Հոդվածներ
Արյան մեջ ցածր խոլեսթերին. արդյո՞ք վտանգավոր է
21 Հուլիս 2021 | Ընդհանուր հոդվածներ | Թերապիա
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ սիրտ-անոթային ախտաբանությունների ամենատարածված պատճառներն են գերճնշումը, ծխելը և բարձր խոլեսթերինը: Այդ պատճառով խոլեսթերինի որոշումը ներկայում իրականացվում է սքրինինգային ռեժիմով՝ ժամանակին հայտնաբերելու բարձր մակարդակը: Իսկ եթե հետազոտության արդյունքում պարզվում է, որ խոլեսթերինի մակարդակը ցածր, ապա ի՞նչ է դա նշանակում և որքանո՞վ է վտանգավոր:
Ինչի՞ համար է անհրաժեշտ խոլեսթերինը
Խոլեսթերինը միանման չէ: Տարբերում են «վատ» խոլեսթերին, որը դժվարացնում է արյան հոսքը և կուտակվում է մեր անոթների պատերին` վահանիկների ձևով, և «լավ» խոլեսթերին, որն օգտակար է և չի վնասում անոթները:
«Լավ»խոլեսթերինի օգտակար հատկությունները
• Ներառված է բջիջների թաղանթի կազմում և ապահովում է վերջինիս ամրությունը,
• վիտամին D-ի սինթեզի գործընթացում գլխավոր մասնակից է,
• մտնում է հորմոնների բաղադրության մեջ, այդ թվում` սերոտոնինի, սեռական և կորտիկոիդ հորմոնների,
• մասնակցում է լեղու արտադրության գործընթացին՝ դրանով իսկ մասնակցելով մարսողությանը,
• կարևոր դեր է խաղում նյարդային իմպուլսների փոխանցման գործընթացում,
• արյան հունով շարժվելիս իր հետ «վերցնում» է «վատ» խոլեսթերինի մոլեկուլները և տեղափոխում լյարդ՝ վերամշակման համար,
• պատասխանատու է աղիների պատի ամբողջականության համար և այլն։
Ինչպես է դրսևորվում արյան մեջ խոլեսթերինի ցածր մակարդակը
Խոլեսթերինի պակասը հղի է օրգանիզմում լուրջ քայքայիչ հետևանքներով։ Եթե այն ժամանակին չհայտնաբերվի և լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն, կարող են առաջանալ հետևյալ ախտանիշները.
• լիբիդոյի իջեցում, վիժումներ, անպտղություն,
• ընկճված հոգեբանական վիճակ, դեպրեսիա, կարող են ագրեսիվ փայլատակումներ լինել կամ ինքնասպանության փորձեր,
• ոսկրերի հաճախակի կոտրվածքներ, օստեոպորոզ,
• ճարպակալում,
• շաքարային դիաբետ,
• վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ,
• հեմոռագիկ կաթվածներ,
• մկանային թուլություն, դյուրհոգնելիություն,
• ավշային հանգույցների մեծացում,
• «յուղոտ» կղանք (ստեատորեա),
• ռեֆլեքսների արգելակում,
• ախորժակի անկում։
Արյան մեջ խոլեսթերինի իջեցման պատճառները
Հիպոխոլեսթերինեմիայի բերող գործոնները դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չեն։
Ստորև գիտականորեն ապացուցված պատճառների ցանկն է.
• երկարատև չվերահսկվող քաղցը և սննդակարգից ճարպերի բացառումը,
• մեծ քանակությամբ ածխաջրերի կիրառումը,
• լյարդի հիվանդությունները, որոնք բերում են խոլեսթերինի առաջացման ընկճման,
• հիպերթիրեոզը,
• երկարատև սթրեսները,
• նյութափոխանակության խանգարումները,
• մարսողական օրգանների հիվանդությունները, որոնք պաշարում են սննդի լիարժեք յուրացումը,
• տուբերկուլոզը, թոքաբորբը և այլ վարակիչ հիվանդությունները, որոնք ուղեկցվում են տենդով,
• սակավարյության որոշ տեսակները,
• ծանր մետաղների աղերով թունավորումները,
• խոլեսթերինի մակարդակն իջեցնող դեղերի գերդոզավորումը։
Ախտորոշումը և բուժումը
Արյան շիճուկում խոլեսթերինի պարունակության նորմաները պայմանավորված են մարդու սեռով և տարիքով։ Վատ արդյունքների մասին պացիենտները, սովորաբար, տեղեկանում են բժշկից, կամ (եթե լաբորատորիա դիմել են ինքնուրույն) հետազոտության արդյունքների թերթիկի վրա կլինեն կարմիր գծով նշումներ որոնք կվկայեն շեղումների մասին։
Եթե հետազոտության ժամանակ հայտնաբերվել է բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼՊ) պակաս, անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի և թերապևտի խորհրդատվության։ Բժիշկները լրացուցիչ հետազոտություններ կնշանակեն՝ հայտնաբերելու հիվանդության առաջացման պատճառները, կնշանակվի սննդակարգ և ախտանշային բուժում։ Կտրվեն առողջ կենսակերպի խորհուրդներ, և պացիենտին հաշվառման կվերցնեն, քանի որ բարձր է կաթվածների առաջացման ռիսկը։
Վտանգավոր է զբաղվել ինքնաբուժմամբ։ Ժողովրդական միջոցներն արդարացված են և արդյունավետ, եթե դրանք խորհուրդ են տրվել բժշկի կողմից։
Կանխարգելումը
Ինչ է պետք անել, որպեսզի խոլեսթերինը նորմայից չիջնի․
• լիարժեք առողջ սնունդ՝ օմեգա-3-ով հարուստ ձկնեղենի, ընկուզեղենի, բուսական յուղերի կիրառմամբ,
• անհրաժեշտության դեպքում` քաշի նվազեցում, սննդակարգի ճիշտ ընտրությամբ (մթերքների համակցումը և դրանց քանակը պետք է հիմնավորված լինի մասնագետների կողմից),
• բավարար քանակությամբ հեղուկներ (օրական առնվազն երկու լիտր հեղուկ),
• պետք է ժամանակին հետազոտվել և դիմել բժշկի, կանոնավոր կանխարգելիչ և բժշկական զննումներ անցնել,
• հրաժարվել վնասակար սովորություններից, հետևել ակտիվ կենսակերպին,
• նվազագույնի հասցնել սթրեսային իրավիճակները, բացասական իրադարձություններից հետո վերականգնողական հմտություններ ձեռք բերել։
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն