Գլխավոր / Ընդհանուր հոդվածներ / Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը

Հոդվածներ

Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը

03 Սեպտեմբեր 2021 | Ընդհանուր հոդվածներ | Գլխի և պարանոցի ուռուցքներ | Գլխի և պարանոցի վիրաբուժություն | Արամ Գրիգորի Բադալյան

Չարորակ գոյացությունները շարունակում են մնալ 21-րդ դարի լրջագույն մարտահրավերը։ Քչերը գիտեն, որ բերանի խոռոչում և մարսողական համակարգում կարևոր գործառույթ կատարող ու մեր կողմից քիչ ուշադրության արժանացող թքագեղձերում չարորակ գոյացությունները հանդիպում են բավականին հաճախ։ «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանի հետ զրուցել ենք թքագեղձերի և դրանց հետ կապված ախտաբանությունների մասին։

Ի՞նչ գործառույթ են կատարում թքագեղձերը և անփոխարինելի՞ են, արդյոք, մեր օրգանիզմի համար։

Այո, թքագեղձերն անփոխարինելի են մարսողական համակարգի համար, և նրանց բացակայությունը կտրուկ կվատացնի մարդու կյանքի որակը, կդժվարանա սննդի ընդունումը:

Գլխի և պարանոցի շրջանում տեղակայված են 6 խոշոր և մի շարք մանր թքագեղձեր։ Թքագեղձերի գործառույթը թքի արտադրությունն է, որը պահպանում է բերանի խոռոչի խոնավությունը և հեշտացնում սննդի ընդունումը։

Ժամանակ առ ժամանակ կարող են մի քանի թքագեղձերի ֆունցկիայի խափանումներ տեղի ունենալ, որը կտրուկ չի ազդում կյանքի որակի վրա, քանի որ մնացած թքագեղձերը սկսում են ավելի ակտիվ աշխատել և փոխարինում են չաշխատող կամ թերֆունցկիա կատարող թքագեղձի գործունեությունը։

Ո՞ր հիվանդությունների արդյունքում է զարգանում թքագեղձերի ֆունկցիայի խանգարում։

Առավել հաճախ հանդիպում են թքագեղձերի բորբոքումներ վիրուսային կամ ինֆեկցիոն բնույթի, որոնք կոչվում են սիալոադենիտներ: Թքագեղձերի բորբոքումը հաճախ հնարավոր է բուժել դեղորայքի (կոնսերվատիվ) կիրառմամբ: Կոնսերվատիվ բուժման անարդյունավետության դեպքում ցուցված է վիրահատություն՝ գեղձի հեռացում: Հարկ է նշել, որ թքագեղձերի բորբոքումը չբուժելու դեպքում կարող են վերափոխվել քրոնիկ բնույթի, որի հետևանքով ժամանակի ընթացքում թքագեղձի ֆունցիան դադարում է։ Իսկ ցանկացած քրոնիկ գործընթաց, անկախ պատճառից, պարունակում է չարորակ ուռուցքների առաջացման ռիսկ:

Հաջորդը դա թքաքարային հիվանդությունն է, երբ տեղի է ունենում թքածորանի խցանում՝ քարի առկայության հետևանքով, ապա գեղձի բորբոքում։ Հաճախ ծորանում առկա քարը հնարավոր է լինում հեռացնել առանց վիրահատության։ ։ Եթե հնարավոր չէ լինում վերացնել բորբոքման պատճառը, դիմում ենք վիրաբուժությանը:

Թքագեղձերի հաջորդ ախտաբանական խումբը բարորակ գոյացություններն են։ Հիմնական հանդիպող բարորակ գոյացությունները դրանք թքագեղձերի ադենոմաներն են, որոնք առաջանում են նյութափոնակության խափանման արդյուքնում:

Եվ իհարկե թքագեղձերի չարորակ գոյացությունները, որոնք լինում են առաջնային և երկրորդային: Առաջնային չարորակ ուռուցքներն ի սկզբանե զարգանում են որպես չարորակ, իսկ երկրորդայինի դեպքում դրանք ձևավորում են բարորակ հանգույցի ֆոնին։ Թքագեղձերի բոլոր տիպի նորագոյացությունները պահանջում են վիրաբուժական մոտեցում:

Կա՞ն, արդյոք, պատճառականություն կամ վիճակագրական տվյալներ, թե ինչի՞ հետևանքով են թքագեղձում առաջանում բարորակ կամ չարորակ գոյացություններ։

Առաջին հերթին հարկ է նշել բերանի խոռոչի հիգիենան, քանի որ բոլոր թքագեղձերի ծորանները բացվում են բերանի խոռոչում։ Վատ խնամքը, ծխելը, սննդակարգում կծու, թթու սննդի չարաշահումը, շաքարային դիաբետի առկայությունը և այլ գործոնները հանգեցնում են թքագեղձերում բորբոքային օջախների առաջացման կամ նպաստում են թքածորաններում քարերի ձևավորմանը։

Բարորակ կամ չարորակ գոյացությունների առաջացմանը նպաստող բոլոր գործոնները դեռևս հայտնի չեն, սակայն, ըստ վիճակագրական տվյալների առավել հաճախ են հանդիպում կանանց շրջանում և ծխող մարդկանց մոտ: Թքագեղձերի չարորակ ուռուցքներ զարգանում են նաև գլխի և պարանոցի շրջանում ճառագայթային բուժում ստացած հիվանդների մոտ:

Ի՞նչ հետազոտություններ են կատարվում՝ ախտորոշելու թքագեղձերում առկա հիվանդությունները։

Թքագեղձերի գոյացությունների կամ հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է (ՈՒՁՀ), որի օգնությամբ հեշտությամբ հայտնաբերվում են թքագեղձերում տեղի ունեցող ախտաբանական երևույթները, նրանց տեղակայումը, թքածորանների վիճակը և նրանցում քարերի առկայությունը։ Երբեմն կարիք է լինում կատարել հավելյալ հետազոտություն՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)։ Գոյացության դեպքում ՈՒՁՀ-ից կամ ՄՌՏ-ից հետո կատարվում է նաև գոյացությունների բջջաբանական հետազոտություն՝ բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա, պարզելու չարորա՞կ, թե՞ բարորակ է գոյացությունը։

Թքագեղձերում հայտնաբերված նորագոյացությունների բուժման միակ մեթոդը դա վիրահատությունն է, որի ծավալը կախված է գոյացության բնույթից և տարածվածությունից:

Մենք չխոսեցինք մանր թքագեղձերում հանդիպող ախտաբանությունների մասին։

Մանր թքագեղձերի բորբոքում պրակտիկայում գրեթե չի հանդիպում։ Հիմնականում հանդիպում են մանր թքագեղձերի ադենոմաներ, այսինքն բարորակ նորագոյացություններ, որոնք պահանջում են վիրաբուժական մոտեցում: Շատ վտանգավոր են մանր թքագեղձերի չարորակ ուռուցքները, որոնք արագ են զարգանում, և հաճախ հայտաբերվում են տարածված փուլում, որովհետև դրանք դեպի խորքն են աճում։ Այս դեպքում ևս ցուցված է վիրաբուժական մոտեցում:






Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն