Գլխավոր / Կլինիկական դեպքեր / Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում. վիրաբույժ Անդրանիկ Ադամյան

Կլինիկական դեպքեր

Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում. վիրաբույժ Անդրանիկ Ադամյան

02 Մայիս 2019 | Գաստրոէնտերոլոգ | Մարսողական համակարգի ուռուցքներ | Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Օնկոլոգիական հիվանդությունների մեջ բավականին մեծ տարածում ունեն հաստ աղիքի հիվանդությունները, որոնք ամբողջ աշխարհում մահացությամբ զբաղեցնում են 2-րդ տեղը։ Վիրահատական միջամտությունները կատարվում են ավանդական բաց և լապարոսկոպիկ եղանակով։ Լապարոսկոպիան ունի մի շարք առավելություններ՝ հետվիրահատական ցավերի նվազում, ստացիոնարում գտնվելու օրերի նվազեցում, վերքերի բորբոքման եւ էվենտրացիաների բացակայում։

2013 թ-ից կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում մեր բաժանմունքում կատարվում են վիրահատություններ՝ լապարոսկոպիկ մասնահատումներ անաստոմոզի ձևավորմամբ և ըստ Հարտմանի, և տրանսանալ մեզոռեկտումէկտոմիա։

Հաստ աղիքի քաղցկեղի աջակողմյան տեղակայման դեպքում կատարվել է 23 վիրահատություն՝ ինչպես գիգանտ, այնպես էլ փոքր չափսի քաղկեղների դեպքում։ Լապարոսկոպիկ եղանակով մոբիլիզացվել է հաստ աղու աջ հատվածը իլեոցեկալ անկյան հետ, իսկ մասնահատումը և բերանակցումը իրականացվել են էքստրակորպորալ եղանակով՝ դրվել է ապարատային իլեո-տրանսվերզոանաստամոզ կողքը–կողքի։ Հետվիրահատական բարդություններ չեն դիտվել։ Հիվանդները դուրս են գրվել կլինիկայից վիրահատության 5–րդ օրը։

Հաստ աղու ձախակողմյան հատվածի՝ վայրէջ, սիգմայաձև, ուղիղ աղու վերին երրորդականի քաղցկեղի դեպքում կատարվում է ուռուցքի լապարոսկոպիկ մասնահատում կոլոռեկտալ անաստամոզի ձևավորմամբ կարիչ սարքով, կամ վիրահատություն ըստ Հարտմանի։ Ուղիղ աղու միջին և ստորին երրորդականի քաղցկեղի դեպքում կատարվում է մասնահատում կոլոանալ անաստամոզի ձևավորմամբ ցիրկուլյար կարիչ սարքով։ Տվյալ վիրահատական միջամտություններից բաժանմունքում ունեցել ենք անաստոմոզի անբավարարության 1 դեպք, զարգացած վիրահատության 4-րդ օրը, որի ժամանակ կատարվել է ռելապարոտոմիա, վիրահատություն ըստ Հարտմանի։ Հիվանդը դուրս է գրվել 15-րդ օրը, իսկ վերականգնողական վիրահատությունը կատարվել է 6 ամիս անց։ Այդ դեպքից հետո ուղիղ աղու քաղցկեղի ժամանակ մասնահատումից հետո մենք ձեւավորում ենք կախովի իլեոստոմա, որը վերացնում ենք մի քանի շաբաթ անց։ Հիմնականում հիվանդները դուրս են գրվել կլինիկայից վիրահատության 5-րդ օրը։

Այժմ անդրադառնանք անալ հատվածի ուռուցքներին՝ անալ եզրից մոտ 4-5 սմ, որոնց դեպքում սովորաբար կատարվում է ուղիղ աղու որովայնա-շեքային էկստիրպացիա մշտական կոլոստոմայի ձեւավորմոմբ։ Մենք կատարել ենք տրանսանալ մեզոռեկտումէկտոմիա, կոլոանալ անաստամոզի ձևավորմամբ։ Նշենք, որ մեր ունեցած դեպքերից բոլոր հիվանդները ստացել են նեոադյուվանտ քիմիոթերապիա և ճառագայթային բուժում։ Հետվիրահատական շրջանում 1 դեպքում, չնայած որ հիստոլոգիական պատկերը R0 էր, հիանդի մոտ նկատվել է տեղային ռեցիդիվ, ներաճով դեպի հեշտոց։ Հիվանդը կրկնակի վիրահատվել է՝ կատարվել է հետին էկզենտերացիա կոլոստոմայի ձեւավորմամբ։ Եվս 1 հիվանդի, ով ստացել էր նախավիրահատական ճառագայթային բուժում, նույնպես կատարվել է տրանսանալ մեզոռեկտումէկտոմիա կոլո-անալ անաստոմոզի ձեւավորմամբ։ Հետվիրահատական շրջանում առաջացել է հարանաստամոզային աբսցես, որը բուժելուց հետո զարգացել է անաստամոզի սթենոզ։ Կիրառվել է բալոնային դիլատացիայի փորձ՝ ապարդյուն։ 3 ամիս անց հիվանդը կրկնակի վիրահատվել է՝ կատարվել է նշված հատվածի մասնահատում, կոլո-անալ անաստամոզի ձևավորմամբ։ Հիվանդը ներկայոում ապրում է լիարժեք կյանքով, ունի սֆինկտերի անբավարարություն թույլ աստւճանի, որը չի սահմանափակում հիվանդի ակտիվությունը։

Մինիմալ ինվազիվ մոտեցումը կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում թույլ է տալիս հասցնել հիվանդին մինիմալ վիրահատական տրավմա, խուսափել մեծ հետվիրահատական վերքերի բարդություններից, որոշ դեպքերում պահպանել անալ սֆինկտերը, եւ ավելի կարճ ժամկետներում վերադառնալ ակտիվ կյանքի։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն