Գլխավոր / Լուրեր / Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ

Լուրեր

Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ

04 Հոկտեմբեր 2019 | Լուրեր | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արման Պարգևի Հակոբյան

Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքների դեպքում հնարավոր է կատարել թե' բաց և թե' էնդոսկոպիկ վիրահատություն: Վիրահատության ընտրության հարցը կախված է ճողվածքի չափից և ձևից: Բաց եղանակով վիրահատությունները կատարվում են առաջնային մուտքից` պարանոցի առաջնային հատվածից:

Վիրահատության ընթացքում վիրաբույժը հեռացնում է ճողվածքը /միջողային աճառը/: Ճողվածքը հեռացնելուց հետո կատարվում է ողնաշարի ֆիքսացիա վերջինս կայունացնելու համար: Ողնաշարի ֆիքսացիան «զոդող» գործընթաց է, որի նպատակն է ամրացնել ողի մարմիններն: Այս նպատակով մենք օգտագործում ենք տարբեր տիպի իմպլանտներ:

Իմպլանտը կարող է պատրաստված լինել մետաղից, կառբոնից կամ պոլիուրեթանից: Ոչ մեծ չափի ճողվածքների դեպքում մենք առաջարկում ենք էնդոսկոպիկ վիրահատություններ, որոնք լինում են երկու տեսակի: Առաջնային մուտքով մաշկանց պերկուտանտ դիսկէկտոմիա, որի ժամանակ գրիչի տրամագիծ ունեցող խողովակի միջով կատարվում է միջողային աճառի (ոչ ճողվածքի) մասնակի հեռացում, ինչը հանգեցնում է ներդիսկային ճնշման իջեցմանը, որը հետագայում նպաստում է ճողվածքի ետ քաշմանը: Հետին մուտքով մաշկանց էնդոսկոպիկ ճողվածքահեռացում Սա համարվում է մինիմալ ինվազիվ՝ էնդոսկոպիկ վիրահատություն և կատարվում է հետին մուտքից: 

Վիրահատության ընթացքում բարձր արագության շաղափների օգնությամբ հեռացվում է ողի աղեղի մի մասը և հեռացվում է ճողվածքը: Այս վիրահատությունը հիմնականում ցուցված է կողմնային դասավորվածություն ունեցող ճողվածքների դեպքում: Նկարագրված բոլոր վիրահատությունները մեր բաժանմունքում կատարվում են և մեթոդի ընտրությունը պայմանավորված է կոնկրետ դեպքից և հիվանդի առանձնահատկությունից:




Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն