Գլխավոր / Լուրեր / Օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին այցելել էր «Նաիրի» ԲԿ` ծանոթանալու մեր փորձին

Լուրեր

Օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին այցելել էր «Նաիրի» ԲԿ` ծանոթանալու մեր փորձին

16 Օգոստոս 2019 | Լուրեր | Գինեկոլոգիա և կնոջ առողջություն | Գինեկոլոգիական ուռուցքներ | Արտեմ Ստեփանյան

 Ուկրաինայից ժամանած օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին մի քանի օր ներկա էր «Նաիրի» ԲԿ օնկոգինիկոլոգիայի բաժանմունքում իրականացվող վիրահատություններին։

Մեզ հետ զրույցում բժիշկը պատմել է իր տպավորությունների ու հնարավոր համագործակցությունների մասին։

«Մի քանի օր է, ինչ Երևանում եմ։ Առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում, և շատ տպավորված եմ, թեև շատ բան տեսնել ինձ չի հաջողվել։ Հուսամ, կունենամ այդ հնարավորությունն առաջիկայում։ Մի քանի օր շարունակ ինձ հնարավորություն տրվեց մասնագիտական հմտություններս զարգացնել «Նաիրի» ԲԿ օնկոգինիկոլոգիայի բաժանմունքում, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում բաժանմունքի ղեկավարին», - ասել է բժիշկը։

Մ. Ձիմիստարիշվիլին հայ գործընկերների մասին համացանցից է տեղեկացել։ Նրան հատկապես հետաքրքրել է Արտեմ Ստեփանյանի կողմից իրականացվող վիրահատությունները։

«Մի քանի տարի է, ինչ մասնագիտական գործունեությունս ծավալում եմ Ուկրաինայում։ Ծննդով Վրաստանից եմ։ Երբ ծանոթացա «Նաիրի» ԲԿ յութուբյան էջին, որտեղ դիտեցի բժիշկ Արտեմ Ստեփանյանի տեսանյութերից, ինձ համար պարզեցի, որ պետք է կապ հաստատեմ նրա հետ և անձամբ մասնակցեմ վիրահատություններին: Եվ դա հաջողվեց ինձ։ Արտեմ Ստեփանյանի հետ ծանոթացանք միջազգային կոնգրեսներից մեկի ժամանակ։ Եվ հենց այդ ժամանակ էլ հնարավորություն ընձեռվեց պայմանավորվածություն ձեռք բերել՝ Երևան գալու հետ կապված», - պատմել է օնկոգինեկոլոգը, ում հաջողվել է Երևանում ներկա լինել Ա. Ստեփանյանի մի քանի վիրահատություններին։



Հայ գործընկերների աշխատանքի մասին Մ. Ձիմիստարիշվիլին ոգևորված է պատմում։

«Պետք է նշեմ, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը բավականին հագեցած է նաև ժամանակակից սարքերով, ինչը պակաս կարևոր չէ։ Այդ պակասը, ցավոք, կա Ուկրաինայում։ Բանն այն է, որ այնտեղ մասնավոր հիվանդանոցներ գրեթե չկան։ Հուսանք, ժամանակի ընթացքում կլուծվի այդ խնդիրը, քանի որ լավ սարքերը կարևոր դեր ունեն մեր մասնագիտական պրակտիկայում։ Նրանք հնարավորություն են տալիս մասնագետին ճիշտ կողմնորոշվելու, այսպես կոչված, ճիշտ մարտավարություն ընտրելու հարցում։ Տեղին եմ համարում նշել` միշտ չէ, որ սքրինինգը կարող է կանխարգելել քաղցկեղը։ Կան դեպքեր, որ հիվանդությունն ընթանում է լուռումունջ։ Այսպես է օրինակ` ձվարանների քաղցկեղի դեպքում։ Կինը բավականին ուշ է իմանում հիվանդության մասին։ Ուստիև վիրահատությունն այս դեպքում դառնում է անխուսափելի»,- ասել է օնկոգինեկոլոգը։


Նա նաև փաստել է, որ իրեն հատկապես շատ էր հետաքրքրում հենց վերոնշյալ վիրահատության մեթոդն ու անցկացման եղանակը, որն իրականացվում է «Նաիրի» ԲԿ-ում։

«Արտեմ Ստեփանյանը բավականին հետաքրքիր մեթոդ է կիրառում այս վիրահատությունն իրականացնելիս և ո՛չ միայն։ Այդ մասին նա նաև պատմում է յութուբյան էջում, որտեղ կետառկետ բժիշկը ներկայացնում է վիրահատության քայլերը: Բայց մի բան է տեսնել համացանցում, այլ բան է ներկա գտնվել վիրահատության ամբողջ ընթացքին։ Բժիշկ Ստեփանյանի կողմից առաջարկած մեթոդը բավականին արդյունավետ է, ունի բարեհաջող ընթացք և հետվիրահատական խնդիրներ չեն առաջանում։ Կարծում եմ, վերադառնալով Ուկրաինա, ես էլ կկիրառեմ բժիշկ Ստեփանյանի փորձը», - իր խոսքն ասպես է եզրափակել Մ. Ձիմիստարիշվիլին։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն