Գլխավոր / Լուրեր / Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է. Լևոն Բադալյան

Լուրեր

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է. Լևոն Բադալյան

06 Մայիս 2020 | Լուրեր | Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա | Լևոն Գրիգորիի Բադալյան

Մեր զրուցակիցն է ուռուցքաբան, բ. գ. թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ծառայության ղեկավար Լևոն Գրիգորի Բադալյանը:

- Ինչո ՞վ է առանձնանում ծառայությունը:
- Մեր ծառայության գլխավոր առավելությունն այն է, որ ձգտում ենք աշխատանքը հնարավորին կազմակերպել եվրոպական եւ ամերիկյան միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը դյուրին չէ մեր երկրի պայմաններում: Ուռուցքաբանության ծառայությունը ՆԱԻՐԻ ում հիմնադրվեց մոտ 8 տարի առաջ, երբ ֆրանսիահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանի կողմից հիմնվեց Քիմիաթերապիայի բաժանմունքը, որտեղ ի սկզբանե ներդրվել է արեւմտյան մեթոդաբանությունը:

- Նորարարական ի ՞նչ տեխնոլոգիաներ ու մեթոդներ են կիրառվում ծառայությունում:
- Մեթոդաբանության մեջ ամենակարևորը դա միջազգային ուղեցույցներին հետևելն է։ Այդ ուղեցույցները գրվում են և տարեկան մի քանի անգամ նորացվում են միջազգային ուռուցքաբանական ասոցիացիաների և կազմակերպությունների կողմից, դրանցում մանրամասն գրվում է թե ինչպես ախտորոշել և բուժել այս կամ այն օրգանի քաղցկեղը, արտացոլվում է ժամանակակից միջազգային փորձը։

- Ինչպե՞ս է կազմակերպվում պացիենտի սպասարկումը բաժանմունքում:
- Պացիենտի սպասարկումը կատարվում է «Առաջնայինը պացիենտն է» սկզբունքով: Նա պետք է գոհ լինի մատուցված ծառայություններից: Բժշկական տեսանկյունից` հնարավորին նվազագույնի է հասցվում ժամանակի կորուստը: Աշխատում ենք առանց ավելորդ քայլեր կատարելու՝ ճիշտ հետազոտություններ, անհրաժեշտ մասնագետների հետ հանդիպումներ: Ուռուցքաբանության մեջ մեծ է ժամանակի կարեւորությունը, ուստի փորձում ենք աշխատանքը բաշխել այնպես, որ յուրաքանչյուր աշխատակից հստակ կատարի իր ֆունկցիան. սա շահավետ գործընթաց է ե՛ւ բժշկի, ե՛վ պացիենտի համար:

- Ինչպիսի՞ն է գործիքային հագեցվածությունը:

- «Նաիրի» ԲԿ-ն, իրավամբ, հագեցված է ամենաժամանակակից ախտորոշիչ սարքերով, որոնք «ծածկում են» ուռուցքային հիվանդությունների ախտորոշման գրեթե բոլոր տեսակները: Կլինիկայում շահագործվում են ամենաժամանակակից ու լավագույն սարքերը, որոնք բավարարում են ուռուցքաբաններիս պահանջները եւ համապատասխանում են միջազգային չափանիշներին: Դրանք նույն սարքերն են, որոնք կիրառվում են արտասահմանյան լավագույն բժշկական կենտրոններում:

Ինչ վերաբերում է բուժման կամ մասնավորապես քիմիաթերապիայի համար կիրառվող սարքերին, բոլոր ժամանակակից սարքերն առկա են: Հարկ եմ համարում նշել, որ տեխնիկական հագեցվածությունից զատ, լավ արդյունքի հասնելու համար, անհարժեշտ են համապատասխան բարձր մակարդակի մասնագետներ, այս երկու գործոնների ներդաշնակ համակցության շնորհիվ միայն կարելի է բարձր արդյունք ստանալ:

- Ինչպե ՞ս է կազմակերպվում ուռուցքաբանական բազմամասնագիտական թիմի գործունեությունը:
- Աշխատանքի արտասահմանյան մոդելը հիմնված է տարբեր մասնագետների սերտ համագործակցության սկզբունքի վրա, քանի որ քաղցկեղը չի համարվում միայն մեկ օրգանի հիվանդություն: Քաղցկեղ ունեցող հիվանդով չպետք է զբաղվի մեկ մասնագետ, պետք է ներգրավվեն մի քանի ախտորոշիչ եւ մի քանի բուժող մասնագետներ: Երեք հիմնական ուղղվածություն կա՝ վիրաբուժական, դեղորայքային եւ ճառագայթային: Այս երեք բուժական ճյուղերը պետք է միմյանց հետ համագործակցեն` բուժման մեթոդը որոշելիս: Ախտորոշման դեպքում եւս գործում են տարբեր մեթոդներ, որոնք պետք է միմյանց հետ ճիշտ համագործակցեն՝ ռադիոլոգիական և լաբորատոր ծառայությունները: Համագործակցության ամենալավագույն տարբերակը, որ մենք ներդրել ու աստիճանաբար զարգացնում ենք «Նաիրի» ԲԿ-ում՝ մուլտիդիսցիպլինար կոչվածն է: Մենք ունենք ձեւավորված թիմ` կոնկրետ մասնագետներով, որոնք իրենց տեսակետն են հայտնում կոնսիլիումի ժամանակ և կատարվում է բազմակողմանի քննարկում:

Պետք է նշեմ, որ թիմը ներառում է ո՛չ միայն մեր կլինիկայի մասնագետներին, այլ նաեւ, անհրաժեշտության դեպքում, այլ կլինիկաների մասնագետների: Իսկ արտառոց բարդ դեպքերը քննարկվում են նաեւ արտերկրի մեր գործընկերների հետ: Նրանք մեզ արձագանքում են օրերի ընթացքում: Համագործակցում ենք լավագույն մասնագետների հետ` ի շահ հիվանդի: Այս համատեքստում նշեմ, որ մեր մասնագետները, այդ թվում նաեւ ես, անընդհատ վերապատրաստումներ ենք անցնում արտերկրում, քանի որ խիստ անհրաժեշտ է պրակտիկ փորձի ու տեղեկատվության փոխանակումը: Չմոռանանք, որ ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է, բժշկությունն ու հիվանդությունը կարծես մրցակցում են միմյանց հետ եւ բժշկությունը փորձում է հետ չմնալ իր գործառույթում:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն