Գլխավոր / Լուրեր / Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից

Լուրեր

Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից

13 Մայիս 2020 | Լուրեր | Թերապիա | Սրտանոթաբանություն

Ի՞նչ է նշանակում սրտային հազ։ Մենք գիտենք, որ հազը բրոնխաթոքային համակարգի խանգարման նշան է։ Եթե մարդուն տանջում է հազը, ապա պատճառը կարող է լինել բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի տուբերկուլոզը։ Բժիշկներից քչերն են նման իրավիճակում կասկածում, որ հիվանդի մոտ հնարավոր է սրտային խնդիր լինի։ Իրականում հազը կարող է վկայել սրտային անբավարարության մասին։ Այդ դեպքում այն կոչվում է սրտային հազ։

Ինչու՞ է առաջանում սրտային հազը

Հայտնի է, որ հազի օգնությամբ օրգանիզմը փորձում է պաշտպանվել, և այն առաջանում է բրոնխներում տեղակայված հազային ռեցեպտորների գրգռման հետևանքով։ Սրտային հազի ժամանակ նման գրգռում առաջացնում է թոքի այտուցը։

Այտուցը զարգանում է սրտի աշխատանքի խանգարման պատճառով` թոքերում առաջացած արյան կանգի հետևանքով։ Չէ՞ որ հենց սիրտն է ապահովում արյունամատակարարումը արյան փոքր շրջանառությունում, որոնք մատակարարում են բրոնխաթոքային համակարգը։

Ո՞ր սրտային հիվանդություններն են սրտային հազ առաջացնում։

Այս հազի պատճառը սրտային անբավարարությունն է, որը բնորոշ է սիրտ-անոթային համակարգի շատ հիվանդություններին և ախտաբանական վիճակներին.

  • ինֆարկտ,
  • ստենոկարդիա, սրտի իշեմիկ հիվանդություն,
  • հիպերտոնիկ հիվանդությունը,
  • տարբեր առիթմիաներ,
  • միոկարդիտ,
  • սրտի արատներ,
  • միտրալ փականի ախտահարում։

Սրտային անբավարարության հետևանքով առաջացած հազը կարող է լինել նաև սպիրտային խմիչքների չարաշահման, ծխելու հետևանքով, մշտական սթրեսային իրավիճակներում։

Հազի առաջացմանը կարող են նպաստել ծանր աստիճանի սակավարյունությունը, էնդոկրին համակարգի ախտաբանությունները, որոշ դեղեր։

Ինչպե՞ս տարբերել սրտային հազը` մրսածության, բրոնխաթոքային հիվանդությունների ժամանակ առաջացած հազից

Կան նշաններ, որոնք բնորոշ են սրտային հազին:

  1. Սրտային խնդիրների ժամանակ առաջացած հազը միշտ առանց խորխի է (կամ` չոր)։ Երբեմն արյան բծեր են առաջանում։
  2. Հազի ժամանակ հաճախանում է շնչառությունը, հնարավոր է հևոց (այսպես կոչված` սրտային հևոց)։
  3. Բացի հազից, հիվանդի մոտ կապտում են շուրթերը, շուրթերի շուրջը, մատները (ցիանոզ)։
  4. Սկզբնական շրջանում հազն առաջանում է զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հետագայում՝ հիվանդի վիճակի վատացման դեպքում, հազ
  5. առաջանում է բավականին քիչ լարվածության ժամանակ, նաև` ընդհատվող շնչառություն և հևոց։
  6. Հիվանդի պառկած դիրքում սրտային հազն ուժեղանում է։
  7. Սրտի շրջանում ցավեր են առաջանում։
  8. Պարանոցային երակներն ուռչում են։
  9. Առաջանում է ընդհանուր թուլություն, հնարավոր են` ուշագնացություններ։
  10. Զարգանում է ոտքերի այտուց։

Հիվանդների որոշ մասի մոտ ախտանիշներն առավել արտահայտված են, մյուսների մոտ` ավելի մեղմ են, որոշ ախտանիշներ կարող են բացակայել: Ամեն ինչ պայմանավորված է հազի առաջնային պատճառով, հիվանդի վիճակի ծանրության աստիճանով։

Ինչպե՞ս են ախտորոշում սրտային հազը

Հազը կարող է առաջանալ սրտի և անոթների տարբեր ախտաբանությունների և հիվանդությունների ժամանակ, այդ պատճառով ճիշտ ախտորոշման նպատակով բժիշկը տարբեր հետազոտություններ է նշանակում։

  1. Էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) ցույց է տալիս իշեմիկ փոփոխությունները, սրտի չափերի ախտաբանական մեծացումը։
  2. Էխոսրտագրությունը հնարավորություն է տալիս գնահատել սրտամկանի փոփոխությունները, զարգացման արատները։
  3. Կրծքավանդակի օրգանների ռենտգենը ցույց է տալիս թոքանկարը, կանգին բնորոշ փոփոխությունները։
  4. Սրտի ՄՌՇ-ն ցույց է տալիս սրտի կառուցվածքը, անոթների վիճակը, արյան հոսքը։

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն