Գլխավոր / Պացիենտների պատմություններ / «Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները: Կլինիկայի «կյանքից»` մեկ դեպք (տեսագրություն)

Պացիենտների պատմություններ

«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները: Կլինիկայի «կյանքից»` մեկ դեպք (տեսագրություն)

05 Սեպտեմբեր 2019 | Պացիենտների պատմություններ

«Նաիրի-Կոքսա կլինիկան, որտեղ իրականացվում են հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ, համագործակցում է ֆինլանդական Կոքսա կլինիկայի հետ, որը մասնագիտացած է էնդոպրոթեզավորման բնագավառում:

Կարճ ժամանակում կլինիկան մեծ հաջողություններ է գրանցել, իրականացվել են բավականին մեծաքանակ ծնկան, կոնք-ազդրային և բարդացած դեպքերի ռևիզիաներ` ցավի, տառապանքի և գրեթե անշարժության մատնված մարդկանց վերադարձնելով նորմալ, ինքնուրույն կյանքի:

Կլինիկայի վիրաբույժ Հրաչյա Հարությունյանը հպարտությամբ է ներկայացնում աշխատանքները. «Իհարկե, իրականացնում ենք ծնկան և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման առաջնակի դեպքեր, բայց աշխատում ենք կատարել նաև երկրորդային (ռևիզիոն) դեպքերի հետ կապված վիրահատություններ:

Հայաստանում մենք ներկայացնում ենք բավականին նոր և հետաքրքիր նորամուծություններ: Մեր հիվանդները ոտքի են կանգնում վիրահատությունից 2 ժամ անց, 2 օր անց նրանք արդեն բարձրանում են աստիճաններով, իսկ 3 օր անց դուրս են գրվում` 6 շաբաթից հրաժարվում հենակներից: Նրանք անցնում են ինտենսիվ վերականգնողական բուժում, որովհետև կարևոր է ո՛չ միայն վիրահատությունը, այլ նաև մկանախմբերի զարգացումը:

Ներկայում վիրահատում ենք բոլոր բարդագույն դեպքերը՝ հատկապես ռևիզիացիոն՝ նոր կարգի էնդոպրոթեզավորման կիրառմամբ, փոխելով հիվանդի մոտ առկա էնդոպրոթեզը: Եվ ձգտում ենք պատվով կատարել մեր աշխատանքը:

Հրաչյա Հարությունյանը ներկայացրեց ծնկան հոդի էնդոպրոթեզավորման մեկ բարդ դեպք:

Հիվանդի մոտ կատարվել էր երկկողմանի ծնկան հոդի էնդոպրոթեզավորում. երկու վիրահատություն` 2,5 ամիս տարբերությամբ: Այժմ հիվանդը քայլում է առանց հենակների: «Դա բավականին լուրջ դեպք էր և վիրահատություններից հետո ստացած արդյունքը համարում եմ մեր մեծ հաջողությունը»- ասում է Հրաչյա Հարությունյանը:

«Այս հիվանդությամբ տառապում եմ 60 տարեկանից` մոտավորապես 20 տարի,- պատմում է տիկին Ռաիսան,- տանջալից տարիներ են եղել: Խորհուրդ էին տալիս այս կամ այն բժշկի մոտ գնալ, ծնկիս մեջ սրսկումներ էին կատարում, որոշ ժամանակ ցավն ընդհատվում էր, ապա նորից սկսվում: Ոտքս այնքան էր ցավում, որ չէի կարողանամ քայլել, ավտոբուսից իջնում էի մեջքով շրջված: Տեղեկացա «Նաիրի» բժշկական կենտրոնում գործող Կոքսա կլինիկայի մասին, որտեղ խորհուրդ տվեցին դիմել: Դիմեցի բժիշկ Հրաչյա Հարությունյանին: Նա զարմացավ, որ այդ վիճակով տարիներ եմ դիմացել:

Կատարվեցին հետազոտություններ, որից 2 օր անց իրականացվեց վիրահատությունը: Անչափ, անսահման գոհ եմ. անգամ, բժշկի մասին խոսելիս՝ անվան փոխարեն «փրկիչ» էի ասում: 2,5 ամիս անց մյուս ոտքս վիրահատեցին: Շատ վատ վիճակում էին նաև ոտքիս մատները՝ ցավում էին, կապտած էին ու նաև վերքեր կային: Բժիշկն ասաց, որ դեղերով, քսուկներով չի լավանա: Դարձյալ վիրահատություն իրականացվեց:

Մինչև վիրահատությունը անգամ փայտով մեծ դժվարությամբ էի քայլում, նստած տեղից չէի կարողանում առանց օգնության կանգնել: Հիմա ինքնուրույն, առանց օգնության, քայլում եմ և անչափ գոհ եմ: Շատերին եմ այս ընթացքում խորհուրդ տվել դիմել իմ բժշկին, նրանք էլ են գոհ ու երջանիկ:

Երանի բժիշկների դիմող բոլոր հիվանդներն միշտ այսքան գոհ լինեին»:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն