Գլխավոր / Լուրեր / Բժիշկ Գնել Անանյանի անդրադարձը խռմփոց երևույթին

Լուրեր

Բժիշկ Գնել Անանյանի անդրադարձը խռմփոց երևույթին

10 Հուլիս 2021 | Լուրեր | Քիթ-կոկորդ-ականջաբանություն | Գնել Գեորգիի Անանյան

Խռմփոցը քնի լայն տարածված խանգարում է, որից իրականում ոչ-ոք ապահովագրված չէ։ «Նաիրի» ԲԿ քիթ-կոկորդ ականջաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գնել Անանյանի հետ զրուցեցինք խռմփոցի, ապնոէի` քնի մեջ շնչարգելության համախտանիշի, դրանց առաջացման պատճառների, բուժման ու կանխարգելման մասին։

- Ի՞նչ է խռմփոցը և, ընդհանրապես, ինչո՞ւ են մարդիկ խռմփացնում։

- Խռմփոցը ձայնային շնչառությունն է, որը դրսևորվում է, երբ օդի հոսքի ժամանակ տատանվում է մարդու փափուկ քիմքը։ Անկախ այն հանգամանքից քնած ժամանակ մարդիկ քթով են շնչում, թե` բերանով, մեկ է՝ շնչառության ժամանակ հիմնականում տատանվում է փափուկ քիմքը, որի արդյունքում էլ առաջանում է խռմփոցը։ Սա շատ տարածված երևույթ է ու բոլորս էլ երբևէ մեր հարազատների կամ բարեկամների մոտ նկատել ենք այն։ Եթե հետազոտության արդյունքում այլ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվում, խռմփոցը համարում ենք ֆիզոլոգիական, ինչը հիմնականում դիտարկվում է մանուկների՝ քիմքի մկանների ոչ լիարժեք ձևավորման, կամ տարեցների մոտ՝ քիմքի մկանների թուլացման պատճառներով ։

- Այսինքն, մարդու տարիքն ունի՞ նշանակություն։

- Այո, այս երևույթը, ինչպես նշեցինք, կարող, է դրսևորվել անգամ երեխաների մոտ։ Եթե երկու տարեկանից հետո երեխան խռմփացնում է, դա նշանակում է, որ երեխայի մոտ կա դժվարաշնչություն։ Ավելի փոքրերի մոտ խնդիրը նկատվում է այն պարզ պատճառով, որ փափուկ քիմքի մկանները դեռևս ձևավորված չեն, իսկ հասուն հասակում դա մեծավ մասամբ դրսևորվում է 35-40 տարեկանից հետո։

- Եթե խռմփոցն առաջանում է` պայմանավորված փափուկ քիմքի տատանումով, ապա ինչո՞ւ է խնդիրը միայն քնած ժամանակ արտահայտվում։

- Կան մարդիկ, որոնք արթուն վիճակում էլ են խռմփացնում։ Խռմփոցն առավել արտահայտված է քնած ժամանակ, քանի որ այդ ընթացքում մարդու մկանները, ի քիվս փափուկ քիմքի, թուլացած են լինում։

- Ի՞նչ է քնի ապնոէն, ինչո՞ւ է առաջանում և ի՞նչ է տեղի ունենում նոպայի ժամանակ։

- Ապնոէ համախտանիշը թարգմանաբար նշանակում է «շնչարգելություն քնի մեջ», որն արտահայտվում է քնի ընթացքում շնչառության կանգով։ Այս համախտանիշը դրսևորվում են նախ` քթով շնչառական խնդիրների, ապա` գերքաշի պատճառով։ Ըստ քաշի ցուցանիշի մարդկանց բաժանում են՝ ասթենիկների (թերսնուցված), նորմոսթենիկների (նորմալ սնուցված) և հիպերսթենիկների (գերսնուցված)։
Գերսնուցված մարդու մոտ, համապատասխանաբար ներքին օրգանների, ի թիվս լեզվի, քաշն ու ծավալը մեծ են։ Քնած ժամանակ, երբ մկանները թուլանում են, լեզուն տեղաշարժվում է դեպի ըմպանի հետին պատը՝ ավելորդ խոչընդոտ առաջացնելով շնչառության համար։ Այսինքն, շնչառական մկաններն աշխատում են մեծ ծանրաբեռնությամբ, որպեսզի ներշնչման ժամանակ կարողանան առաջ բերել փափուկ քիմքը, լեզուն, որպեսզի օդը ներթափանցի դեպի ստորին շնչուղիներ։ Ժամանակի ընթացքում շնչառական մկանները հոգնում են ու տեղի է ունենում շնչառության կանգ։ Շնչառությունը վերականգնվում է կամ մարդկանց քնից վեր թռնելով, կամ հենց քնի մեջ՝ գանգուղեղի շնչառական կենտրոնի ազդակի շնորհիվ։

- Որքանո՞վ են վտանգավոր ապնոէի հետևանքները։

- Ռիսկերը մեծ են, քանի որ այս մարդիկ կյանքն ապրում են քրոնիկ թթվածնային քաղցի պայմաններում։ Գանգուղեղի թերսնուցման արդյունքում գլխուղեղային շնչառական կենտրոնը կամ առհասարակ չի կարողանում իմպուլս ուղարկել, կամ ուշ է ուղարկում։ Այսինքն, այնպիսի շղթա է ստեղծվում, որը մինջև անգամ կարող է հանգեցնել մահվան։

- Ի՞նչ է սոմնոգրաֆիան, ի՞նչ անել, որ շնչարգելությունը չհանգեցնի ապնոէի։

- Քնի հետազոտման կենտրոններում կատարվում է քնի մոնիթորինգ, որի ընթացքում հսկվում է հետազոտվողի ճնշումը, արյան թթվածնով հագեցվածությունը, սրտի և շնչառության ռիթմը։ Այդ բոլոր ցուցանիշներից ելնելով, արձանագրվում է, թե ի՞նչ աստիճանի է շնչարգելությունը, ի՞նչ դրդապատճառներ կան։ Քնի կենտրոնները հագեցած են նաև հատուկ ՍԻՊԱՊ (CPAP - Constant Positive Airway Pressure` թոքերի արհեստական օդափոխման ռեժիմ` մշտական դրական ճնշմամբ) սարքերով, որոնք օգնում են քնի մեջ կարգավորել շնչառությունը։

Այս ամենը կատարվում է թե՛ հիվանդանոցային և թե՛ ամբուլատոր պայմաններում։ Ամբուլատոր հետազոտման ժամանակ սարքն ամրացվում է պացիենտի վրա և արձանագրում անհրաժեշտ տվյալները, որոնց վերծանումից հետո դրվում է վերջնական ախտորոշումը։

- Դուք խոսեցիք CPAPթերապիայի մասին. ինչպե՞ս է այն կարգավորում շնչառությունը:

- CPAP սարքերը, ինչպես արդեն նշեցի, օգնում են կանոնավորել շնչառությունը քնի ժամանակ. շնչառության կանգի դեպքում սարքը ներ է մղում օդի հոսքը քթի ու բերանի միջոցով։ Այդ կերպ բացվում են շնչուղիները և օդը կարողանում է ներթափանցել ստորին շնչուղիներ և թոքեր։

Գոյություն ունեն տարբեր կառուցվածքի ՍԻՊԱՊ սարքեր: Յուրաքանչյուր դեպքի համար անհատական որոշվում է կոնկրետ սարքի տեսակը և տրվում ճշգրիտ կարգավորումներ։

Սարքերն ունեն լրացուցիչ մարտկոց, որը հոսանքազրկման ժամանակ ապահովում է կանոնավոր և անխափան աշխատանքը։

Ցանկության դեպքում հնարավոր է սարքը գնել ինքնուրույն` անձնական օգտագործման համար, և կարգավորել բժշկի խորհրդատվությամբ:

Խռմփոցից կարելի է ազատվել կամ մեղմել վիրահատական միջամտության շնորհիվ։ Վիրահատական միջամտությունը հակացուցված է ուռուցքային հիվանդությունների, ծանր սիրտ-թոքային ամբավարարվածության, ծանր շաքարային դիաբետի ժամանակ։

- Ինչպիսի՞ լուծում կարող է առաջարկվել սովորական խռմփոցի ժամանակ։

- Լուծումը, միանշանակ, վիրահատական է, եթե հիոանդը ունի վերին շնչուղիների և փափուկ քիմքի հետ կապված խնդիրներ (միջնապատի ծռվածություն, խեցիների մեծացում, գերաճած հյուսվածքներ և այլն)։

Ներքթային համակարգի անցանելիությունը և օդափոխությունը վերականգնելով՝ միջնապատի շտկում, խեցիների մշակում և այլն, զուգահեռաբար, կարելի է իրականացնել նաև ուվուլոպալատոպլաստիկա։ Այսինքն, ձևավորվում է փափուկ քիմքը՝ հատելով կախված հատվածները և ձգելով մկանային շերտը, որը մեր կլինիկայում իրականացվում է վիրաբուժական լազերի միջոցով։ Սա նույնպես բավականին արդյունավետ տարբերակ է։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն