Գլխավոր / Պացիենտների պատմություններ / Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ

Պացիենտների պատմություններ

Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ

17 Հունիս 2024 | Պացիենտների պատմություններ

ՀՀ–ում 2–րդ անգամ կատարվել է սրտի ախտորոշիչ մինի համակարգի իմպլանտացիա . երիտասարդին այլևս վտանգ չի սպառնում

 

«Նաիրի» բժշկական կենտրոնում երիտասարդ պացիենտի կյանքը փրկելու նպատակով առաջարկել են կատարել սրտի ախտորոշիչ մինի համակարգի (Implantable Loop Recorder (ILR)) իմպլանտացիա։ Բուն իմպլանտացիան իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ընդ որում, երիտասարդ տղան երկրորդ պացիենտն է Հայաստանում, ում տեղադրվել է ILR համակարգ։

Այն կաշխատի մի քանի ամիս, և հնարավորություն կտա բժիշկներին հաստատել տղայի ուշագնացության  սրտային պատճառը։ 

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին «Նաիրի» ԲԿ–ից, 2000թ. ծնված Չ․Գ. –ն դիմել է բուժկենտրոն, գանգատվելով գլխապտույտից և ուշագնացության 3 դեպքից։  Սկզբում  նա հետազոտվել է նյարդաբանի մոտ, բայց նյարդաբանական պաթոլոգիան ժխտվել է։ 

Այնուհետև տղային հետազոտել է բժիշկ– սրտաբան Նոննա Ասատրյանը։ Նա կատարել է սրտաբանական լայնածավալ համալիր հետազոտություններ՝ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, 24-ժամյա հոլթեր մոնիթորինգ, այնուհետև՝ 72-ժամյա հոլթեր մոնիթորինգ։ 

Սրտաբան Նոննա Ասատրյանի և առիթմոլոգ Էթերի Աֆրիկյանի կողմից կատարված կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է սրտի ռիթմի խանգարում, սինուսային հանգույցի թուլություն, սինոաթրիալ պաշարում տիպ 2` սինուսային դադարոներով, որոնցից ամենաերկարը տևել է 3․4 վայրկյան (քնի ժամանակ), որոնք էլ հենց հանդիսացել են տղայի ուշագնացության պատճառ։

Այս տեսակ սրտի ռիթմի խանգարումները շատ վտանգավոր են և բուժման հիմնական մեթոդը սրտի արհեստական ռիթմավար սարքի (pacemaker) իմպլանտացիան է։  Սակայն հաշվի առնելով այս պահին պացիենտի մոտ սրտի արհեստական ռիթմավար սարքի իմպլանտացիայի բացարձակ ցուցումների բացակայությունը, երիտասարդ տարիքը, գրանցված ուշագնացության փաստը և սինուսային դադարները՝ որոշվել է տեղադրել ILR համակարգ, և շարունակել հետևել երիտասարդի սրտի աշխատանքին՝ կյանքին սպառնացող վիճակները կանխելու նպատակով։ ILR–ի գրանցած տվյալների հիման վրա էլ, անհրաժեշտության դեպքում, կտեղադրվի ռիթմավար սարք։ 

Պացիենտը ուղեգրվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ առիթմոլոգիական ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանը տեղադրել է ILR մինի համակարգը։ 

Հավելենք, որ այս պաթոլոգիան երիտասարդների մոտ հազվադեպ է դրսևորվում, և միայն «Նաիրի» ԲԿ բժիշկների հմտության և զգոնության շնորհիվ հաջողվեց ճշգրիտ ախտորոշում կատարել և լուծում գտնել։ Ի դեպ, երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից է։

 

 


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն