Статьи
Ինչ վտանգների մասին է խոսում ոտքերի այտուցը
11 Август 2021 | Популярные статьи | Кардиология | Терапия
Ոտքերի այտուցը բավականին հաճախ զարգանում է երակների վարիկոզ լայնացման ժամանակ։ Ոտքերի այտուցը հղիության ժամանակ նույնպես հազվադեպ երևույթ չէ, որը կարող է զարգանալ բազմաթիվ պատճառներով, սակայն առավել հաճախ դա հղիության հետևանքով զարգացած վարիկոզի ախտանիշ է։ Այդ պատճառով բազմաթիվ երիտասարդ մայրիկներ հղիությունից հետո նկատում են ոտքերի այտուցների ոչ թե նվազում, այլ նույնիսկ ավելացում։
Վարիկոզի ժամանակ ոտքերի այտուցներն ունեն մեկ առանձնահատկություն, դրանք աստիճանաբար են զարգանում։ Այդ պատճառով երակաբաններին հաճախ դիմում են վարիկոզի այլ ախտանիշներով։ Հիվանդները քիչ ուշադրություն են դարձնում վերջույթների այտուցներին կամ դրանք համարում են այլ հիվանդության հետևանք։
Վարիկոզ հիվանդության զարգացման սկզբում ոտքերն առանձնապես չեն այտուցվում։ Գործընթացն ուղղակիորեն կապված է ուղղահայաց դիրքի հետ, հետևաբար, երեկոյան ոտքերի այտուցն առավել արտահայտված է։ Հանգստից կամ քնից հետո այտուցներն անհետանում են և նորից հայտնվում օրվա երկրորդ կեսին։ Վարիկոզ հիվանդության զարգացմանը զուգընթաց ոտքերի այտուցներն ավելանում են և դառնում առավել նկատելի: Այն ուղեկցվում է մաշկի պիգմենտավորմամբ, խոցերի առաջացմամբ։ Վարիկոզի ժամանակ ոտքերի այտուցները հաճախ անհամաչափ են։
Ինչու՞ են ոտքերն այտուցվում վարիկոզ հիվանդության ժամանակ
Վարիկոզը, ինչպես մեզ հայտնի է, արյան հոսքի խանգարումն է։ Որպես հետևանք, խոշոր երակներում ճնշումը բարձրանում է, այնուհետև` փոքր երակներում։ Այդպիսով` մազանոթներում ճնշումն ավելի բարձր է լինում, քան միջբջջային տարածությունում։ Տեղի է ունենում անոթներից հեղուկի անցում հյուսվածքներ։ Դրանով էլ բացատրվում է այտուցների առաջացումը։
Ոտքերի այտուցի այլ պատճառներ
Ոտքերի այտուցները կարող են վկայել նաև օրգանիզմի այլ օրգաններում և համակարգերում խանգարումների մասին։ Այսպես, մեկ կամ երկու ոտքերի արտահայտված այտուցը, որը չի անցնում մի քանի ժամից մինչև մի քանի օրվա ընթացքում, բնորոշ չէ երակների վարիկոզ լայնացմանը։ Մեկ ոտքի արտահայտված այտուցը հաճախ խորանիստ երակների սուր թրոմբոզի հետևանք է, իսկ երկու ոտքերի այտուցը՝ թրոմբոզի կամ սուր սրտային անբավարարության հետևանք։
Սրտային անբավարարության այտուցների առանձնահատկությունն այտուցի նշանակալի կախվածությունն է մարմնի դիրքից։ Այսպես, մշտական շարժման ժամանակ երկու ոտքերն այտուցվում են համաչափ՝ հիմնականում սրունքների վրա։ Պառկած հիվանդների մոտ «սրտային այտուցներն» առաջանում են գոտկային շրջանում։
Ոտքերի այտուցները կարող են նաև սուր թրոմբոֆլեբիտի ախտանիշ լինել։ Սակայն թրոմբոֆլեբիտի ժամանակ այտուցն անպայման ուղեկցվում է բորբոքական գործընթացով` կարմրածություն, ջերմություն, երակի ընթացքով առաջացող ցավ։
Ոտքերի այտուցի ցանկացած բուժում ենթադրում է այտուցի պատճառ հանդիսացող հիվանդության բուժում։ Ոտքերի այտուցը հանող միզամուղներ խորհուրդ չի տրվում։ Այս դեղերը միշտ չէ, որ թույլատրելի է ոտքերի այտուցի ժամանակ ։
Որպես կանոն, այտուցներն ազդարարում են որևէ հիվանդության առկայության մասին, այդ պատճառով անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Պետք է դիմել երակաբանի և սրտաբանի։ Ոտքերի այտուցների պատճառների հայտնաբերմամբ և բուժմամբ պետք է զբաղվեն մասնագետները։
Подпишитесь на нашу рассылку