Հոդվածներ

Եղնջացան

29 Օգոստոս 2019 | Հանրամատչելի հոդվածներ | Ալերգոլոգիա | Թերապիա | Մաշկաբանություն և կոսմետոլոգիա

Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով:

Առաջացման պատճառները

Ֆիզիկական ՝ ջերմային, մեխանիկական:
Քիմիական ՝ դեղերի (պենիցիլամիններ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, B խմբի վիտամիններ), սննդանյութերի նկատմամբ ռեակցիայի դրսևորմամբ:
Ներքին պատճառներ՝ աղեստամոքսային ուղու, նյարդային համակարգի հիվանդություններ, քրոնիկական վարակի օջախներ, վահանաձև գեղձի հիվանդություններ, մակաբուծային, սնկային ախտահարումներ:

Երբեմն եղնջացանը կարող է առաջանալ դեղորայքային և սննդային ալերգիայի առկայության, շիճուկների, վակցինաների ներարկման, արյան փոխներարկման դեպքերում: Ալերգենի դեր կարող են խաղալ ճեղքված սպիտակուցները, թունավոր նյութերը, մանրէները:

Կլինիկական դրսևորումները

Սուր եղնջացանը կարող է ուղեկցվել մարմնի, վերջույթների և բերանի խոռոչի լորձաթաղանթի ցանավորմամբ, ընդհուպ` մինչև լեզվի, փափուկ քիմքի, կոկորդի այտուց, ինչը պահանջում է անհետաձգելի բժշկական միջամտություն (շտապ օգնություն):

Կրկնվող քրոնիկական եղնջացանը զարգանում է քրոնիկական վարակի օջախների ֆոնին (քրոնիկական տոնզիլիտ)՝ լյարդի ֆունկցիայի խանգարումների ժամանակ:

Արևային եղնջացանը հիմնականում առաջանում է գարնանը և ամռանը, ու պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ գերզգայնությամբ:
Ցրտային եղնջացանը դրսևորվում է ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ, պայմանավորված է որոշ սպիտակուցների՝ կրիոգլոբուլինների կուտակմամբ, որոնք օժտված են իմունաբանական հատկություններով:
Շփումային եղնջացանը կարող է զարգանալ հյուսվածքների (բուրդ, մետաքս), կենդանիների բրդի, կոսմետիկայի (լաքեր, աէրոզոլներ, դեզոդորանտներ), դեղերի (հակաբիոտիկներով քսուկներ), բույսերի (եղինջ), նիկելի աղերի, սինթետիկ նյութերի հետ շփման ժամանակ:

Ախտորոշումը

Եղնջացանն ախտորոշվում է կլինիկական դրսևորումների հիման վրա:

Բուժումը

Ներառում է հակահիստամինային դեղերի ընդունում, հակահիստամինային և կորտիկոստերոիդային միջոցների արտաքին կիրառում, ավելի ծանր դեպքերում` կորտիկոստերոիդների համակարգային կիրառում:

Հսկողությունը

Եղնջացանի հաճախակի դրսևորումները պահանջում են մաշկաբանի, երբեմն ալերգոլոգ-իմունոլոգի, ինչպես նաև այլ մասնագետների խորհրդատվություն: Խորհուրդ է տրվում իրականացնել արյան ընդհանուր, կենսաքիմիական հետազոտություն, մեզի ընդհանուր հետազոտություն և այլն:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն