Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Ի՞նչ անել, եթե շփվել եք COVID-19-ով վարակվածի հետ

Հոդվածներ

Ի՞նչ անել, եթե շփվել եք COVID-19-ով վարակվածի հետ

04 Դեկտեմբեր 2020 | Հանրամատչելի հոդվածներ | Թերապիա

Ինչպե՞ս պաշտպանվել և պաշտպանել շրջապատը, եթե հայտնի չէ, թե ով է վարակված:

Հետևե՛ք զգուշության տարրական կանոններին. շրջապատից գտնվեք անվտանգ հեռավորության վրա, դիմակ կրեք, լավ օդափոխեք շինությունը, խուսափեք մարդկային կուտակումներից, լվացեք ձեռքերը և հազի կամ փռշտոցի ժամանակ փակեք քիթը և բերանը արմնկածալքով կամ անձեռոցիկով: Հետևե՛ք Ձեր բնակավայրի կամ աշխատավայրի համար տրված ցուցումներին: Կատարեք հնարավորինս:

Մանրամասն ծանոթացեք բնակչության համար նախատեսված խորհուրդներին:

Ի՞նչ անել, եթե սերտ շփում եք ունեցել COVID-19-ով վարակվածի հետ

Եթե շփվել եք հիվանդի հետ, նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում, չի կարելի բացառել COVID-19-ով վարակումը:

COVID-19-ով հիվանդի հետ շփումից հետո անհրաժեշտ է.

  • զանգահարել առողջապահական ծառայությունների մատակարարին կամ COVID-19-ի դեմ պայքարի «թեժ գիծ» և ճշտել՝ որտեղ և երբ կարող եք թեստավորվել,
  • համագործակցել շփվողների հայտնաբերերման աշխատանքին՝ վիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով,
  • թեստավորման անհասանելիության դեպքում մնալ տանը և 14 օր խուսափել շրջապատի հետ շփվելուց,
  • այս շրջանում պետք է խուսափել աշխատանքի, ուսումնական հաստատություն կամ հասարակական վայր այցելելուց,
  • շրջապատից՝ այդ թվում ընտանիքի անդամներից, առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել,
  • կրել բժշկական դիմակ՝ շրջապատի վարակման կանխարգելման նպատակով, այդ թվում` բժշկական օգնության դիմելիս,
  • կանոնավոր լվացեք ձեռքերը,
  • առանձին սենյակում մեկուսացեք ընտանիքի անդամներից, անհնարինության դեպքում` բժշկական դիմակ դրեք,
  • օդափոխեք շինությունը,
  • այլ անձանց հետ մի սենյակում գտնվելու դեպքում մահճակալները միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա տեղակայեք,
  • 14 օր հետևեք Ձեր վիճակին և վարակի ախտանիշների հնարավոր առաջացմանը,
  • մի՛ մոռացեք դրական տրամադրության, հարազատների հետ հեռախոսով կամ համացանցով շփվելու, ինչպես նաև տանը ֆիզիկական վարժություններ կատարելու մասին:

Բուժհաստատություն գնալիս, ինչպես նաև բժշկական միջոցառումների ժամանակ անհրաժեշտ է դիմակ կրել, շրջապատից գտնվել առնվազն մեկ մետր հեռավորության վրա և ձեռքերով չդիպչել մակերևույթներին: Այս կանոնը վերաբերվում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

Որքա՞ն ժամանակ է անցնում COVID-19-ով վարակումից հետո` մինչև ախտանիշների առաջացումը:

COVID-19 վարակի աղբյուրի հետ շփումից հետո մինչև ախտանիշների առաջացումը, որպես կանոն, տևում է 5–6 օր, և գտնվում է 1-14 օր միջակայքում: Այդ պատճառով վիրուսի տարածման կանխարգելման նպատակով վարակի աղբյուրի հետ շփվածներին խորհուրդ է տրվում շրջապատից մեկուսանալ և տանը գտնվել 14 օր, հատկապես այն շրջաններում, որտեղ թեստավորումը քիչ հասանելի է:

Ի՞նչ պետք է անել, եթե առկա են COVID-19 ախտանիշներ, և ո՞ր պահին պետք է դիմել բժշկական օգնության:

COVID-19-ի վարակման մասին վկայող ախտանիշների առկայության դեպքում պետք է դիմել առողջապահական ծառայությունների մատակարարին կամ COVID-19-ի դեմ պայքարի «թեժ գիծ» և ստանալ անհրաժեշտ ցուցումներ, այդ թվում` թեստավորման իրականացման կարգը և ժամկետները, մեկուսանալ շրջապատից և տանը մնալ 14 օր, վերահսկել առողջական վիճակը:

Հևոցի, կրծքավանդակում ցավի կամ սեղմոցի առկայության դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության: Համապատասխան բժշկական հաստատություն ուղեգրվելու համար պետք է կապ հաստատել առողջապահական ծառայությունների մատակարարի հետ կամ դիմել «թեժ գիծ»:

Եթե առողջապահական համակարգի ցուցումներում նշված է թեստավորման, հետազոտման կամ մեկուսացման նպատակով այցելել բուժհաստատություն, ապա այնտեղ գնալիս, ինչպես նաև բժշկական միջոցառումների ժամանակ անհրաժեշտ է բժշկական դիմակ կրել, շրջապատից գտնվել առնվազն մեկ մետր հեռավորության վրա և ձեռքերով չդիպչել մակերևույթներին: Այս կանոնը վերաբերվում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն