Լուրեր
Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ
29 Հոկտեմբեր 2019 | Լուրեր | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա | Գալուստ Հարությունի Գալուստյան
Ի՞նչ է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան
2017 թվականից սկսած ո՛չ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրներում, ծնկահոդի արթրոզների բուժման նպատակով կիրառվում է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան: Այդ վիրահատության միջոցով, ի տարբերություն նախկինում իրականացվող ստանդարտ մեթոդների, հնարավոր է նվազագույն ինվազիվ ճանապարհով և կարճատև միջամտության շնորհիվ հասնել բավականին արդյունավետ կլինիկական արդյունքի:
Ընդհանրապես, ծնկահոդի արթրոզով տառապող հիվանդների մոտ հոդային աճառների քայքայման գործընթացը զարգանում է անհամաչափ՝ առավելավես ախտահարելով հոդի հատկապես ներսային հատվածը: Պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիայի ժամանակ հոդի մեջ որևէ իմպլանտ չի տեղադրվում, հատուկ սանդղակի օգնությամբ հաշվարկված մակարդակի վրա կատարվում է նրբոլոքի ոսկրահատում, ինչը թույլ է տալիս վերաբաշխել ծանրաբեռնվածությունը հոդի ախտահարված հատվածից դեպի առողջ հատված:Վիրահատության ժամանակ հնարավոր է ծանրաբեռնվածությունը վերաբաշխել և ուղղորդել հոդի պահպանված հատված, ինչը երկարացնում է սեփական հոդի ծառայության ժամկետը:
Հաշվի առնելով ծնկահոդի արթրոզների խնդրի լայն տարածվածությունը, այս վիրահատության ներդրումը մեծ կարևորություն ունի:
Առայսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունում վիրահատվել են երկու տասնյակից ավելի հիվանդներ. ֆունկցիոնալ տեսանկյունից արդյունքները գրեթե 95% դեպքերում գերազանց են:
Որո՞նք են այս վիրահատության առավելությունները նույն խնդրի դեպքում այլ տեսակի վիրահատությունների համեմատությամբ
Ի տարբերություն այլ վիրահատությունների, պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան ունի մի շարք առավելություններ.
- նվազ ինվազիվ է,
- չի ուղեկցվում մեծ քանակի փափուկ հյուսվածքների վնասումով,
- չի տեղադրվում մետաղական իմպլանտ, ինչը շահեկան է հետվիրահատական բարդություններից խուսափելու առումով,
- վիրահատությունը տևում է մոտավորապես կես ժամ, հիվանդները դուրս են գրվում վիրահատության հաջորդ օրը:
Ինչպե՞ս է կազմակերպվում վիրահատությունը
Վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացմամբ, վիրահատությունից անմիջապես հետո հիվանդներն ի վիճակի են քայլել, և դեպքերի գրեթե 95% դեպքերում նկատվում է ցավերի ամբողջական վերացում, կամ` զգալի նվազում:
Քանի՞ օր հետո պացիենտը կարող է անցնել բնականոն կյանքի
Սովորաբար, այս հիվանդությամբ տառապող հիվանդները չեն աշխատում, որովհետև այն կրում է հաշմող բնույթ: Այս պարագայում, վիրահատությունից հետո նրանք հնարավորություն ունեն շատ ավելի ակտիվ կենսակերպ վարելու:
Որքա՞ն ժամանակ է ծառայում վիրահատված հոդը
Այս վիրահատության շնորհիվ հնարավոր է անժամկետ հետաձգել առաջնային էնդոպրոթեզավորումը, ինչը հատկապես կարևորվում է երիտասարդ պացիենտների դեպքում, քանի որ էնդոպրոթեզների ծառայության ժամկետները սահմանափակ են, և ցանկալի է, որքան հնարավոր է, երկար օգտագործել սեփական հոդի պաշարները և էնդոպրոթեզավորման դիմել հնարավորին ուշ:
Հարցազրույց Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար,
բ.գ.թ. Գալուստ Հարությունի Գալուստյանի հետ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն