Հոդվածներ
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս
11 Հոկտեմբեր 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Գաստրոէնտերոլոգ
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության հետհոսք դեպի կերակրափող։
Ռեֆլյուքսը բացարձակ նորմալ երևույթ է, որը դրսևորվում է ցանկացած առողջ մարդու մոտ` ուտելու ընթացքում կամ սնվելուց անմիջապես հետո։ Ախտաբանական ռեֆլյուքսը տարբերվում է նորմալից։ Այն ավելի ագրեսիվ է և հարաճում է կերակրափողով դեպի պարանոցային հատված, ինչը բերում է տանջալի ցավի առաջացման, ինչպես նաև կերակրափողի և հարևան օրգանների վնասման։ Ռեֆլյուքս հիվանդության աստիճանը միշտ չէ, որ ուղղակիորեն կապակցված է ախտանիշների հետ։ Հիվանդների մոտ երբեմն բազմաթիվ ախտանիշներ են ի հայտ գալիս` առանց ռեֆլյուքս հիվանդության հայտնաբերման և` հակառակը։ Գանգատները տարաբնույթ են լինում, սակայն միշտ չէ, որ դրսևորվում են։
Որո՞նք են ռեֆլյուքսի ամենահաճախ հանդիպող պատճառները:
Ռեֆլյուքսի ամենատարածված պատճառները բնածին կամ` ավելի հաճախ, ձեռքբերովի ստոծանիական ճողվածքներն են, որն արտահայտվում է կերակրափողի ստորին սեղմանի աշխատանքի խանգարումներով։ Ինչպես փափուկ հյուսվածքների ցանկացած ճողվածք, ստոծանիական ճողվածքը նույնպես կարող է առաջանալ գերլարման կամ գերբեռնվածության հետևանքով։ Գործնականում դրա համար շատ պատճառներ կան։ Ընդհանուր առմամբ, դա որովայնի խոռոչում ճնշման քրոնիկ կամ սուր բարձրացումն է (օրինակ, հղիության, ծննդաբերության, քրոնիկ հազի ժամանակ, հաճախակի փռշտոցով ալերգիաների կամ գերբեռնված սպորտային պարապմունքների ժամանակ):
Ո՞ր ախտանիշների դեպքում պետք է զգոն լինել։
Պետք է զգոն լինել պարբերաբար կրկնվող ռեֆլյուքսի դեպքում, օրինակ` շաբաթական 1-2 անգամ։ Այս դեպքում հարկ է դիմել մասնագետի և, առնվազն, իրականացնել գաստրոսկոպիա։ Ստամոքսաղիքային ուղու հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածության դեպքում` հատկապես ուռուցքային հիվանդությունների ժամանակ, խորհուրդ է տրվում լուրջ վերաբերվել ախտանիշներին, և ընդլայնված հետազոտություն կատարել։ Լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ընդգրկված են հարևան օրգանները՝ առանց ռեֆլյուքսի տիպիկ ախտանիշների դրսևորման։ Առավել տարածված օրինակներ են բրոնխիալ ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, կոկորդում` ցավը և այլն։ Այս դեպքերում ռեֆլյուքսի ախտորոշումը պետք է իրականացվի այլ պատճառների բացառումից հետո։
Ինչպե՞ս եք իրականացնում ռեֆլյուքսի ախտորոշումը:
Կարևոր է հիվանդության ընթացքի և դեղերի նկատմամբ արձագանքի մասին ճշգրիտ տեղեկատվություն հավաքելը (անամնեզ)։ Գաստրոսկոպիան ամենանախընտրելի հետազոտություններից առաջինն է, որն իրականացվում է ամզգայացումով:
Ռեֆլյուքսով տառապող հիվանդների մեծ մասն ունի ստոծանիական ճողվածք (ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք) և կերակրափողի բորբոքում` հատկապես կերակրափողի և ստամոքսի միացման տեղում։ Հաճախ ստոծանիական ճողվածքի չափերը և կերակրափողի վնասման աստիճանը ռեֆլյուքսի հետ ուղղակիորեն փոխկապակցված չեն։
Գոյություն ունի կոնսերվատիվ ախտանշային բուժում, ինչպիսիք են կենսակերպի փոփոխությունը, որովայնի խոռոչում ցածր ճնշում ապահովող միջոցառումները, մասնավորապես` ստամոքսում թթվի արտադրությունն արգելակող պատրաստուկները, որոնք մասամբ վերացնում են ռեֆլյուքսը։ Այս պարագայում ռեֆլյուքսը պահպանվում է, սակայն թթվայնությունը համեմատաբար նվազում է և, այդպիսով, հիվանդին քիչ անհարմարավետություն է պատճառում։
Ռեֆլյուքսային հիվանդության պատճառական գործոնը վերացնող միակ մեթոդը՝ երկարատև լավ արդյունքով, ստոծանիական ճողվածքի վիրահատական բուժումն է` ֆունդոպլիկացիայի եղանակով։ Ներկայում այդ վիրահատությունն իրականացվում է բացառապես լապարոսկոպիկ եղանակով։
Հնարավո՞ր է վերջնականապես բուժել ռեֆլյուքսը:
Պրոտոնային պոմպի պաշարիչներով ախտանշային բուժումը` կենսակերպի փոփոխության հետ միասին, վաղ փուլում բավականին արդյունավետ է։ Հաջողությունը պայմանավորված է ո՛չ միայն հիվանդության աստիճանով, այլ նաև ռեֆլյուքսի բաղադրությամբ։ Թթվային ռեֆլյուքսն առավել արդյունավետ է արձագանքում դեղորայքային բուժմանը, քան խառը կամ հիմնային լեղային ռեֆլյուքսը։ Այս բուժման միջոցով, իհարկե, անհնար է կանխել հեղուկի հետհոսքը ստամոքսից կերակրափող, սակայն կարելի է չեզոքացնել ագրեսիվ թթվային ռեֆլյուքսը, այդպիսով, այն նվազագույն զգալի դարձնելով հիվանդի համար։ Ժամանակի ընթացքում, որպես կանոն, անհրաժեշտ է պատրաստոուկների դեղաչափերը բարձրացնել։
Դեղորայքային բուժմամբ լիարժեք ապաքինում անհնար է, քանի որ ռեֆլյուքսի պատճառը՝ ստոծանիական ճողվածքը, հնարավոր չէ վերացնել դեղորայքով։ Լիարժեք ապաքինում հնարավոր է միայն կերակրափողի սեղմանի ռեկոնստրուկցիայի դեպքում, այսինքն, ստոծանիական ճողվածքի փակման ժամանակ։
Ամենահաճախ հանդիպող բարդությունը դիսֆագիան է (կլման դժվարացումը)։ Այն դրսևորվում է 4% դեպքերում և լավ վերահսկվում է դեղորայքի օգնությամբ։ Ըստ գրականության տվյալների՝ կրկնակի վիրահատության անհրաժեշտություն առաջանում է ընդամենը 0,9% դեպքերում։
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն