Գլխավոր / Լուրեր / Կլինիկական դեպք. եթե, չլիներ թիմային աշխատանք, գուցե լիներ բժշկական մեծ բացթողում

Լուրեր

Կլինիկական դեպք. եթե, չլիներ թիմային աշխատանք, գուցե լիներ բժշկական մեծ բացթողում

02 Փետրվար 2021 | Լուրեր | Էնդոկրինոլոգիա | Արամ Սամվելի Չոմոյան

«Նաիրի» ԲԿ ընդունարան էր դիմել 30 տարեկան կին` ոսկրային համակարգի քաղցկեղի կասկածով: Ուղղորդվել էր օնկոօրթոպեդի մոտ, ով պետք է իրականացներ բաց բիոպսիա` ախտորոշման հաստատման համար: Սակայն երկարատև զննումից, մանրամասն անամնեզ հավաքելուց հետո օնկոօրթոպեդի մոտ առաջացավ կասկած, որ պացիենտի մոտ առկա է հարվահանաձև գեղձի հետ կապված խնդրով պայմանավորված օստեոպորոզ: Գործընթացին միացավ էնդոկրին վիրաբույժը, կատարվեց ՈՒՁ հետազոտություն, պարանոցի և կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա, ինչի արդյունքում հայտնաբերվեց աջ ստորին հարվահանագեղձի բավականին մեծ չափերի` մոտավորապես 25 մմ ադենոմա, որից հետո պացիենտին նախապատրաստեցին և կատարեցին վիրահատություն. հեռացվեց ախտահարված հարվահանագեղձը:

Վիրահատությունը տևեց բավականին կարճ, հարթ ընթացքով, առանց բարդությունների: Պարաթիրեոիդէկտոմիայից 30 րոպե անց կատարվեց արյան մեջ պարաթհորմոնի կրկնակի քննություն, որն արդեն իսկ մոտեցել էր նորմային: Թվերի տեսքով ներկայացնելիս, ցուցանիշը` 528-ից դարձել էր 83:

Նախքան վիրահատությունը.

Վիրահատությունից 20 րոպե անց.

Վիրահատության հաջորդ օրը կալցիումն արյան մեջ նույնպես արդեն նորմայի սահմաններում էր, որը նախքան վիրահատությունը նույնպես շատ բարձր էր: Երկու շաբաթ անց կատարված հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում էին (պարաթհորմոնը, կալցիումը): Պացիենտը նշում էր ոսկրային ցավերի խիստ նվազում:

Վիրահատության հաջորդ օրը.

Վիրահատությունից 2 շաբաթ անց.

Նախատեսում ենք վիրահատությունից երեք ամիս անց կրկնել ոսկրային համակարգի համակարգչային տոմոգրաֆիան` պարզելու արդյունքները (օստեոպորոզի և ոսկրային համակարգի ախտահարման տեսանկյունից):

Ցավոք Հայաստանում հարվահանաձև գեղձի ադենոմաների ախտորոշման ոսկե ստանդարտ համարվող հարվահանաձև գեղձի սցինտիգրաֆիան դեռևս առկա չէ, բայց մոտ ապագայում սպասվում է: Ներկայացված կլինիկական դեպքի պարագայում մասնագետները վստահ էին, որ առկա է հարվահանաձև գեղձի ադենոմա, թեև կար մտավախություն, որ նրա տեղեկայման հայտնաբերման հարցում հնարավոր են որոշակի խնդիրներ: Բարեբախտաբար, թե՛ ՈՒՁՀ, թե՛ ՀՏ հետազոտությունները հնարավորություն տվեցին հայտնաբերել ախտահարված օրգանն ու նրա տեղակայումը, իրականացնել համապատասխան բուժում և ստանալ ցանկալի արդյունքներ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն