Լուրեր
Մելանոման` արդիական խնդիր. մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում
17 Ապրիլ 2019 |Լուրեր | Գլխի և պարանոցի ուռուցքներ | Գլխի և պարանոցի վիրաբուժություն | Արամ Գրիգորի Բադալյան
Երևանում, ապրիլի 11-12 -ին տեղի ունեցավ մելանոմային և մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում, որի կազմակերպիչն էր Հայկական հակաքաղցկեղային լիգան: Ամեն տարի Հայկական հակաքաղցկեղային լիգան կազմակերպում է ուռուցքային հիվանդությունների խնդիրներին վերաբերող տարբեր ծավալների գիտաժողովներ, սեմինարներ` մասնագիտական տարբեր խմբերի համար: «Նաիրի» բժշկական կենտրոնը միջոցառումների կազմակերպման հիմնական գործընկերն է և մշտապես ցուցաբերում է աջակցություն:
Միջոցառումների նպատակն ուսանելն է, գիտելիքներով և փորձով կիսվելը, որպեսզի աշխարհում առկա տեղեկատվությունը հասանելի լինի մեր բժիշկներին, որպեսզի բուժական ու կանխարգելիչ խնդիրներին նրանց մոտեցումները լինեն արդիական: Հայաստանում շատ բժիշկներ հնարավորություն չունեն մասնակցելու միջազգային գիտաժողովներին, ուստի, միջազգային մասնագետներին հրավիրելով Հայաստան, հնարավոր է դառնում արտերկրի փորձն ու գիտելիքները մատուցել տեղում:
Միջոցառմանը հրավիրված էին տարբեր երկրներից (Ռուսաստանից, Վրաստանից և այլն) բարձրակարգ մասնագետներ:
Ներկայում մելանոման խնդիր է ամբողջ աշխարհում: Նրա տարածվածության տեմպերն արագ աճում են, և անհրաժեշտ է բուժման հարցերում հետ չմնալ: Հայաստանում նույնպես դա լուրջ խնդիր է. փաստացի տարեկան գրանցվում է 100-ից ավելի դեպք, ինչը մեր երկրի համար մեծ թիվ է: Մելանոմայի զարգացմանը նպաստում է արևային գոտում բնակվելը, ինչպիսին նաև մեր երկիրն է: Հյուսիսային երկրներում բնակվողների համար նպաստող գործոն է մաշկի գույնը:
Միջոցառման համակազմակերպիչ, գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ուռուցքաբան Արամ Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց. «Միջոցառման ընթացքում փորձեցինք ներկայացնել մելանոմայի և մաշկային այլ ուռուցքների դեմ պայքարի աշխարհում առկա բոլոր մոտեցումները՝ և՛ վիրաբուժական, և՛ դեղորայքային: Այդ հարցում մենք հետ ենք մնացել, ինչը վերաբերում է և՛ տեխնիկական զարգացումներին, և՛ դեղորայքի ներկրումներին, և՛ ախտորոշման մեջ նորագույն տեխնիկայի կիրառմանը: Պատճառը հասկանալի է. ժամանակակից տեխնիկան և դեղորայքը բավականին թանկարժեք է: Հուսանք, որ հետագայում այդ ամենը հասանելի կդառնա մեր հիվանդներին: Վիրաբուժական փորձի առումով Հայաստանի որոշ վիրաբույժներ ոչնչով չեն զիջում արտերկրի մասնագետներին, այդ առումով հավասար պայմաններում ենք:
Միջոցառմանը հրավիրված էր միկրովիրաբույժների թիմ, որոնք ներկայացրեցին մաշկային մեծ դեֆեկտների դեպքում բուժման մոտեցումները: Մոսկվայից հրավիրված վիրաբույժները և քիմիաթերապևտներն անդրադարձան և՛ վիրաբուժական, և դեղորայքային բուժմանն առնչվող խնդիրներին, իսկ Վրաստանից հրավիրված գործընկերը ներկայացրեց ճառագայթային բուժման արդի մոտեցումները: Հայաստանը ներկայացնող մեր թիմի մասնագետները ներկայացրեցին վերջին 20 տարիների իրենց փորձը, ախորոշման ու վիրաբուժական նորագույն մոտեցումները:
Ս/թ աշնանը սպասվում է վահանաձև գեղձին նվիրված միջոցառում` վահանաձև գեղձի երկրորդ կովկասյան դպրոցը: Եվ, այսուհետև, փորձելու ենք պահպանել մշտական համագործակցություն, տարբեր ծրագրերի շրջանականերում անդրադառնալ տարբեր խնդիրների՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական մասշտաբով, որոնք կլինեն շարունակական ու առավել ծավալային:
Նմանատիպ հոդվածներ
Գլխի և պարանոցի ՀՇ և ՄՌՇ դասընթաց
19 Դեկտեմբեր 2023
Մաշկի երիտասարդացում լազերի օգնությամբ
28 Փետրվար 2020
Արգանդի վզիկի “էրոզիա թե դիսպլազիա” տարբերակումը. Անժելա Լեխլյան
28 Օգոստոս 2019
Մաշկի բազալբջջային քաղցկեղ (բազալիոմա)
28 Փետրվար 2022
Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս
03 Դեկտեմբեր 2016
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն