Լուրեր
Հայաստանում կատարվեց լեզվի ամբողջական վերականգնում` ուռուցքի հեռացումից հետո
11 Մայիս 2020 | Լուրեր | Գլխի և պարանոցի վիրաբուժություն | Արամ Գրիգորի Բադալյան
«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը:
Պացիենտը 50 տարեկան տղամարդ էր, որի մոտ հայտնաբերվել էր լեզվի տարածված քաղցկեղ: Հիվանդության կապակցությամբ կատարվել է լեզվի ամբողջական հեռացում` ուռուցքի հետ միասին, որից հետո լեզուն ամբողջությամբ վերականգնվել է կրծքավանդակի կողմնային մակերեսից ձևավորված հատուկ մաշկամկանային անոթավորված և նյարդավորված լաթով:
Առաջին անգամ հայաստանում կատարվող այս վիրահատության բացառիկությունն այն է, որ հնարավոր է եղել վերականգնել ո՛չ միայն լեզվի կառուցվածքը, այլ նաև` շարժունակությունը, ինչն իրականացվել է մաշկամկանային լաթի նյարդերը լեզվի պահպանված նյարդերին միացնելու արդյունքում: Վիրահատությունը տևել է 16 ժամ:
Վիրահատության վիրաբուժական թիմում ընդգրկված էին գլխի և պարանոցի ուռուցքաբան (Արամ Բադալյան), միկրովիրաբույժներ (Իրինա Րեբրիկովա, Ալեքսանդր Մորդովսկի) և դիմածնոտային վիրաբույժներ (Արսեն Շալջյան, Կարեն Վարդանյան): Նրանց առջև դրված էր երկու կարևոր խնդիր. առաջինը` հեռացնել ուռուցքն առավելագույն արմատական եղանակով, որպեսզի կանխվի կրկնությունը, և երկրորդը` վերականգնել լեզվի կառուցվածքը և ֆունկցիաները (կլման ակտը, խոսքը):
Ընդհանրապես, դեմքի շրջանում ուռուցքների վիրահատական հեռացումը հաճախ ուղեկցվում է ծանր էսթետիկ և ֆունկցիոնալ շեղումներով, քանի որ առաջնային խնդիրը, որը լուծում է վիրաբույժը, ուռուցքի ամբողջական և արմատական հեռացումն է: Ուստի, շատ հաճախ, վիրաբույժը ստիպված է լինում խախտել օրգան պահպանելու և չվնասելու սկզբունքը:
Սակայն որոշ ֆունկցիաներ ունեն կենսական կարևոր նշանակություն, և նրանց կորուստը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ պացիենտի համար: Նման օրինակ է լեզվի դեֆեկտների դեպքում կլման և խոսքի ֆունկցիաների կորուստը:
«Նաիրի» բժշկական կենտրոնում նմանատիպ բարդ վերականգնողական վիրահատությունները կատարվում են մեկ փուլով` ուռուցքի հեռացման հետ միաժամանակ:
Այս վիրահատության արդյունքում կարևոր քայլ կատարվեց ուռուցքի դեմ պայքարում` պահպանվեց լեզվի կարևոր կենսական ֆունկցիաները:
Վիրահատությունից անցել է 9 ամիս, հիվանդության կրկնության նշաններ չեն հայտնաբերվել: Հիվանդն անցել է ճառագայթային թերապիայի բուժական կուրս և գտնվում է մշտական հսկողության տակ:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն