Լուրեր
Նոյեմբերի 20-ը Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի օրն է
19 Նոյեմբեր 2019 | Լուրեր | Պուլմոնոլոգ | Իրինա Վանիկի Խաչատրյան
Առաջին անգամ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) դեմ պայքարի համաշխարհային օրն օրացույցում հայտնվել է 2002թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԹՔՕՀ գլոբալ նախաձեռնության (GOLD) համատեղ ջանքերի շնորհիվ: Ամեն տարի աշխարհի ավելի քան 50 երկրներում կազմակերպիչներն իրականացնում են միջոցառումներ ՝ այդ օրը դարձնելով ԹՔՕՀ իրազեկման և կրթության ամենակարևոր օր, որն այս տարի ունի իր յուրօրինակ կարգախոսը՝ «Բոլորս միասին վերջ տանք ԹՔՕՀ-ին» (All together to end of COPD):
ԹՔՕՀ-ը թոքերի քրոնիկ բորբոքային պրոգրեսիվող հիվանդություն է, որը առաջացնում է օդի հոսքի կայուն խանգարում, ինչը, սակայն, հնարավոր է կանխարգելել:
«Նաիրի» ԲԿ թոքաբան Իրինա Խաչատրյանը ներկայացնում է, որ հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են` ծխելը, ծխախոտի ծուխը, օդի աղտոտվածությունը, ցնդող քիմիական նյութերը և կենցաղային վնասակար այլ պայմանները: Մտահոգիչ է, որ Հայաստանի չափահաս տղամարդկանց կեսից քիչ ավելին ծխող է:
ԱՀԿ տվյալներով աշխարհում ԹՔՕՀ տարածվածությունը կազմում է շուրջ 10.1% և մահացությամբ 4-րդն է: ԱՀԿ կանխատեսումներով 2030թ. ԹՔՕՀ-ն աշխարհում մահվան պատճառների շարքում կզբաղեցնի 3-րդ հորիզոնականը:
Հայաստանում հիվանդացության ցուցանիշը կազմում է 6.2%։ Բանն այն է, որ հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ ընթանում է ոչ տիպիկ նշաններով և ուշ է ախտորոշվում։
Ինչպե՞ս կանխարգելել ԹՔՕՀ-ը:
- հրաժարվել ծխելուց,
- խուսափել ծխախոտի երկրորդային ծխից,
- շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում,
- խուսափել հաճախակի շնչառական վարակներից,
- խուսափել օդում քիմիական ցնդող նյութերից և արդյունաբերական փոշուց,
- օգտագործել առողջ սնունդ և ստեղծել կենցաղային բարենպաստ պայմաններ։
Հարկ է դիմել բժշկի/թոքաբանի հետևյալ գանգատների դեպքում.
- երկարատև՝ 2 ամիս և ավելի տևող հազ,
- առատ, կպչուն լորձային խորխ,
- հևոց, դժվարաշնչություն,
- ֆիզիկական ծանրաբեռնվածության հարկադրական սահմանափակում,
- լսելի խզզոցներ` շնչառության ժամանակ։
Եթե արդեն ախտորոշվել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, անհրաժեշտ է.
- բժշկի/թոքաբանի մշտական հսկողություն,
- սբպիրոմետրիա. շնչառության ֆունկցիոնալ թեստ,
- նշանակված դեղերի կանոնավոր ընդունում,
- ծխախոտից հրաժարում,
- առողջ կենսակերպ՝ առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն։
Նաիրի ԲԿ թոքային ծառայությունը հագեցած է բոլոր անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտության միջոցներով, իսկ անհրաժեշտության դեպքում` հիվանդության ախտորոշումը, բուժումը և վարումն իրականացվում է աշխարհի առաջատար փորձի կիրառումով։ Հարկ է նշել, որ վերջերս Եվրոպական ռեսպիրատոր միությունում ներկայացվեց ԹՔՕՀ բուժմանը վերաբերվող ավելի քան 2,5 տարի տևած հետազոտության հայաստանյան արդյունքները, որոնք բարձր գնահատականի արժանացան հանձնաժողովի կողմից ու նոր հորիզոնների և համագործակցությունների սկիզբ կդառնան:
Նմանատիպ հոդվածներ
-
Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն է
12 Նոյեմբեր 2019
-
Քնի խանգարումներ
18 Նոյեմբեր 2022
-
Շնորհավորում ենք բոլոր թոքաբաններին
17 Մայիս 2019
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն