Հոդվածներ
Սրտի անևրիզմա
10 Մայիս 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Սրտանոթաբանություն
Սրտի անևրիզման բնորոշվում են սրտամկանի բարակած պատի սահմանափակ փքվածությամբ և սրտամկանի այդ հատվածում կծկման ունակության բացակայությամբ:
Պատճառները
Այս ախտաբանության հիմնական պատճառը միոկարդի տարածված տրանսմուրալ ինֆարկտն է: Շատ հաճախ անևրիզման տեղակայվում է ձախ փորոքի վերևում: Նպաստող գործոն է զարկերակային հիպերտենզիան, ինֆարկտի կրկնությունը, հաճախասրտությունը, սրտային անբավարարությունը:
Որոշ դեպքերում դիտվում են սրտի անևրիզմայի բնածին, ինֆեկցիոն կամ տրավմատիկ ձևերը:
Ախտանշանները
Սրտի անևրիզմայի սուր ձևի ժամանակ հիվանդի մոտ ի հայտ են գալիս արտահայտված հևոց, ընդհանուր թուլություն, տենդ, ուժեղ քրտնարտադրություն, հաճախասրտություն, թոքերի այտուցի զարգացում, սրտի ռիթմի խանգարում:
Քրոնիկ անևրիզման արտահայտվում է սրտային անբավարարության ախտանշաններով՝ հևոց, ստենոկարդիա, սինկոպալ վիճակ, պարանոցի երակների փքվածություն, այտուցներ, ասցիտ, լյարդի չափերի մեծացում:
Ախտորոշումը
Կատարվում է հիվանդի զննում, կյանքի և հիվանդության անամնեզների գնահատում: Գործիքային հետազոտման մեթոդներից կիրառվում են էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), էխոՍԳ, պոզիտրոնո-էմիսիոն տոմոգրաֆիա, սրտի սթրես-էխոՍԳ, կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, ռենտգենոկոնտրաստ վենտրիկուլոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, սրտի մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆիա:
Բուժումը
Բուժման հիմնական մեթոդը վիրահատական է, քանի որ հիվանդությունը հակում ունի սրտային անբավարարության արագ զարգացման: Գործընթացի քրոնիզացիայի դեպքում վիրահատական բուժումն իրականացվում է թրոմբոէմբոլիկ բարդության վտանգի կանխարգելման նպատակով: Վիրահատությանը նախորդող շրջանում հիվանդին նշանակվում են սրտային գլիկոզիդներ, հիպոտենզիվ պատրաստուկներ, հակամարդիչներ (հեպարին), թթվածնային թերապիա: Արմատական մեթոդ է նախասրտի կամ փորոքի անևրիզմայի ռեզեկցիան:
Ախտաբանության ամենավտանգավոր բարդությունը անևրիզմայի պատռումն է, ինչպես նաև թրոմբի միգրացիան: Կարող են առաջանալ նաև այլ բարդություններ, ինչպիսիք են՝ երիկամների ինֆարկտը, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ուղեղի կամ միոկարդի կաթված, վերջույթի գանգրենա:
Կանխարգելումը
Կանխարգելման հիմնական միջոցը սրտի տարբեր ախտաբանությունների ժամանակին հայտնաբերումը, բուժումը և առողջ մարդկանց վիճակի վերահսկումն է: Անհրաժեշտ է կանոնավոր հետազոտվել, իսկ ձգձգված ընտանեկան անամնեզի դեպքում կատարել ամենամյա ԷՍԳ և այլ թեստավորումներ:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն