Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Գտնել և վնասազերծել. ի՞նչ նշաններով կարելի է ախտորոշել թրոմբը

Հոդվածներ

Գտնել և վնասազերծել. ի՞նչ նշաններով կարելի է ախտորոշել թրոմբը

08 Դեկտեմբեր 2020 | Հանրամատչելի հոդվածներ | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա


Թրոմբի առաջացումը հաճախ ասոցացվում է վտանգ ներկայացնող իրավիճակի հետ։ Մինչև XIX դարն այս ախտաբանությունը բժիշկների համար իսկական հանելուկ էր։ Եվ միայն գերմանացի ախտաբանաանատոմ Ռուդոլֆ Վիրխովի շնորհիվ աշխարհն իմացավ թրոմբի պատճառների և ախտանիշների մասին, ինչն էլ օգնեց գտնել հիվանդության բուժման ճիշտ մեթոդները։

Ի՞նչ է թրոմբը

Անոթների մեջ ձևավորված արյան մակարդուկները բժշկության մեջ ընդունված է թրոմբ անվանել։ Ինչու՞ են դրանք առաջանում։ Մարդու օրգանիզմում գործում են տարբեր կենսաբանական համակարգեր։ Դրանցից մեկը հեմոստազի համակարգն է։ 

Այն միանգամից մի քանի կարևոր խնդիր է իրականացնում.

  • ապահովում է արյան հեղուկ վիճակը,
  • վնասման կամ վիրավորման դեպքում ձևավորում է թրոմբներ,
  • լուծում է թրոմբները։

Օրգանիզմում տեղի ունեցած ցանկացած արյունահոսության դեպքում (վիրավորումներ, կտրվածքներ) սկսվում է թրոմբագոյացման գործընթացը։ Վերքի շուրջը հավաքվում են թրոմբոցիտները (արյան բջիջները) և սոսնձվում միմյանց։ Իսկ որպեսզի առաջացած այդ համակարգն ամուր լինի, թրոմբոցիտային միացությունները պատվում են ֆիբրինով (հատուկ սպիտակուցային թելերով)։ Ձևավորված արյան մակարդուկը լիովին փակում է վերքը։ Այս պատասխան ռեակցիան մարդուն պաշտպանում է զանգվածային արյան կորստից։ Առողջ օրգանիզմում ավելորդ թրոմբները պարզապես լուծվում են։

Սակայն երբեմն, որոշ գործոնների ազդեցության տակ, արյան մակարդուկներ կարող են առաջանալ անոթների մեջ։ Այդ դեպքում դրանք սպառնում են ինֆարկտի, կաթվածի, օրգանների իշեմիկ վնասման, վերջույթների գանգրենայի զարգացմամբ։

Թրոմբների առաջացման պատճառները

Մարդու օրգանիզմում թրոմբների առաջացման գլխավոր փուլերը հայտնաբերվել են Վիրխովի կողմից։ Դրանք երեքն են և առայսօր արդիական են։

Թրոմբի առաջացման պատճառներն են.

  1. անոթների պատի ախտաբանական վիճակը, որը կարող է տարած վնասվածքների, վարակների կամ վիրահատական միջամտությունների հետևանք լինել,
  2. արյունամատակարարման դանդաղում. մակարդուկները հաճախ առաջանում են այն շրջաններում, որտեղ կա արյան կանգ, ինչը բնորոշ է քիչ շարժուն մարդկանց,
  3. արյան բաղադրության խանգարում. մածուցիկության բարձրացման դեպքում առաջանում է թրոմբների ձևավորման ռիսկ, որը կարող է առաջանալ գենետիկ խանգարումների կամ աուտոիմուն հիվանդությունների պատճառով։

Ըստ տեղակայման, թրոմբները լինում են երակային և զարկերակային։ Առաջինները հաճախ առաջանում են վիրահատություններից, քիմիաթերապիայից և ճառագայթային բուժումից հետո։ Սովորաբար, զարկերակային թրոմբների պատճառը` անոթներում խոլեսթերինային վահանիկների առկայությունն է։

Նպաստող գործոնները

Օրգանիզմում թրոմբագոյացման գործընթացի համար պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ։ Մակարդուկների առաջացման գործոնները բազմաթիվ են։ Դրանք են` տարիքը, քրոնիկական հիվանդությունները և, նույնիսկ, սխալ կենսակերպը։ Եվ այսպես, ինչու՞ են առաջանում թրոմբները։

Արյան մակարդուկների առաջացման ռիսկն աճում է հետևյալ պատճառների ֆոնին.

  • ճարպակալում,
  • վերջույթների վնասվածքներ (ստորին), որոնք բերում են շարժունակության սահմանափակման,
  • թերշարժունություն,
  • տարիք (40-ն անց),
  • հղիություն,
  • անկողնային ռեժիմ՝ պայմանավորված վնասվածքներով, ծանր հիվանդություններով ( 3 օրից ավելի),
  • տարած վիրահատություններ,
  • երկար ճանապարհորդություններ, որոնք ուղեկցվում են անշարժությամբ (թռիչք` ինքնաթիռով, ուղևորություն` մեքենայով, ավտոբուսով),
  • հորմոնային պատրաստուկների և հակաբեղմնավորիչների ընդունում,
  • աուտոիմուն հիվանդություններ,
  • ծխելը,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • վարիկոզ,
  • թոքերի ծանր ախտահարումներ,
  • սրտային անբավարարություն,
  • անամնեզում` իշեմիկ կաթված,
  • խիստ սննդակարգեր,
  • քրոնիկական կամ սուր վարակներ,
  • գենետիկ նախատրամադրվածություն,
  • աթերոսկլերոզ,
  • սթրեսներ, դեպրեսիա։

Ինչո՞վ են վտանգավոր թրոմբները

Եթե արյան մակարդուկները փակում են վերքերը, ապա այդ գործընթացները կենսականորեն անհրաժեշտ են օրգանիզմի համար։ Սակայն, երբեմն հնարավոր են խանգարումներ, որոնց ժամանակ թրոմբոցիտները սկսում են կպչել միմյանց՝ առանց որևէ միջամտության կամ արյունահոսության։ Այս դեպքում թրոմբների առաջացումը լուրջ վտանգ է ներկայացնում:

  • Եթե մակարդուկն անցնում է ուղեղի անոթներ, կարող է առաջացնել իշեմիկ կաթված:
  • Սրտի մեջ թրոմբի ներթափանցման դեպքում այն սպառնում է սրտամկանի ինֆարկտով:
  • Թոքային անոթի խցանումը բերում է էմբոլիայի առաջացման:
  • Վերջույթների անոթները խցանող թրոմբները կարող են բերել փտախտի զարգացման։

Մարդուն փրկելու համար անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել։ Բժիշկներն օրգանիզմ ներմուծում են պատրաստուկներ, որոնք կարող են լուծել թրոմբը։ Կաթվածի զարգացման դեպքում վերականգնման համար որոշիչ դեր են կատարում հետագա 3,5 ժամը։

Ինչպե՞ս պարզել թրոմբի առկայությունը

Անոթի մեջ թրոմբի առաջացումը կրում է թրոմբոզ անվանումը։ Հիմնականում թրոմբներ առաջանում են վերին և ստորին վերջույթների երակներում, որտեղից արյան հոսքով տարածվում են դեպի օրգանիզմի տարբեր հատվածներ։ Երակային թրոմբոզը կարող է ընդգրկել խորանիստ կամ մակերեսային երակները։ Առավել վտանգավոր է համարվում խորանիստ երակների թրոմբոզը։ Այս ախտաբանությունը կարող է ընթանալ բացարձակ անախտանիշ։ Հիվանդին ոչինչ չի անհանգստացնում։

Տհաճ հետևանքներից խուսափելու համար պետք է հասկանալ, թե ինչ նշաններով է օրգանիզմը ազդարարում թրոմբի ձևավորման մասին։

Ախտաբանության նշանները

Օրգանիզմում թրոմբների առկայության մասին կարող են վկայել հետևյալ ախտանիշները.

  • Քրոնիկական հոգնածություն։ Այս ախտանիշը հաճախ ազդարարում է օրգանիզմում առկա խանգարումների մասին։ Եթե հոգնածությունը երկարատև է պահպանվում, ապա կա թրոմբոզի հավանականություն։
  • Վերջույթի այտուց, կարմրություն։ Վերին կամ ստորին վերջույթում թրոմբի առկայության դեպքում, վերջույթն այդ հատվածում կարող է այտուցվել՝ արյունամատակարարման վատացման հետևանքով։ Այտուցված մասը կարող է կարմրել կամ ձեռք բերել կապտամանուշակագույն երանգ։ Երբեմն, այն շոշափելիս տաք է և քոր է գալիս։ Սրանք վտանգավոր ախտանիշներ են, որոնք կարող են վկայել թրոմբի պոկվելու մասին։
  • Ցավ վերջույթներում։ Եթե ձեռքերի կամ ոտքերի ցավը կապված չէ վնասվածքի հետ, ապա պետք է ուշադիր լինել սեփական վերջույթների նկատմամբ։ Պետք է քայլել, մի քանի անգամ ծալել ոտքերը (ձեռքերը), սեղմել ախտահարված հատվածները։ Եթե այդ գործողությունները ուժեղացնում են ցավերը, ապա, ամենայն հավանականությամբ, առկա է խորանիստ երակների թրոմբոզ։
  • Դժվարացած շնչառություն։ Օդի պակասի զգացումը բավականին տհաճ նշան է։ Դժվարացած շնչառությունը կարող է վկայել թոքերում թրոմբի առկայության մասին, իսկ զուգակցված հազը՝ զարկերակի խցանման մասին (բժիշկներն այս ախտաբանությունը կոչում են թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա), որը շատ վտանգավոր վիճակ է։ Այդ պատճառով ախտաբանության առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել։
  • Հաճախացած սրտխփոց։ Այս ախտանիշը հաճախ ուղեկցվում է դժվարացած շնչառությամբ։ Սա ևս օրգանիզմի կողմից ազդակ է, որը վկայում է թոքերում թրոմբի մասին։
  • Ցավ կրծքավանդակում։ Եթե այն զուգակցվում է դժվարացած շնչառության հետ, կարող է վկայել թոքային էմբոլիայի մասին։ Սակայն, երբեմն կրծքավանդակի ցավերը վկայում են սրտում թրոմբի առկայության մասին, որը կարող է բերել ինֆարկտի։
  • Արտահայտված քրտնարտադրություն, տենդ։ Այս նշանները վկայում են երիկամային անոթների թրոմբոզի մասին։ Արյան մակարդուկները խանգարում են երիկամներից դուրս բերել կենսագործունեության արգասիքները, ինչը ուժեղացված քրտնարտադրության, տենդի առաջացման պատճառ է դառնում ։ Բարձիթողի դեպքերում զարգանում է կայուն գերճնշում։ Հետագայում հնարավոր է երիկամային անբավարարության զարգացում։
  • Արտահայտված գլխացավ։ Ուղեղում թրոմբի առկայության դեպքում առաջանում է ուժեղ գլխացավ, որը կարող է ուղեկցվել գլխապտույտով, հնարավոր է ուշագնացություն: Այդ ցավի ժամանակ հնարավոր չէ կենտրոնանալ և սովորական դեղերով չի անցնում։ Անհրաժեշտ է շտապօգնություն կանչել, քանի որ կարող է կաթված զարգանալ։

Թրոմբոզի ախտորոշումը

Եթե թրոմբի առաջացման կասկած կա, ապա անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկա, հիվանդանոց, անոթային վիրաբուժության մասնագիտացված կենտրոն, ֆլեբոլոգի կամ ընտանեկան բժշկի։ Մասնագետները կնշանակեն համալիր հետազոտություն։

Թրոմբների ախտորոշման ոսկե ստանդարտ ընդունված է համարել ուլտրաձայնային դուպլեքս սքանավորումը։ Այն հնարավորություն է տալիս որոշել մակարդուկների տեղակայումը, չափերը, բնույթը և երկարությունը։ Այս հետազոտությունը հայտնաբերում է նույնիսկ անախտանիշ թրոմբոզները։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն