Գլխավոր / Լուրեր / Վահանաձև գեղձի նորագոյացությունները

Լուրեր

Վահանաձև գեղձի նորագոյացությունները

05 Հոկտեմբեր 2022 | Լուրեր | Արամ Սամվելի Չոմոյան | Նոնա Համլետի Մարտիրոսյան

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ:

Երբ բուժառուն դիմում է ներզատաբանի, առաջին հերթին իրականացվում է անամնեստիկ տվյալների հավաքագրում. ճշգրտվում են վահանագեղձի քաղցկեղի հետ կապված ժառանգական նախատրամադրվածության առկայությունը: Ավելի ուշադրության են արժանանում և բարձր ռիսկային են համարվում այն անձինք, ովքեր պարանոցի շրջանում ենթարկվել են ճառագայթային որևէ ազդեցության:

Հաջորդ փուլը սոնոգրաֆիկ հետազոտությունն է, ինչը վահանաձև գեղձի հետազոտման ոսկե ստանդարտն է, և օգնում է հայտնաբերելու առկա հանգույցները: Կարևորվում են նաև լաբորատոր քննությունները, որոնք կատարվում են վահանաձև գեղձի հորմոնալ գործունեությունը գնահատելու համար:

Տարբերում են գեղձի թերֆունկցիա, գերֆունկցիա կամ հանգուցավոր խպիպ՝ առանց վահանագեղձի ֆունկցիայի փոփոխությունների: Հետազոտություններն իրականացվում են նաև աուտոիմուն գործընթացները ճշտելու համար: Ներկայումս առավել տարածված խնդիր է աուտոիմուն թիրեոդիտը և վերջինիս ֆոնի վրա հանգուցագոյացումը:

Լաբորատոր քննությամբ որոշվում են նաև օնկոմարկերներ, ինչպես հիվանդության ախտորոշման սկզբում, այնպես էլ հետվիրահատական շրջանում, եթե այն իրականացվում է։

Հետագա հետազոտությունը շարունակվում է այն բուժառուների մոտ, որոնց վահանագեղձի հանգույցները ուլտրաձայնային հետազոտությամբ՝ ըստ միջազգային ուղեցույցների, առավել ռիսկային են:

Բուժառուն ուղղորդվում է հանգույցի բարակասեղային պունկցիոն բիոպսիայի: Անհրաժեշտության դեպքում կատարվում է վիրաբույժի խորհրդատվություն: Բիոպսիայի արդյունքից ելնելով, պացիենտին կամ առաջարկվում է վիրահատական բուժում, կամ շարունակում է մնալ ներզատաբանի հսկողության ներքո:

Վիրահատական բուժման ցուցման դեպքում վիրաբույժը` կախված ախտորոշումից, կատարում է տարբեր ծավալների վիրահատություն: Հետվիրահատական շրջանում ըստ ցուցումի իրականացվում է ռադիոյոդթերապիա:

Հարկ է նշել, որ վահանաձև գեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, և 99 տոկոս դեպքերում կարողանում ենք հասնել կայուն ռեմիսիայի, կամ լիիրավ առողջացման:

Կարևոր է հիվանդության վաղաժամ հայտնաբերումը և վաղաժամ միջամտությունը, որից հետո հիվանդները կարող են անցնել իրենց առօրյա կյանքին՝ ուղղակի շարունակելով գտնվել ներզատաբանի մշտական հսկողության տակ:

Մեզ մոտ հազարավոր հիվանդների բուժման փորձը ցույց է տալիս, որ քաղցկեղի ախտորոշման դեպքում հիվանդության ելքը բարվոք է, եթե, իհարկե, փուլ առ փուլ կատարվում են բժշկի ցուցումները. այց էնդոկրինոլոգին, ՈՒՁՀ, բիոպսիա, վիրաբույժի կողմից արդյունավետ վիրահատություն, այնուհետև` հսկողություն ներզատաբանի կողմից: Այս ամենի ճիշտ կազմակերպման արդյունքում հիվանդները շարունակում են իրենց առօրյա, լիարժեք, առողջ կյանքը:

Նրանք կարող են զբաղվել իրենց սիրելի գործով, երեխաներ ունենալ: Եթե բուժառուն ըստ ցուցումի հետվիրահատական շրջանում ստացել է ռադիոյոդթերապիա, ապա այս դեպքում կանայք արդեն մեկ տարի անց կարող են հղիանալ, ունենալ առողջ բալիկներ:

Այսինքն, կյանքը շարունակվում է, և քաղցկեղը դատավճիռ չէ:

Նոնա Համլետի Մարտիրոսյան, 
թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն, դոցենտ, Էնդոկրինոլոգ
Արամ Սամվելի Չոմոյան, 
Էնդոկրին վիրաբույժ


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն