Հոդվածներ
Աղիների դիվերտիկուլներ (դիվերտիկուլոզ)
03 Սեպտեմբեր 2020 | Հանրամատչելի հոդվածներ | Գաստրոէնտերոլոգ
Դիվերտիկուլոզին բնորոշ է աղիների պատի պարկաձև արտափքումները, որոնք, որպես կանոն, լինում են բնածին՝ շարակցական հյուսվածքի թուլության ֆոնին։ Դիվերտիկուլները հաճախ բազմաթիվ են լինում և տեղակայվում են հաստ աղու ձախ կեսում։
Ռիսկի գործոնները
Կարևոր գործոններից է բուսական բջջանքով աղքատ սննդակարգը։
Ախտանիշները
Հիվանդությունը հիմնականում զարգանում է անախտանիշ և հայտնաբերվում է պատահական` հետազոտության ժամանակ։ Ախտանիշների՝ մասնավորապես ցավային համախտանիշի, առաջացումը պայմանավորված է դիվերտիկուլի խոռոչում աղիների պարունակության կանգով։
Ախտորոշումը
Դիվերտիկուլի հայտնաբերման հիմնական գործիքային եղանակները իրիգոսկոպիան և կոլոնոսկոպիան են։ Իրիգոսկոպիան հնարավորություն է տալիս դիտել հաստ աղու կառուցվածքի և ռելիեֆի առանձնահատկություններն` ամբողջ երկայնքով, կոլոնոսկոպիան հնարավորություն է տալիս գնահատել հաստ աղու ներքին մակերեսի վիճակը։
Բուժումը
Բուժումն իրականացվում է թերապևտի, գաստրոէնտերոլոգի, պրոկտոլոգի հետ համատեղ և ներառում է մեծ քանակությամբ բջջանք պարունակող սննդակարգ, ինչպես նաև սպազմոլիտիկների, պրոկինետիկների, իսկ ծանր դեպքերում՝ հակաբակտերիալ պատրաստուկների նշանակում։
Հնարավոր բարդությունները
Դիվերտիկուլներում կղանքային պարունակության երկարատև կանգի դեպքում առաջանում է դիվերտիկուլիտ, որը դիվերտիկուլոզի ամենահաճախ հանդիպող բարդությունն է։ Սուր դիվերտիկուլիտի դեպքում ցուցված է հոսպիտալացում` վիրաբուժական ստացիոնարում։ Դիվերտիկուլի թափածակման և որովայնի խոռոչ` աղիքային պարունակության թափանցման դեպքում, առաջանում է պերիտոնիտի զարգացման ռիսկ, որի դեպքում հիվանդին ցուցված է անհետաձգելի վիրահատություն։
Հետագա հսկողությունը
Թերապևտի, կոլոպրոկտոլոգի հսկողության կարիք ունեն.
- 60 տարեկանն անց հիվանդները,
- որովայնի ձախ կեսում հաճախակի ցավեր ունեցող պացիենտները,
- պացիենտները, որոնք հաստ աղու տոնուսի կայուն բարձրացում ունեն և վատ են արձագանքում դեղորայքային բուժմանը,
- պացիենտները, որոնց մոտ գործիքային հետազոտությունների ընթացքում հայտնաբերում են աղիների ձևախախտումներ:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն