Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Օնկոմարկերներ. ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս

Հոդվածներ

Օնկոմարկերներ. ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս

18 Հունվար 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Լաբորատոր ախտորոշում

Ուռուցքաբանական հիվանդություններից աշխարհում յուրաքանչյուր տարի մահանում է մոտավորապես 8.8 մլն մարդ:  Այդպիսի բարձր թվերը բացատրվում են նաև նրանով, որ չարորակ ուռուցքները հիմնականում հայտնաբերվում են շատ ուշ՝ հիվանդության III և IV շրջաններում, երբ հիվանդին արդեն շատ դժվար է օգնել կամ էլ` անհնար է օգնել:

Որքան վաղ հայտնաբերվի ուռուցքը մարդու մոտ, այնքան մեծ կլինի նրա ապաքինման հավանականությունը: Սակայն քաղցկեղը դաժան հիվանդություն է, միանգամից չի դրսևորվում: Արդյունքում ժամանակ է կորում:

Ներկայում օնկոմարկերների հետազոտությունները մեծ համբավ են ձեռք բերում: Շատերն այն համարում են քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելու գրեթե միակ մեթոդը: Արդյո՞ք այդպես է, ի՞նչ են այս առումով մտածում բժիշկները, ե՞րբ և ո՞վ պետք է հանձնի օնկոմարկերների հետազոտություն, և կարելի՞ է, արդյոք, լիովին վստահել:

Ի՞նչ է օնկոմարկերը և ի՞նչ է այն ցույց տալիս
Օնկոմարկերները հատուկ նյութեր են, հաճախ` սպիտակուցներ, որոնք տարբերակում են ուռուցքային բջիջները վերջիններիս կենսագործունեության և քայքայման ժամանակ: Այս նյութերն ընկնում են արյան մեջ և դրանց պարունակությամբ կարելի է որոշել օրգանիզմում ուռուցքի առկայությունը, չափերը և ագրեսիվությունը (որքան արագ է աճում):

Ներկայում հայտնի է այդպիսի մոտավորապես 200 օնկոմարկեր, սակայն բժշկության մեջ ոչ բոլորն են կիրառվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման վերահսկման համար կիրառել ընդամենը 11 օնկոմարկեր:

Որոշ օնկոմարկերներ արտադրվում են միայն ուռուցքային բջիջների կողմից և առողջ մարդու մոտ դրանք բացակայում են: Այդ օնկոմարկերները կրում են «ուռուցք-սպեցիֆիկ» անվանումը:

Մնացած նյութերը կարող են առկա լինել նաև առողջ մարդու մոտ, սակայն` որոշակի քանակությամբ: Արյան մեջ վերջիններիս խտության կտրուկ աճը կարող է ուռուցքի զարգացման նշան լինել:

Բացի այդ, օնկոմարկերները տարբերվում են ուռուցքի տեղակայման և տեսակի նկատմամբ սպեցիֆիկությամբ: Դա նշանակում է, որ տարբեր օրգաններ ախտահարող ուռուցքների ժամանակ արյան մեջ տարբեր մարկերներ են հայտնվում:

Ինչի՞ համար են կիրառվում օնկոմարկերները

Ուռուցքային հիվանդության բուժման վերահսկում
Բժիշկները բուժման ընթացքում հետևում են օնկոմարկերի դինամիկային` արդյո՞ք այդ ցուցանիշը նվազում է: Եթե ոչ, նշանակում է կիրառվող բուժման սխեման դրական արդյունք չի տալիս և պետք է վերանայել:

Վերահսկում ուռուցքի բուժումից հետո
Բուժման ավարտից հետո հիվանդը կանոնավոր կատարում է օնկոմարկերների հետազոտություն, որոնց հետագա խտության աճը նշանակում է հիվանդության կրկնություն և մետաստազների առաջացում: Այս դեպքում հիվանդը պետք է բուժման նոր կուրս անցնի:

Նորագոյացությունների հայտնաբերում վաղ շրջանում
Օնկոմարկերներն արյան մեջ հայտնաբերվում են այն ժամանակ, երբ քաղցկեղի այլ ակնհայտ ախտանիշներ դեռևս ի հայտ չեն եկել: Սակայն պետք է հիշել, որ միայն այս քննությունը թույլ չի տալիս ախտորոշել «ուռուցքային հիվանդություն»: Ախտորոշման հաստատման կամ ժխտման համար անհրաժեշտ է այլ հետազոտություններ իրականացնել, այդ թվում` ՄՌՏ, ՈՒՁՀ, բիոփսիա և այլն:

Ե՞րբ պետք է կատարել օնկոմարկերների հետազոտություն
Ուռուցքաբանները խորհուրդ չեն տալիս օնկոմարկերների քննությունը կիրառել որպես սքրինինգ, այսինքն, դրանք հանձնեն առողջ մարդիկ` «ամեն դեպքում, ապահովության համար»: Այս քննությունը 100% արդյունք չի տալիս և այդ տվյալներով չի կարելի դատել չարորակ ուռուցքի առկայության մասին:

Օնկոմարկերները կարող են բարձրացած լինել նաև հետևյալ դեպքերում.

  • բարորակ նորագոյացություններ,
  • օրգանիզմում բորբոքային գործընթաց,
  • օրգանների ֆունկցիայի խանգարում, որոնք կապված չեն ուռուցքի հետ:


Այդ պատճառով միշտ չէ, որ դրական պատասխանը վկայում է քաղցկեղի մասին: Այն պետք է հաստատել այլ բազմաթիվ հետազոտություններով, որոնք միշտ անվտանգ չեն առողջության համար:


Ի դեպ, հնարավոր է նաև հակառակ իրավիճակը: Օնկոմարկերի քննությունը կարող է բացասական լինել, սակայն ուռուցքը զարգանա:


Նախկինում շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար 40–50 տարեկանից հետո բոլոր տղամարդկանց խորհուրդ էին տալիս հանձնել PSA օնկոմարկերը՝ շագանակագեղձի սպեցիֆիկ հակածինը: Սակայն այժմ այդ սքրինինգից հրաժարվել են, քանի որ չարորակ ուռուցքի հայտնաբերման համար այն ճանաչվել է անարդյունավետ:


2 տարին մեկ անգամ օնկոմարկերների քննություն խորհուրդ է տրվում իրականացնել այն անձանց մոտ, ովքեր ուռուցքային հիվանդությունների ռիսկի խմբում են.


  • ում հարազատները տառապել են քաղցկեղով, ընդ որում, հիվանդությունը նրանց մոտ հայտնաբերվել է հարաբերականորեն երիտասարդ տարիքում՝ մինչև 50 տարեկանը,
  • ում մոտ առկա են բարորակ նորագոյացություններ (միոմաներ, կիստաներ),
  • ում մոտ ուռուցք է ախտորոշվել՝ բուժման ռազմավարությունը որոշելու համար,
  • բուժման կուրս անցնող հիվանդները՝ բուժման արդյունավետությունը գնահատելու համար,
  • ուռուցքային հիվանդություն տարած և ապաքինված մարդիկ օնկոմարկերների քննություն տալիս են առաջին տարին՝ ամիսը մեկ անգամ,
  • երկրորդ տարին՝ երկու ամիսը մեկ անգամ,
  • երրորդ տարին՝ երեք ամիսը մեկ անգամ:


Այնուհետև նրանք շարունակում են ստուգել օնկոմարկերները տարին մեկ-երկու անգամ՝ մինչև կյանքի վերջ: Սա անհրաժեշտ է հիվանդության կրկնությունը ժամանակին հայտնաբերելու և նոր բուժում սկսելու համար:


Ինչպե՞ս են իրականացնում օնկոմարկերների հետազոտությունը

Այս հետազոտության համար արյուն երակից են վերցնում: Որպեսզի քննությունը լինի հավաստի, պետք է վերջինիս նախապատրաստվել.


  1. արյուն չհանձնել բորբոքային հիվանդության ժամանակ,
  2. կանանց խորհուրդ է տրվում հետազոտություն կատարել դաշտանը սկսելուց առնվազն 6 օր անց,
  3. արյունը պետք է հանձնել առավոտյան՝ քաղցած,
  4. հետազոտությունից մեկ օր առաջ հրաժարվել ալկոհոլից,
  5. հետազոտությունները կատարել միշտ նույն լաբորատորիայում:


Սովորաբար, հետազոտության պատասխանը պատրաստ է լինում արյունը հանձնելուց 1–2 օր հետո:


Օնկոմարկերների հետազոտություն կարելի է իրականացնել ցանկացած լաբորատորիայում, սակայն ինքնուրույն այս թեստը կատարել իմաստ չունի: Միայն բժիշկը կարող է որոշել անհրաժեշտ մարկերը կամ մարկերները՝ կախված նրանից, թե որ օրգանի քաղցկեղի զարգացման ռիսկ կա: Արդյունքները մեկնաբանել կրկին կարող է միայն մասնագետը:


Բժիշկ-ուռուցքաբանները վաղ ախտորոշման համար խորհուրդ են տալիս.


  • կրծքագեղձի քաղցկեղ. 50 տարեկանն անց կանայք` երկու տարին մեկ անգամ մամոգրաֆիա իրականացնել,
  • արգանդի վզիկի քաղցկեղ. 21 տարեկանն անց կանայք` երկու տարին մեկ անգամ պետք է Պապ թեստ իրականացնեն,
  • հաստ աղու քաղցկեղ. 50 տարեկանն անց տղամարդիկ և կանայք` հինգ տարին մեկ պետք է կոլոնոսկոպիա կատարեն,
  • թոքի քաղցկեղ. 55 տարեկանն անց ծխող կանայք և տղամարդիկ` 1-2 տարին մեկ անգամ պետք է անցնեն ցածր չափաբաժնով ՀՏ:





Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն