Գլխավոր / Լուրեր / Մաշկի երիտասարդացում լազերի օգնությամբ

Լուրեր

Մաշկի երիտասարդացում լազերի օգնությամբ

28 Փետրվար 2020 | Լուրեր | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն

Վերջին տարիներին «Նաիրի» ԲԿ պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմող բազմաթիվ պացիենտներ ցանկանում են լուծել մաշկի տարիքային փոփոխությունների հետ կապված խնդիրները` ոչ վիրահատական եղանակով, այսինքն, ոչ ձգումների միջոցով: Մաշկի երիտասարդացման նման հնարավորություն ընձեռում են լազերային ֆրակցիոն մեթոդները:

Վերոնշյալ նպատակով կիրառվում է Lumenis ընկերության ամենավերջին սերնդի լազերներից` AcuPulse CO2 ֆրակցիոն լազերը:
Սովորաբար, լազերային աբլյատիվ և ֆրակցիոն մեթոդներով իրականացվում է մաշկի և՛ խորանիստ, և՛ մակերեսային երիտասարդացում: AcuPulse CO2 ֆրակցիոն լազերի օգնությամբ համատեղվում է երկու ֆունկցիան և կոմբինացված հատուկ ռեժիմի շնորհիվ հնարավոր է նույն օրը կատարել երկուսը միասին`առանց հիվանդին հավելյալ ցավ պատճառելու: Միջամտությունից հետո կրճատվում է նաև վերականգնողական շրջանը:

Լազերի ամենակարևոր առավելություններից է վերքի արագ լավացումը, որը պայմանավորված է սարքի սուպերիմպուլսային հաճախականությամբ, այսինքն, իմպուլսը փոխանցվում է շատ կարճատև ժամանակահատվածում և չի առաջացնում շրջակա մաշկի այրում, ինչի արդյունքում երիտասարդացման միջամտության ժամանակ առաջացած վերքերը լավանում են բավականին արագ:

Լազերից հետո առաջանում է փոքր կնճիռների ակնհայտ ձգում, մեծ կնճիռների փոքրացում, ինչպես նաև պիգմենտների վերացում և երիտասարդացման այլ հատկանիշներ:

Լազերի կիրառմամբ բոլոր երիտասարդացման միջամտություններն իրականացվում են տեղային՝ ապլիկացիոն անզգայացման միջոցով: Միջամտությունից 30-40 րոպե առաջ հատուկ քսուկ է օգտագործվում մաշկի այն հատվածի վրա, որտեղ պետք է կատարվի միջամտությունը: Պացիենտը նախապես չի հետազոտվում, քանի որ լազերային ֆրակցիոն հղկումների համար հատուկ նախապատրաստում չի ենթադրվում:

Ֆրակցիոն բոլոր միջամտությունները տևում են 10-20 րոպե: Միջամտությունից անմիջապես հետո պացիենտը կարող է տուն գնալ: Նշանակվում են քսուկներ` կիրառելու տան պայմաններում, իսկ մեկ շաբաթ անց կարելի է վերադառնալ նորմալ աշխատանքային պայմաններին:

Լազերային միջամտություններից հետո պարտադիր է, որ առաջին օրերին պացիենտը խուսափի արևի ուղիղ ճառագայթներից, կիրառի նշանակված քսուկները, որոնք արագացնում են ապաքինումը: 4-8 շաբաթվա անց մաշկի երիտասարդացումն ակնհայտ է:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն