Գլխավոր / Լուրեր / Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն

Լուրեր

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն

09 Ապրիլ 2019 | Լուրեր | Գաստրոէնտերոլոգ | Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի վիրահատություն՝ տրանսօրալ էզոֆագոդիվերտիկուլոստոմիա. էնդոսկոպիկ մեթոդով դիվերտիկուլի հեռացում՝ առանց կտրվածքի, բերանի խոռոչով: Այս մասին հայտնեց «Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը:

Նրա խոսքով՝ հիվանդի մոտ ախտորոշվել էր Ցենկերի դիվերտիկուլ, եւ վիրաբույժների խումբը՝ պրոֆեսոր Ադամյանի ղեկավարությամբ 2018 թվականի հունիսի 19-ին վիրահատությունը կատարել է բերանի խոռոչով՝ դիվերտիկուլոսկոպի օգտագործմամբ, որի միջով կարող սարքերով կատարվել է էզոֆագոդիվերտիկուլոստոմիա:Բժշկի խոսքով՝ այսպիսի վիրահատության տեւողությունը եւ վնասվածքայնությունը նվազագույն են՝ նախկինում կիրառվող մեթոդների համեմատությամբ, ինչը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ բարդություններից եւ հիվանդին ստացիոնարից դուրս գրել 2-3 օր հետո:

Ինչպես պարզաբանեց Անդրանիկ Ադամյանը, Ցենկերի դիվերտիկուլը կամ Ցենկերի ըմպանակերակրափողային դիվերտիկուլը առավել հաճախ հանդիպող կերակրափողի դիվերտիկուլն է: Այն տղամարդկանց շրջանում 3,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ: Հիմնական գանգատներն են՝ կոկորդում քորը, չոր հազը, առատ թքարտադրությունը, օտար մարմնի առկայության զգացողությունը, կլլման դրվագային խանգարումները, խցանված կերակուրի փսխումը, բերանից նեխահոտը:

Նման հիվանդների մոտ հաճախ կուլ տալու դժվարության, սնունդ ընդունելու հիվանդության հետեւանքով հյուծում է զարգանում, ինչն իր հերթին բերում է հիպովիտամինոզի, բրոնխիտի եւ թոքաբորբի: Ցենկերի դիվերտիկուլի սարսափելի բարդություն է բորբոքումը եւ թափածակումը՝ պարանոցի ֆլեգմոնայի (թարախապալար), մեդիաստինիտի (կրծքավանդակի օրգանների միջեւ թարախային պրոցես) առաջացմամբ: Թափածակումը կարող է զարգանալ նաեւ բժշկական միջամտությունների ժամանակ, ինչպիսին են՝ զոնդավորումը եւ գաստրոսկոպիան, քանի որ Ցենկերի դիվերտիկուլը այնպիսի տեղում է տեղադրված, որ սնունդը, զոնդը եւ գաստրոսկոպն ավելի շուտ հայտնվում են դրա լուսանցքի մեջ, քան կերակրափողի շարունակության:

Մինչեւ վերջին ժամանակներն այս հիվանդությունը բուժվում էր բավականին բարդ եւ 

վնասվածքային վիրահատության ճանապարհով: Սա շատ հաճախ բերում էր այնպիսի բարդությունների, ինչպիսին է կարերի անկայունությունը, որն իր հերթին բերում է պարանոցի ֆլեգմոնայի, մեդիաստինիտի կամ վիրախորշի զարգացման:

Ինչպես հայտնեց Անդրանիկ Ադամյանը, «Նաիրի» ԲԿ բժիշկները Հայաստանում առաջինն են յուրացրել ինովացիոն տեխնիկան, եւ սա հնարավոր է դարձել բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի ու բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ:

Սա միակ ինովացիոն մեթոդը չէ, որ Հայաստանում ներդրել է պրոֆեսոր Ադամյանը. նրան են պատկանում վիրահատության բազմաթիվ այլ մեթոդներ որովայնային խոռոչի եւ կրծքավանդակի օրգանների տարբեր պաթոլոգիաների դեպքում, այդ թվում օնկոլոգիական:

Սկզբնաղբյուր` news.am


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն