Հոդվածներ
Ոտքերում ծանրության զգացում. ի՞նչ անել
31 Օգոստոս 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Անոթային վիրաբուժություն, լիմֆոլոգիա | Թերապիա
Կա մարդկանց մի ամբողջ խումբ, որոնց մոտ դեռ մինչև վարիկոզ հիվանդության (երակների լայնացում) ախտանիշների տեսանելի դրսևորումներն առաջանում են դյուրհոգնելիություն, ոտքերում ծանրության զգացում և ցավ՝ հատկապես օրվա երկրորդ կեսին կամ երկար քայլելուց հետո։
Ամենահաճախ ոտքերի հոգնածությունից գանգատվում են վաճառողները, վարսավիրները, խաղավարները և այլն։ Նրանց աշխատանքն ամբողջ օրը ոտքի վրա է՝ տեղում կանգնած կամ մեկ ոտքից մյուսին անցնելիս։
Ոտքերում ծանրության զգացումը հաճախ ուղեկցվում է անհարմարավետության զգացումով, երբեմն բութ, նվվացող ցավով, որն առաջանում է հիմնականում ոտնաթաթերում, սրունքներում և հստակ տեղակայում չունի։ Երեկոյան երբեմն ոտքերն այտուցվում են հատկապես ոտնաթաթերի և սրունքների շրջանում։ Հաճախ այտուցը կարող է գրեթե աննկատ լինել, այդ դեպքում օրգանիզմում հեղուկի կուտակման միակ նշանը կարող է լինել մաշկի վրա գուլպաների, կոշիկների կամ վերջիններիս կապիչների հետքերը։ Կարելի է մատերի ծայրով սեղմել սրունքի այն հատվածը, որտեղ շոշափվում է ոսկրը։ Այտուցի առկայության դեպքում մատների հետքերը մնում են։
Ոտքերում ծանրության զգացումը հաճախ ուղեկցվում է ցնցումներով (գիշերային ժամերին), ոտքերի մկանների դժվար թեթևացող լարվածությամբ, «մրջյունների վազքի» տհաճ զգացողությամբ։ Ոտքերում ծանրության զգացումն ուժեղանում է երեկոյան ժամերին։ Շոգ եղանակին (կամ չափազանց տաք հագնված լինելու դեպքում) ոտքերի հոգնածությունը լինում է առավել արտահայտված և վատ է տարվում հիվանդի կողմից։ Ոտքերում հոգնածություն և ծանրության զգացում ունենալիս պետք է զգոնանալ. դրանք երակային անբավարարության ախտանիշներ են (վկայում են երակային փականների և երակների պատերի տոնուսի թուլացման մասին)։
Ոտքերում ծանրության առաջացմանը և երակային անբավարարությանն ուղեկցող ախտանիշների զարգացմանը նպաստում է ուղղահայաց դիրքում երկարատև մնալը։ Հատկապես բացասաբար է անդրադառնում երկարատև անշարժ կանգնած մնալը։ Այդպիսի դիրքը օրեցօր նպաստում է երակներում արյան կանգի առաջացմանը։ Կանգի հետևանքով երակները լայնանում են, որն արտահայտվում է սրունքների և ոտնաթաթերի այտուցով, թմրածության զգացումով, «մրջյունների վազքով», ոտքերի հոգնածությամբ։
Որո՞նք են ոտքերում ծանրության առաջացման պատճառները։
Ցավոք, հիմնական պատճառը ժառանգականությունն է։ Ոտքերը կարող են նախատրամադրված լինել երակային կանգի առաջացմանը և, որպես հետևանք, վարիկոզի զարգացմանը։ Ոտքերում ծանրության առաջացման մյուս հնարավոր պատճառներից է քաշի ավելացումը, որի արդյունքում ոտքերի ծանրաբեռնվածությունն ավելանում է։ Անոթների ամրության վրա ազդում են նաև հղիությունը, հորմոնային ֆոնի փոփոխությունները, տարիքը և այլն։
Ինչպես արագ վերացնել ոտքերի հոգնածությունը և ծանրության զգացումը։
Առաջին խորհուրդը. ոտքերում ծանրության զգացում նկատելիս պետք է դիմել երակաբանին։ Միայն մասնագետը կարող է ճիշտ բուժել և խորհուրդներով կանխել այնպիսի լուրջ հիվանդության զարգացումը, ինչպիսին երակների վարիկոզ լայնացումն է։
Երակների տոնուսի վրա արդյունավետ ազդող միջոցներ են, այսպես կոչված, ֆլեբոտոնիկ պատրաստուկները։ Զննման և հետազոտման արդյունքներով երակաբանը անհատական բուժում կնշանակի։
«Ոտքերի վրա» աշխատելու պարագայում հարկ է ոտքերը բեռնաթափել յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում։ Այսպես, ընդմիջման ժամին 15 րոպե պառկել՝ ոտքերը 10-15 սմ բարձր դնելով (ոտքերի տակ կարելի է բարձ դնել կամ ծալված վերմակ)։ Միայն այդպես կարելի է արագ հանել ոտքերի հոգնածությունը և արգելակել վարիկոզի զարգացումը։
Աշխատավայրում հարկ է կրել ազատ, հարմար կոշիկ՝ ճկուն ներբանով, առանց կրունկի կամ փոքր կրունկով։ Հնարավոր է երակաբանը խորհուրդ տա կրել հատուկ ճնշող զուգագուլպաներ, գուլպաներ կամ գոլֆեր։ Այս ապրանքները բժիշկը դուրս է գրում անհատականորեն՝ ելնելով հետազոտության արդյունքների տվյալներից։ Սրանք հատուկ տրիկոտաժային ապրանքներ են, որոնք չեն վաճառվում սովորական խանութներում։ Դրանք համաչափորեն ճնշում են ոտքը՝ կանխելով երակների լայնացումը, այդպիսով, մեծացնելով արյան շրջանառության արագությունը և կանխելով վարիկոզի զարգացումը։
Ոտքերում ծանրության զգացումը թեթևացնելու համար օգտակար է նաև տանն ինքնամերսում կատարելը։ Ինքնամերսումը պետք է անել քնելուց առաջ այնպիսի նրբաքսուկով, որը կանխում է արյան հորդանքը։ Տարածելով նրբաքսուկը՝ մերսել ոտնաթաթերը, սրունքները, ազդրերը։ Մերսման շարժումները պետք է իրականացնել ներքևից վերև։
Եթե վարիկոզ հիվանդությունը բարդացած չէ, ոտքերի թեթև մերսումը թույլատրված է և օգտակար։ Վարիկոզի ժամանակ մերսումը ենթադրում է ամբողջ ոտքի թեթև շոյում ափերով ներքևից վերև ուղղությամբ՝ ոտնաթաթից դեպի աճուկային շրջան։
Վարիկոզ հիվանդության ժամանակ ոտքերի թեթև մերսում նախընտրելի է կատարել ինչպես առավոտյան, այնպես էլ բուժական ֆիզկուլտուրայից հետո` 5-7 րոպեի ընթացքում։ Այս ինքնամերսումն առավել արդյունավետ կլինի, եթե զուգահեռաբար կուրսերով իրականացվի նաև ողնաշարի գոտկային շրջանի մերսում։ Այն օգտակար է, քանի որ մաշկի, մկանների և անոթների բոլոր նյարդաթելերը դուրս են գալիս հենց վերոնշյալ տեղից։
Ոտքերում ծանրություն զգալիս պետք է հետևել որոշ սահմանափակումների։ Այսպես, պետք է հնարավորին խուսափել ջերմության երկարատև ազդեցությունից, քանի որ դա բերում է երակների լայնացման և իրավիճակի խորացման։ Այդ պատճառով անցանկալի են շոգին զբոսանքները, երկարատև տաք լոգանքները և բաղնիքը։ Երակների վիճակի վրա բացասական ազդեցություն են թողնում նաև որոշ հորմոնային հակաբեղմնավորիչներ։ Այդ պատճառով պետք է անպայման գինեկոլոգին տեղեկացնել երակաբանի ցուցումները և սահմանափակումները։
Երակների վրա դրական ազդեցություն ունեն սպորտային պարապմունքները, քայլքը, հեծանիվը, լողը։ Հակացուցված չէ նաև աէրոբիկան, պարզապես պետք է պառկած դիրքի վարժություններից ընտրել հնարքների համալիր։
Գիշերը ցանկալի է քնել ոտքերը բարձր դիրքով՝ իրանից 5-10 սմ վերև։ Ոտքերի տակ հարկ է դնել բարձիկ կամ ծալված վերմակ։
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն