպքում բուժման մոտեցումները: Մոսկվայից հրավիրված վիրաբույժները և քիմիաթերապևտներն անդրադարձան և՛ վիրաբուժական, և դեղորայքային բուժմանն առնչվող խնդիրներին, իսկ Վրաստանից հրավիրված գործընկերը ներկայացրեց ճառագայթային բուժման արդի մոտեցումները: Հայաստանը ներկայացնող մեր թիմի մասնագետները ներկայացրեցին վերջին 20 տարիների իրենց փորձը, ախորոշման ու վիրաբուժական նորագույն մոտեցումները:

Ս/թ աշնանը սպասվում է վահանաձև գեղձին նվիրված միջոցառում` վահանաձև գեղձի երկրորդ կովկասյան դպրոցը: Եվ, այսուհետև, փորձելու ենք պահպանել մշտական համագործակցություն, տարբեր ծրագրերի շրջանականերում անդրադառնալ տարբեր խնդիրների՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական մասշտաբով, որոնք կլինեն շարունակական ու առավել ծավալային:



Similar articles

Sign up here for our newsletter