Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Էնդոսկոպիա` ողնաշարի ճողվածքի ժամանակ

Հոդվածներ

Էնդոսկոպիա` ողնաշարի ճողվածքի ժամանակ

04 Մայիս 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)

Բուժական մերսումները, ֆիզկուլտուրան և դեղորայքը միշտ չէ, որ կարողանում են վերացնել միջողային ճողվածքը։ Հաճախ կոնսերվատիվ բուժումը քիչ արդյունավետ է, ինչի պատճառով պացիենտը ընդհանուր վիճակի թեթևացում չի զգում և մեջքի շրջանի ցավը շարունակվում է։ 

Այդ պատճառով այս հիվանդության բուժման համար դիմում են նաև վիրաբուժական մեթոդների։ Ժամանակակից բժշկության մեջ «ոսկե չափանիշ» համարվում է էնդոսկոպիան։

Էնդոսկոպիայի ցուցումները

Ճողվածքի արդյունքում առաջացած գոյացությունը (1-1,5 սմ չափերով) տարածված ախտաբանություն է, որն առաջանում է քրոնիկ պրոգրեսիվող օստեոխոնդրոզի ֆոնին։ Այն զարգանում է միջողային սկավառակի շուրջը գտնվող ֆիբրոզ օղի պատռվածքի ժամանակ, որի հետևանքով ողնուղեղային խողովակի մեջ առաջանում է սկավառակի կորիզի արտանկում։ Արդյունքում տեղի է ունենում նյարդային վերջավորությունների գրգռում, իսկ երբ ելուստները դառնում են 5-7 մմ, տեղի է ունենում նյարդարմատների ճնշում, ինչն էլ բերում է ուժեղ ցավային համախտանիշի զարգացման։

Վիրահատական բուժման ցուցումներ են.

  • արտահայտված ցավը, որը շարունակվում է առնվազն 6 ամիս,
  • մկանային ատրոֆիան և պարեզը:
  • 3-4 ամիս տևող կոնսերվատիվ բուժման ցանկալի արդյունքի բացակայությունը (բժշկական ցուցումների ճիշտ և կանոնավոր իրականացման պայմաններում),
  • նյարդարմատային համախտանիշը,
  • փոքր կոնքի օրգանների գործունեության խանգարումը (աղիներ, միզասեռական ուղի),
  • ողնուղեղային ստենոզը,
  • ուղեղի արյան շրջանառության խանգարումը (պարանոցային շրջանում տեղակայման ժամանակ)՝ պարանոցային զարկերակի ճնշման հետևանքով։

Նախապատրաստում

Այս վիրահատական միջամտությունը հնարավորություն է տալիս.

  • վերացնել ողնաշարի հետ կապված ցավը և անհարմարավետությունը,
  • վերականգնել շարժողական ակտիվությունը և ֆիզիկական աշխատանքով զբաղվելու ունակությունը,
  • կանխարգելել տարբեր հիվանդությունների համակցված ի հայտ գալը` արտանկման ավելացման հետևանքով,
  • վերականգնել նորմալ արյունամատակարարումը և ներքին օրգանների աշխատանքը:

Վիրահատությունն իրականացվում է միայն նախնական լաբորատոր հետազոտությունների (արյան և մեզի ընդհանուր քննություն, Վասերմանի փորձ, ՄԻԱՎ, հեպատիտ A և B) իրականացումից, ողնաշարի մագնիսա-ռեզոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում պատկերների ստացումից և էլեկտրասրտագրությունից հետո։ Միջամտությունից 4-8 ժամ առաջ արգելվում է ընդունել ցանկացած սնունդ։ Պահանջվում է նաև անեսթեզիոլոգի խորհրդատվություն, ով, հիմնվելով հիվանդի ներկա վիճակի և անամնեստիկ տվյալների վրա՝ ընտրում է անզգայացման առավել անվտանգ տեսակը, ցավազրկող դեղի համապատասխան խումբը և դեղաչափը։

Էնդոսկոպիայի իրականացման տեխնիկան

Ամբողջ վիրահատության ընթացքում կիրառվող հիմնական սարքը էնդոսկոպն է։ Այն լուսանցող սարք է՝ համալրված մանրաթելային օպտիկայով, որը թույլ է տալիս իրականացնել ցանկացած գործողություն` հստակ տեսանելիության պայմաններում և իրական ժամանակում։ Տեսախցիկը, որով հագեցած է, պատկերը փոխանցում է վիրաբույժի համար տեղադրված մոնիտորին։

Վիրահատական միջամտությունից առաջ հիվանդին ներարկում են տեղային անզգայացնող (որպես կանոն, նովոկային կամ լիդոկային), որից հետո բժիշկն անցնում է հիմնական գործընթացին, որը տեղի է ունենում մի քանի հաջորդական փուլերով.

  1. ճողվածքային արտափքման տեղակայման շրջանում ծակում են փափուկ հյուսվածքները՝ հետին-կողմնային մուտքով (գոտկային տեղակայման դեպքում),
  2. ներմուծում են էնդոսկոպը և անցկացնում սկավառակային ձևախախտման շրջան` փոքր բացվածքի միջոցով (իրականացվում է ռենտգենագրաֆիայի հսկողության տակ),
  3. էնդոսկոպի խողովակի միջոցով միկրովիրաբուժական գործիքն անցկացվում է ախտաբանական օջախի շրջան, որը ոչ մեծ մասերով հեռացնում է պուլպոզ կորիզի գոյացությունը,
  4. հեռացվում է սարքը և տեղադրվում են կարեր, որոնք հեռացման կարիք չունեն (դրանք ինքնուրույն ներծծվում են տեղադրման պահից` 10 օրվա ընթացքում)։
  5. վերքի փակվում է ստերիլ վիրակապով։

Վիրահատության դրական կողմերը

Այս վիրաբուժական եղանակի գլխավոր առավելություններն են.

  • նվազագույն վնասում և ընդհանուր անզգայացման անհրաժեշտության բացակայություն,
  • սպիների ինքնուրույն ներծծում և վերքերի արագ ապաքինում,
  • կարճատև վերականգնողական շրջան,
  • միջողային սկավառակի հիմնական զանգվածի պահպանում,
  • մաշկի վրա ոչ էսթետիկ սպիների բացակայություն։

Չնայած բազմաթիվ դրական կողմերին, կա հետվիրահատական բարդությունների զարգացման ռիսկ (1%-ից պակաս)։ Դրանցից են վարակի ներթափանցումը՝ հետագա թարախակալմամբ, նյարդային վերջույթների վնասումը, բացվածքի տեղում հեմատոմայի առաջացումը, ողնուղեղային խողովակի ստենոզը, ֆիբրոզ հյուսվածքի փոխարինումը` շարակցական հյուսվածքով, հիվանդության կրկնությունը։

Վերականգնում

Վերականգնողական շրջանի տևողությունը 1-3 օր է։ Վերականգնողական միջոցառումներն իրականացվում են ստացիոնար պայմաններում՝ բուժող բժշկի հսկողության տակ (հսկողությունը շարունակվում է մեկ-երկու շաբաթ)։ Առաջին 5-10 օրը պացիենտը պետք է կանոնավոր ընդունի հակաբիոտիկներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր։ Առաջին ամիսը պետք է կրել կոշտ օրթոպեդիկ կորսետ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները հասցնել նվազագույնի։ Եթե վիրահատությունն իրականացվել է գոտկային շրջանում, ապա պետք է կանխել մեջքի ուժեղ ծալումը և տարածումը։ Սպորտով և բուժական ֆիզկուլտուրայով զբաղվել թույլատրվում է 2 ամիս հետո։



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն