Новости
Քնի խանգարումներ
18 Ноябрь 2022 | Новости | Нервная система (хирургия головы и спинного мозга)
Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք վերականգնել ուժերն ու աշխատունակությունը, ինչը նվազեցնում է կյանքի որակը։ Այս կամ այն աստիճանի քնի խանգարում լինում է մեծահասակ բնակչության գրեթե կեսի մոտ, սակայն միայն 9–15%-ի մոտ է նման խնդիրը կլինիկական նշանակություն ունենում։ Տարեցների մոտ քրոնիկ անքնությունն առավել հաճախ է հանդիպում, քան երիտասարդների մոտ՝ ավելի քան 55% դեպքերում։
Քնի ցանկացած խանգարման դեպքում մարդը նշում է հոգնածություն, ուշադրության կամ հիշողության նվազում, ընկճվածություն, դեպրեսիա, կենսական ակտիվության նվազում։
Քնի խանգարման տեսակները
Ըստ քնի խանգարման պատճառի՝ տարբերում են առաջնային և երկրորդային անքնություն։ Առաջնային անքնության ախտորոշման դեպքում քնի խանգարման օրգանական, հոգեկան, նյարդաբանական պատճառներ չեն հայտնաբերվում։ Երկրորդային անքնությունը տարբեր հիվանդությունների, դեղերի ընդունման կամ անբարենպաստ արտաքին պայմանների հետևանք է։
Քնի խանգարումները կարող են լինել սուր (անցողիկ), կարճաժամկետ (մինչև 6 ամիս) և քրոնիկ (կես տարուց ավել)։ Քնի սուր խանգարում կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ` սթրեսի ազդեցությամբ, գերգրգռվածության պատճառով կամ ժամային գոտու փոփոխության հետ կապված։ Քրոնիկ անքնություն զարգանում է վերջինիս նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ, որոնք հատկապես արտահայտված են տարեցների, կանանց մոտ, նաև մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով օրական քնում են 5 ժամից ավելի պակաս: Այդ թվում են նաև մարդիկ, ովքեր երկար ժամանակ աշխատանք չունեն, ամուսնալուծված են, տարել են հոգեբանական և հոգեկան տրավմաներ, տառապում են քրոնիկ հիվանդություններով և այլն։
Քնի խանգարման հնարավոր պատճառները
Քնելու դժվարությունը հիվանդների ամենահաճախ հանդիպող գանգատն է։ Պառկելիս քնելու ցանկությունը տարբեր պատճառներով անհետանում է։ Դրանք կարող են լինել տհաճ մտքերը և հիշողությունները, ոտքերի անհանգստության հետևանքով հարմար դիրք գտնելու անկարողությունը, ցավը կամ քորը, կողմնակի ձայները։ Թեթև քնկոտությունը խանգարվում է նույնիսկ նվազագույն աղմուկի դեպքում, իսկ քնելուց հետո երբեմն համարում է, որ «ոչ մի րոպե չի քնել»։
Քնի դժվարացման պատճառները բազմաթիվ են, մասնավորապես՝ անբավարար հոգնածությունը, երկարատև անկողնում գտնվելը, անկանոն քունը, տագնապը, քոր և ցավ առաջացնող հիվանդությունները և այլն։
Հաճախ հանդիպող գանգատներից է ստորին վերջույթների տհաճ զգացողությունը (կարծես մրջյուններ են սողում, դող, ծակծկոց, այրոց, ջղաձգում), որը ստիպում է անընդհատ փոխել ոտքերի դիրքը (անհանգիստ ոտքերի համախտանիշ)։ Ախտանիշները զգալիորեն թուլանում կամ լիովին անհետանում են շարժումների ժամանակ։ Լավագույն ազդեցություն հաճախ թողնում է սովորական քայլքը կամ պարզապես կանգնելը։
Վերջին ժամանակները մեծացել է այն հիվանդների թիվը, որոնց մոտ քնի խանգարումներ առաջացել են երեկոյան ժամերին գրգռող ըմպելիքի ընդունման հետևանքով (թեյ, սուրճ, էներգետիկներ), ինչպես նաև դեղերի (կոֆեին, հոգեխթանիչներ, որոշ հակադեպրեսանտներ, նեյրոլեպտիկներ, նոոտրոպներ) չարաշահման պատճառով։
Քնի պահպանման խնդիրները հիմնականում դրսևորվում են հաճախ արթնացումներով, որոնցից հետո դժվարացած է նորից քնելը, ինչպես նաև «մակերեսային քնի» զգացողություններով։ Արթնանալու պատճառները ամենատարբեր են (երազներ, վախեր, մղձավանջներ, շնչառության խանգարումներ, սրտխփոցներ, միզարձակման կանչեր)։
Հաճախ քրոնիկ անքնությունը կարող է լինել նյարդաբանական և հոգեկան հիվանդությունների ախտանիշ։
Վատ քնի գանգատները բնորոշ են կաթվածով, դեմենցիայով, Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց։ Այնպիսի հոգեկան հիվանդությունները, ինչպիսիք են դեպրեսիան, շիզոֆրենիան, տագնապային-մանիակալ վիճակները, նույնպես ուղեկցվում են քնի խանգարումներով։
Շատ դեպքերում գիշերը հաճախ արթնանալը կապված է քնի ապնոէի համախտանիշի հետ։ Այս շնչական խանգարումներն առաջանում են խռմփոցի ժամանակ ներշնչելիս ըմպանային օղի փափուկ հյուսվածքների անկման հետևանքով և բնորոշվում են շնչառության կարճատև կանգով, որն ուղեկցվում է արյան մեջ թթվածնի մակարդակի նվազմամբ և քնի ընդհատմամբ։
Ցիրկադային ռիթմի խանգարումը գրեթե միշտ բերում է քրոնիկ անքնության։ Այսպիսի իրավիճակ առաջանում է հերթափոխային աշխատանքի ժամանակ, ինչպես նաև երեկոյան ժամերին հեռուստացույցի կամ համակարգչի մոտ երկար նստելուց հետո։ Երեկոյան և գիշերային ժամերին էկրանների կապույտ լույսի ավելցուկը պայմանավորում է դեսինքրոնոզը, որն էլ քնի խանգարման պատճառ է դառնում։
Հաճախակի արթնացումները կարող են լինել սիրտ-անոթային (առիթմիաներ, զարկերակային գերճնշում), թոքային (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ), ոսկրամկանային (արթրիտներ, ռևմատիզմ), միզասեռական (պրոստատիտ, անմիզապահություն) և էնդոկրին հիվանդությունների հետևանք։
Առավոտյան վաղ արթնացման խնդիրներ դիտվում են տարեցների, դեպրեսիվ խանգարումներով և խուճապային գրոհներով տառապող մարդկանց մոտ։ Որպես կանոն, քունն ընդհատվում է առավոտյան ժամը 4-5-ը և այլևս չի վերականգնվում։ Արթնանալուց անմիջապես հետո հիվանդները նշում են բացասական մտքերի գրոհ։ Առավոտյան և օրվա ընթացքում նրանք գանգատվում են «կոտրտված» վիճակից, աշխատունակության անկումից, մշտական քնկոտությունից։
Ո՞ւմ դիմել քնի խանգարումների դեպքում:
Առաջնահերթ պետք է դիմել թերապևտին՝ անքնության իրական պատճառը պարզելու համար, և քնի խանգարման բերող հնարավոր ուղեկցող հիվանդությունները հայտնաբերելու համար։
Դեպրեսիվ համախտանիշի կասկածի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել հոգեթերապևտի կամ նյարդաբանի հետ։ Հոգենյարդաբանական խանգարումների արդյունավետ բուժման դեպքում քունը, որպես կանոն, կարգավորվում է։
Եթե քնի խանգարման ախտորոշումը դժվարացած է, թերապևտը պացիենտին ուղեգրում է սոմնոլոգի (քնաբան) մոտ։
Ախտորոշումը` քնի խանգարման ժամանակ
Քնի խանգարման ախտորոշման համար, առաջին հերթին, պետք է պարզել՝ անքնությունն առաջնայի՞ն, թե՞ երկրորդային բնույթ ունի։ Պետք է հաշվի առնել, որ քնի խանգարումը մոտավորապես 80% դեպքերում տարբեր հիվանդությունների հետևանք է։ Քնի խանգարման գանգատների հետ միասին պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները՝ խռմփոց, ավելորդ քաշ, զարկերակային գերճնշում, նյարդաբանական խանգարումներ (տարած կաթված, գանգուղեղային վնասվածք), տարբեր հիվանդություններ, որոնք գիշերային ժամերին կարող են ցավային համախտանիշ (ռևմատիզմ, միալգիաներ, տարբեր ծագման արթրիտներ) կամ քոր (պսորիազ, հերպես, վահանաձև գեղձի և լյարդի հիվանդություններ) առաջացնել։
Հոգեկան խանգարումների կասկածի դեպքում նպատակահարմար է դիմել հոգեթերապևտի խորհրդատվության։ Դեպրեսիվ վիճակներին բնորոշ նշաններն են վատ տրամադրությունը, կյանքի նկատմամբ պասիվ վերաբերմունքը, դյուրհոգնելիությունը, ուշադրության կենտրոնացման իջեցումը, արգելակված վիճակը, ցածր ինքնագնահատականը, մեղքի զգացումը։
Ուղեկցող հիվանդությունները բացառելու համար պետք է վերլուծել քնի պայմանները (լուսավորվածությունը, օդի ջերմաստիճանը, կողմնակի աղմուկները)՝ ուշադրություն դարձնելով քնի հիգիենայի կարևորագույն գործոնների վրա, ինչպիսիք են քնից առաջ հանգստանալը կամ աշխատելը, հեռուստատեսային ծրագրերի դիտումը, ընթերցանությունը։
Եթե հիվանդը նշում է վախ` անքնությունից, քնելու ունակության կասկած, խոսքն առաջնային կամ հոգեֆիզիոլոգիական անքնության մասին է։
Այս ախտորոշման օգտին են խոսում հետևյալ փաստերը. մարդն ավելի լավ քնում է հյուրերի տանը, հանգստյան տանը, նրան բնորոշ է երեկոյան և գիշերային ժամերին բարձր մտավոր ակտիվությունը, նա զգում է մկանային լարվածություն, որը թույլ չի տալիս նրան թուլանալ անկողնում։ Որպես կանոն, անքնության այս տեսակը պայմանավորված է սթրեսով և գործունեության որևէ կարևոր ոլորտում խնդիրների առկայությամբ, և կապված չէ այլ հիվանդությունների կամ գրգռող նյութերի ընդունման հետ։
Ախտորոշման և բուժման դժվարացման դեպքում բժիշկը նշանակում է պոլիսոմնոգրաֆիկ հետազոտություն։
Ի՞նչ անել քնի խանգարման դեպքում:
Անքնության ցանկացած ձևի ժամանակ հիմնական խորհուրդը քնի հիգիենային հետևելն է։
Պետք է հրաժարվել երեկոյան ժամերին գրգռող ըմպելիքներ, ծանր, դժվարամարս մթերք ընդունելուց։ Չի կարելի պառկել քնելու գրգռված, զայրացած, նեղացած վիճակում։ Պետք է բացառել ցերեկային քունը, հատկապես ճաշից հետո։ Բոլոր ֆիզիկական վարժությունները ցանկալի է կատարել քնից առնվազն երեք ժամ առաջ, մահճակալում սահմանափակել ակտիվությունը (չլսել ռադիո, հեռուստացույց չնայել, հետաձգել հեռախոսազանգերը մինչև առավոտ), սենյակում կարգավորել ջերմաստիճանը, վերացնել աղմուկի աղբյուրները, նվազեցնել սթրեսային ծանրաբեռնվածությունը, կանոնավոր զբաղվել սպորտով։
Ցանկալի է ստեղծել քնելու սեփական ծեսը, ներառյալ, օրինակ՝ քնից առաջ զբոսանքը, սառը ցնցուղը։ Եթե կես ժամից ավելի չեք կարողանում քնել, պետք չէ շարունակել անկողնում պառկած մնալ։ Ավելի լավ է փորձել որևէ հանգիստ բանով զբաղվել և նորից փորձել քնել` ցանկության դեպքում միայն։
Ցանկալի է արթնանալ միևնույն ժամին, ինչպես նաև նույն ժամին քնել՝ քնի սահմանված ժամին ավելացնելով 15-20 րոպե` հանգստանալու համար։
Քնի խանգարման բուժումը
Նույնիսկ արտահայտված անքնության դեպքում պետք չէ բուժումն սկսել քնաբերներ հաբերով։ Բուսական միջոցները երբեմն դրական ազդեցություն ունեն՝ առանց ընտելացման խնդիրներ առաջացնելու։ Դրանք արթնանալուց հետո թուլություն, քնկոտություն չեն առաջացնում, և կարող են խորհուրդ տրվել ցերեկային աշխատանքի ժամանակ, որը պահանջում է կենտրոնացում և մոտորիկայի վերահսկում։
Քնաբեր հաբերի ընդունման տևողությունը պետք է չգերազանցի 3-4 շաբաթը և միայն բժշկի կողմից նշանակված դեղաչափերով։
Տարեցներին քնաբեր հաբեր խորհուրդ է տրվում ընդունել սովորականից կրկնակի քիչ դեղաչափով։ Բժշկին պետք է տեղեկացնել ուղեկցող հիվանդությունների կապակցությամբ ընդունվող այլ դեղերի մասին։ Պետք է խուսափել կեսգիշերից հետո երկարատև կիսադուրսբերման պարբերությամբ դեղերի ընդունումից, այդ դեպքում հաջորդ օրը չի կարելի մեքենա վարել և ուշադրության կենտրոնացում պահանջող աշխատանք կատարել։ Դեղի ընդունման հաջորդ օրն առաջացած գլխապտույտի, անվստահության, ուշադրության թուլության կամ քնկոտության դեպքում պետք է այդ մասին հայտնել բժշկին։
Ոչ մի դեպքում չի կարելի քնաբեր հաբերի հետ միաժամանակ սպիրտային խմիչքներ օգտագործել, դրանց փոխազդեցությունը կարող է օրգանիզմում անդարձելի փոփոխություններ առաջացնել, ընդհուպ մինչև մահ։
Քնած ժամանակ շնչառության դժվարացումը, խռմփոցը, ապնոէն հակացուցում են մի շարք քնաբեր հաբերի նշանակման համար։
Подпишитесь на нашу рассылку