Հոդվածներ
Սառը ձեռքեր և ոտքեր. անհատական առանձնահատկությու՞ն, թե՞ վտանգավոր ազդակ
16 Ապրիլ 2020 | Հանրամատչելի հոդվածներ | Թերապիա
Անշուշտ, շրջապատում կան մարդիկ, ում ոտքերն ու ձեռքերը մշտապես սառն են, նույնիսկ տաք շինության ներսում կամ շոգին։ Ի՞նչ է դա. օրգանիզմի առանձնահատկությու՞ն, թե՞ հիվանդության ախտանիշ։
Ձեռքերի և ոտքերի մշտապես սառը լինելու պատճառները շատ են.
- Կանանց մոտ այս խնդիրն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Ակնհայտ է, որ պատճառը թույլ ջերմակարգավորումն է՝ պայմանավորված կանանց ֆիզիոլոգիայով՝ հորմոնային ֆոնի մշտական փոփոխություններով։
- Բարձրահասակ, նիհար, ասթենիկ կառուցվածքով մարդիկ նույնպես կարող են տառապել ջերմակարգավորման անբավարարությամբ։
- Տարեց մարդիկ մշտապես մրսում են, ինչը կապված է օրգանիզմում բոլոր գործընթացների դանդաղեցման հետ, այդ թվում նաև` ջերմափոխանակության։
- Ջերմաստիճանի նկատմամբ զգայուն են նաև երեխաները, հատկապես մինչև մեկ տարեկանը։ Ջերմակարգավորումը նրանց մոտ դեռ կայունացած չէ, այդ պատճառով նրանք հեշտությամբ ցրտահարվում են և գերտաքանում։
- Սառը ոտքերի և ձեռքերի պատճառը կարող է լինել խիստ սննդակարգը։ Օրգանիզմն էներգիան վերցնում է սննդից, և, եթե կալորիաները քիչ են, ապա դրանք բավարար չեն լինում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար։
- Սառը վերջույթների պատճառներից են նաև արյունամատակարարման խանգարումը՝ պայմանավորված սթրեսի, ծխելու, չափազանց սեղմող հագուստի, կապի կրման հետևանքով առաջացած անոթների սպազմով։
- Երկաթդեֆիցիտային սակավարյունության ժամանակ, որը բնորոշվում է հեմոգլոբինի անբավարարությամբ, հյուսվածքներում թթվածնային քաղցի առաջացմամբ, ջերմարտադրությունը նվազում է։ Արդյունքում, ոտքերը մրսում են, ձեռքերը սառն են, հիվանդը գանգատվում է դյուրհոգնելիությունից, ընդհանուր թուլությունից, գլխապտույտից, քնկոտությունից, ականջներում` աղմուկից։
- Շատ հաճախ սառը ձեռքերի և ոտքերի պատճառը վեգետաանոթային դիստոնիան է։ Այն ախտանիշների համալիր է, որն առաջանում է վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների անհամաձայնեցված աշխատանքի հետևանքով։ Վեգետաանոթային դիստոնիան բնութագրվում է նաև այլ տհաճ երևույթներով, մասնավորապես՝ գլխապտույտով, զարկերակային ճնշման կտրուկ տատանումներով, հաճախացած սրտխփոցով, սրտի շրջանում ցավերով (սրտային ախտաբանության բացակայության դեպքում)։
- Վահանաձև գեղձի հորմոնների (թիրոքսին) անբավարարությունը՝ հիպոթիրեոզը, դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր գործընթացները, այդ թվում` ջերմափոխանակային։ Վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակի դեպքում լինում են նաև այլ ախտանիշներ, այդ թվում՝ դյուրհոգնելիություն, հիշողության կորուստ, քաշի ավելացում, մաշկի չորություն, եղունգների փխրունություն, փորկապություն և այլն։
- Սառը ձեռքերը և ոտքերը, ինչպես նաև արտահայտված քրտնարտադրությունը, թուլությունը, մարմնի ցածր ջերմաստիճանը կարող են վկայել ցածր զարկերակային ճնշման՝ զարկերակային հիպոտենզիայի մասին։
- Խցանող էնդարտերիիտը (ծխողների հիվանդություն)՝ ստորին վերջույթների անոթների անցանելիության խանգարումը, սկսվում է սառը ոտքերից, սակայն կարող է ավարտվել փտախտով։ Այլ դրսևորումներից են ոտնաթաթերի թմրածությունը, ոտքերի ցավը և ցնցումները, խոցերը, նեկրոզը։
- Շաքարային դիաբետի դրսևորումներից է արյունամատակարարման խանգարումը, սկզբում` մազանոթներում, իսկ այնուհետև նաև` խոշոր անոթներում։ Զարմանալի չէ, որ այս հիվանդությամբ տառապողների մոտ ձեռքերը և հատկապես ոտքերը սառչում են։ Ոտքերն ավելի հաճախ են ախտահարվում, ընդհուպ մինչև «դիաբետիկ ոտնաթաթի» առաջացում, որը լուրջ բարդություն է և սպառնում է ոտքի փտախտով և անդամահատումով։
- Սառը ձեռքերը քիչ տարածված հիվանդության՝ Ռեյնոյի համախտանիշի ախտանիշ է։ Այն դրսևորվում է ձեռքի մատների թմրածությամբ, սպազմով և զգայնության կորուստով։
- Սրտային անբավարարությունը և վերջինիս հետ կապված անբավարար արյունամատակարարումը նույնպես սառը ձեռքերի և ոտքերի պատճառ են։
- Ողնաշարի օստեոխոնդրոզը՝ ողերի դիստրոֆիկ խանգարումները և ձևախախտումները, կարող են արյունամատակարարման խանգարման և, համապատասխանաբար, սառը ձեռքերի և ոտքերի առաջացման պատճառ լինել։
Սառը ձեռքերը և ոտքերը կարող են թույլ ջերմակարգավորման կամ ֆիզիոլոգիական պատճառների (կանանց մոտ հորմոնային տատանումներ, տարեցների մոտ նյութափոխանակության գործընթացների դանդաղում, կառուցվածքային առանձնահատկություններ) արդյունք լինել, կամ` լուրջ ախտաբանության հետևանք: Եթե մշտապես սառչող վերջույթներից զատ, այլ լուրջ ախտանիշներ չկան, զարկերակային ճնշումը նորմալ է, խիստ սննդակարգի չի պահպանվում, հնարավոր է կարիք լինի ստուգել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և գլյուկոզայի պարունակությունը, ինչպես նաև վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն