Գլխավոր / Լուրեր / Կլինիկական դեպք. թունավոր խպիպի վիրահատական բուժում

Լուրեր

Կլինիկական դեպք. թունավոր խպիպի վիրահատական բուժում

31 Մայիս 2022 | Լուրեր | Էնդոկրինոլոգիա | Արամ Սամվելի Չոմոյան

«Նաիրի» ԲԿ էնդոկրինոլոգիական ծառայության էր դիմել 31 տարեկան տղամարդ, որի մոտ առկա էր արտահայտված մեծ չափերի հասնող վահանաձև գեղձ, որն առաջացնում էր պարանոցի անհամաչափություն : Նա մոտավորապես չորս տարի տառապում էր թունավոր խպիպով և ստանում էր համապատասխան բուժում:

Ժամանակակից արևմտյան ուղեցույցների համաձայն` թունավոր խպիպի դեղորայքային բուժումը տևում է երկու տարի: Երկու տարվա ընթացքում ստացած դեղորայքային բուժումը դրական արդյունք չի տվել, որից հետո պացիենտը ևս երկու տարի անց դիմել է «Նաիրի» ԲԿ:

Վերոնշյալ դեպքերում խնդրի լուծման երկու հնարավոր տարբերակ կա՝ ռադիոակտիվ յոդով ճառագայթում կամ վիրահատական բուժում:

Հաշվի առնելով գեղձի խիստ մեծ չափերը, ռադիոթերապիայի մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում որոշվեց, որ առավել արդյունավետ է վիրաբուժական մեթոդը: Մանրամասն հետազոտություններից և նախապատրաստական փուլը կազմակերպելուց հետո, ընդհանուր անզգայացման պայմաններում իրականացվեց գեղձի ամբողջական հեռացում:

Պացիենտը ստացիոնարում անցկացրեց մեկ օր: Վիրահատությունից 24 ժամ անց, առանց որևէ լուրջ գանգատների և բարդությունների, լիարժեք առողջ դուրս գրվեց:

Հետագա հետազոտությունների արդյունքում բավականին մեծ գեղձի մեջ քաղցկեղային բջիջներ չեն հայտնաբերվել:

Պացիենտը այժմ ստանում է փոխարինող թերապիա: Հետվիրահատական հսկողության ընթացքում շեղումներ և գանգատներ չեն գրանցվել:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն